Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Բարեփոխումներ տեղեկատվության ազատության ոլորտում

15.10.2015

Այսօր` 2015թ.-ի հոկտեմբերի 15-ին, ՀՀ  կառավարության նիստով ընդունվեց Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը: Ըստ այդմ, կսահմանվի նաև տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու ստորաբաժանումը, ինչպես նաև կապահովվի յուրաքանչյուր անձի` իր փնտրած տեղեկատվությանը ծանոթանալու և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ տեղեկատվության տնօրինողին դիմելու և այդ տեղեկատվության ստանալու իրավունքների առավել արդյունավետ իրականացումը:

Հիշեցնենք, որ այս կարգի ընդունումը սահմանված է "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքով, եւ դրա ընդունմանը սպասում էինք 2003թ.-ից` ՏԱ մասին օրենքի ընդունումից ի վեր:

Վերջապես, 2014թ.ին ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ենթաօրենսդրական ակտի մշակման գործընթացը։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ գործընկեր մյուս հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ մշակվեց եւ հանրային քննարկման դրվեց "Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման եu պահպանման, ինչպես նաև պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին" ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Անցնելով հանրային քննարկումների փորձաշրջանը, լրամշակվելով եւ կատարելագործվելով՝ 2015թ.-ի հոկտեմբերի 15-ին կարգը վերջապես ընդունվեց:

Ի՞նչ դրական փոփոխության կհանգեցնի այս կարգի ընդունումը լրագրողների եւ քաղաքացիների համար տեղեկատվություն փնտրելու գործում։

  1. Առաջին բարեփոխումը էլեկտրոնային տարբերակով հարցում ներկայացնելու եւ պատասխան ստանալու գործընթացի կարգավորումն է։ Կարգը որպես հարցում ուղարկելու եղանակ է դիտում նաեւ էլեկտրոնային փոստը կամ պաշտոնական կայքերի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից հարցման ուղարկումը։ Կարգը, սահմանելով հարցումների գրանցման կարգը` նշել է ոչ միայն թղթային տարբերակով, այլ նաեւ էլեկտրոնային փոստային հասցեից, նյութական կրիչին գրանցված վիճակում կամ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքի «Ուղարկել հարցում/դիմում» կամ այլ համապատասխան բաժնից առցանց տվյալ մարմին ուղարկված հարցումները: Սա դրական մեծ առաջընթաց կարձանագրի տեղեկատվության ազատության ոլորտում՝ խնայելով ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիների ժամանակն ու միջոցները, տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ փոխհարաբերությունները կդարձնի առավել արդյունավետ եւ պարզ (Որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետ)։
  2. Համակարգվում եւ կարգավորվում է ՏԱ պատասխանատուների աշխատանքը։ Կարգը սահմանում է, թե տեղեկատվություն տնօրինող յուրաքանչյուր մարմնում ով է ՏԱ պատասխանատու անձը. ըստ կարգի` տեղեկատվություն տնօրինողի կողմից տեղեկության ազատության ապահովման համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը կամ տեղեկատվություն տնօրինողի նշանական պաշտոնատար անձը: Այս դրույթով կարծում ենք կհեշտանա քաղաքացիների եւ հատկապես լրագրողների կապը տեղեկություն տնօրինող պետական մարմինների հետ, որովհետեւ այսուհետ պարզ է, թե ով է ի պաշտոնե պատասխանատու լինելու տեղեկատվության ազատության համար, այլեւս տեղեկություն տնօրինողները չեն կարողանա անհարկի դռնից-դուռ ուղարկել քաղաքացիներին` այս կամ այն տեղեկությունն ստանալու համար: Նաեւ` կարգը սահմանում է, որ Տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները (էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոս) պետք է տեղադրվեն տվյալ տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում` գլխավոր էջի ակնհայտ տեսանելի մասում: Այսինքն, ՏԱ պատասխանատուն այլեւս անհայտ կամ անհասանելի մնալու շատ քիչ հնարավորություններ կունենա (Որոշման 1-ին հավելվածի 2-5-րդ կետեր):
  3. Վերջապես լուծում է տրվում տեղեկատվություն ստանալու հարցումների վիճակագրության հարցին։ Կարգը ապահովում է տեղեկատվության ազատության կիրառման պրակտիկայի ամբողջական պատկերի առկայույթունը։ Կարեւոր է, որ վիճակագրությունը վարվելու է ըստ հարցումների բովանդակության։ Որոշման 1-ին հավելվածի 8-րդ կետ - Վիճակագրությունն իրականացվում է ըստ բանավոր, գրավոր, վերահասցեագրված, մերժված և բավարարված հարցումների: Վիճակագրական տվյալները առնվազն պարունակում են ստացված հարցումների ընդհանուր թիվը և տեսակը: Ամենամյա վիճակագրական տվյալները հրապարակվում են տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքում:
  4. Կարգը խրախուսում է պրոակտիվ տեղեկատվության ազատությունը՝ լրացնելով եւ հարստացնելով ՏԱ օրենքով սահմանվող կարգավորումները։ Կարգը նախատեսում է, որ եթե տեղեկատվություն տնօրինողը որեւէ հարցի վերաբերյալ հաճախ է ստանում հարցումներ, ապա պետք է դրանք ամփոփի ու տեղադրի իր պաշտոնական կայքում։ «Տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքը պետք է ունենա «հաճախակի տրվող հարցեր» կամ այլ համապատասխան բաժին, որտեղ հրապարակվում են պարբերաբար (հինգ և ավելի անգամ) տրված միևնույն հարցերը և դրանց պատասխանները» (Որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետ):
  5. Կարգավորում է մասնակի մատչելիության հարցը։ Կարգը եւս մեկ անգամ վերահսատատել է “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի դրույթը, որ եթե պահանջված տեղեկությունների մի մասի տրամադրումը ենթակա է մերժման, ապա մնացած մասը պետք է ամեն դեպքում տրամադրվի` միաժամանակ սահմանելով, որ նման դեպքերում տրամադրման ենթակա տեղեկությունները չպետք է խմբագրվեն, օրինակ, եթե փաստաթղթի մի հատվածը կամ տողը գաղտնիք է պարունակում, մյուս հատվածը՝ ոչ, ապա փաստաթուղթը “...պետք է տրամադրվի մերժման ենթակա տեղեկությունները անընթեռնելի դարձնելու (ծածկելու, սևացնելու կամ ջնջելու) միջոցով` չխմբագրելով տեղեկության (փաստաթղթի) մնացած մասը” (Որոշման 2-րդ հավելվածի 6-րդ եւ 7-րդ կետեր):
  6. Սահմանում է հստակ պահանջ տեղեկատվություն ստանալու հարցմանը տրվող պատասխանի բովանդակության ամբողջականության վերաբերյալ։ Որոշման 2-րդ հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ հարցման պատասխանը պետք է լինի սպառիչ և որոշակի` պարունակելով բոլոր առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Դիմողի կողմից մեկից ավելի հարցերի առաջադրման դեպքում տեղեկատվություն տնօրինողը հերթական համարակալման միջոցով տրամադրում է բոլոր հարցերի հավաստի և լիարժեք պատասխանները:
  7. Կարգով սահմանվել են հնարավորություններ հարցմամբ դիմողի համար պատասխանը ստանալուց հետո հետադարձ կապ պահպանել պետական մարմնի հետ, եթե որեւէ պարզաբանման կարիք կա պատասխանի բովանդակության հետ կապված: Այսպես, կարգի համաձայն` տեղեկություն տնօրինողի կայքում պետք է տեղադրվեն ՏԱ պատասխանատուի կոնտակտային տվյալները, նաև` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում ներառված հարցումը և դրա պատասխանը պահպանվում են համակարգում` 3 տարի ժամկետով, ընդ որում` ցանկացած ժամանակ, ըստ համակարգից օգտվելու հասանելիության, համակարգից օգտվողը կարող է որոնողական միջոցներով գտնել տվյալ հարցումը և դրա պատասխանը:
  8. Կարեւոր է, որ կարգը լուծել է նաեւ տեղեկություն ստանալու համար վճարների հարցը, զրկելով տեղեկություն տնօրինողներին կամայականորեն տեղեկության տրամադրման համար մեծ գումարներ սահմանելու հնարավորությունից: Այսպես, կարգը ամրագրում է 10 էջ տեղեկությունն անվճար ստանալու օրեսդրական դրույթը` նշելով, որ “10 էջը գերազանցող տեղեկության համար գանձվող գումարի չափը չպետք է գերազանցի տեղեկության տրամադրման համար կատարված փաստացի և ողջամիտ ծախսերի չափը` ոչ ավելի, քան 10 (տասը) ՀՀ դրամ` յուրաքանչյուր գերազանցող էջի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ: Նյութական կրիչի տրամադրման համար գանձվում է գումար` ոչ ավել, քան 100 (հարյուր) ՀՀ դրամ` յուրաքանչյուր կրիչի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ” (Որոշման 2-րդ հավելվածի 10-րդ կետ):

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվել է Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը, ուժի մեջ կմտնի 2016թ.-ի հունվարի 1-ից:

Ընդունված կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

← Վերադառնալ ցուցակին