Նորություններ և իրադարձություններ
Տեղի ունեցավ աշխատանքային քննարկում լրագրողների և փաստաբանների հետ
02.08.2015
2015 թ.-ի օգոստոսի 1-2-ին կայացավ աշխատանքային քննարկում լրագրողների և փաստաբանների մասնակցությամբ: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնել Տեղեկատվական վեճերի խորհրդի աշխատանքը: Նշենք, որ աշխատանքային քննարկման մասնակից փաստաբանների և լրագրողների մեծ մասը հայցվոր կամ պատասխանող կողմ են եղել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով:
Ներկաներին ողջունեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ծրագրերի համակարգող Ծովինար Արևյանը, արդյունավետ և ակտիվ աշխատանք մաղթեց, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ՏՎԽ-ի անդամներին: Ապա, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը ներկայացրեց Տեղկատվական վեճերի խորհրդի հիմնական գործառույթները և մինչ օրս կատարած աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:
Աշխատանքային քննարկման առաջին բանախոսը "Արնի Քնսալթ" փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանն էր, ով ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերով Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական եզրակացությունները, վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ 2014-2015 թ.-ին տեղի ունեցած դատական գործերը:
Օրակարգի կարևոր հարցերից էր նաև վերջերս ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց 2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, պատասխանեց լրագրողներին ու փաստաբաններին հետաքրքող հարցերին: Աշխատանքային քննարկման մասնակիցներին, մասնավորապես, հետաքրքրել են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են «անձնական տվյալ» հասկացության սահմանմանը, անձնական տվյալներ մշակողի պարտականություններին, անձնական տվյալներ մշակելու օրինականության նկատմամբ հսկողությանը, անձնական տվյալները երրորդ անձանց և այլ պետություններին փոխանցելու կարգին: Արսեն Մկրտչյանն անդրադարձավ նաև հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթացին, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետին:
Աշխատանքային հանդիպման օրակարգը խիստ հագեցած էր. հաջորդիվ քննարկվեց լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանությայն խնդիրը, և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ilur.am և Հրապարակ լրատվամիջոցների հետ կապված վերջին դատական գործերը, երբ լրատվամիջոցների առջև պահանջ էր դրվել բացահայտելու լրատվության աղբյուրը: Այս պահանջը ևս մեկ անգամ քննադատվեց և ևս մեկ անգամ նշվեց, որ ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեկ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում դատարանի որոշման առթիվ, որով պարտավորեցնում են ilur.am կայքին և «Հրապարակ» օրաթերթին բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը:
Հաջորդ հարցով ներկայացվեց և քննարկվեց Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը, որը վերաբերում է լրատվամիջոցներում հայտնվեց մեկնաբանությունների մոդերացիայի խնդրին: Կարծիքները հակասական էին և վիճահարույց: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ. «Այս դատական որոշումը հին էր, իրավական կազմակերպությունները տևական պայքար էին տանում, որ այն վերնայվի, քանի որ համարում էին, որ սա խոսքի ազատության դեմ ոտնձգություն է, բայց վերջին շանսերը, փաստացի մահացան և այս որոշումը, փաստորեն, կիրառելի է նաև մեզ համար: Լրատվամիջոցը, փաստացի, չպետք է օգտագործել որպես աղբաման, և ԶԼՄ-ն պետք է վերահսկի, որ վիրավորական բովանդակություն ունեցող մեկնաբանությունները չհայտնվեն իրենց կայքում: Սակայն, սա վտանգավոր է, քանի որ նույնիսկ չպետք է տուժողը դիմի լրատվամիջոցին, այլ ինքը պետք է որոշում կայացնի և նախօրոք վերացնի ոչ միայն վիրավորական, այլ զրպարտող մեկնաբանությունը: Հիմա լրատվամիջոցը պարտադիր պետք է շատ լուրջ ռեսուրսներ ծախսի մոդերացիայի վրա, որովհետև մի դեպքում, եթե բացահայտ հայհոյանք կա, այն շատ հեշտ է վերացնել, սակայն, երբ խոսքը գնում է զրպարտության մասին, որ ներկայացվում է որպես փաստ, լրատվամիջոցը այդ գրառումը հրապարակելուց առաջ, փաստորեն, պետք է որոշ հետաքննություն անցկացնի, որ որոշի՝ թույլ տա մեկնաբանությունը տեղադրել, թե ոչ, և այս պարագայում շատ կայքեր կգնան կոպիտ գրաքննության ճանապարհով»:
Հաջորդ օրվա թեման մամուլի ազատության սահմանափակման դեպքերն էին, մասնավորապես 2015 թ.-ի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում լրատվամիջոցների դեմ բռնությունների կիրառումը: Եղելությունը քննարկվում էր այն դիտանկյունից, թե լրագրողներն ինչպես պետք է պահեն իրենց ցույցի ժամանակ, ինչպե՞ս առավել պաշտպանված լինեն: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր, ՏՎԽ անդամ Գեղամ Վարդանյանը նախ ներկայացրեց այդ օրը տեղի ունեցած լրագրողների դեմ կիրառված բռնության դեպքերը: Երկիր մեդիա հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը իր խոսքում կարևորեց այն, որ լրագրողն իր աշխատանքային գործառույթն իրականացնելիս բացառապես պետք է հետևի լրագրողական էթիկայի կանոններին, չզուգակցի լրագրողի և ցուցարարի աշխատանքը:
Իրավաբաններն ու փաստաբանները լրագրողներին մի շարք իրավական լուծումներ առաջարկեցին նման իրադրություններում առավել պաշտպանված լինելու համար: Օրինակ առաջարկվեց, բացի լրագրողական վկայականներից հատուկ կիսավերնաշապիկներ կրել: Փաստաբանները կարևորեցին նաև, որ լրագրողների աշխատանքային պարտականությունները կատարելու՝ ոստիկանության կեղմից խոչընդոտման և բռնի ուժի կիրառման դեպքերի հետ կապված դատական պրակտիկան շատանա, լրագրողները ոչ միայն հրապարակեն այդ դեպքերը, այլև հայցերով դատարան դիմեն:
Արա Ղազարյանը մեջբերեց Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, Նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած սահմանումը, որ՝ «Կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այնուամենայնիվ, չի երաշխավորում ամբողջովին անսահմանափակ արտահայտվելու ազատություն նույնիսկ մամուլի այն հրապարակումների առնչությամբ, որոնք վերաբերում են լուրջ հանրային հետաքրքրության խնդրի: Ըստ 10-րդ հոդվածի 2-րդ մասի` այս իրավունքի իրացումը ենթադրում է «պարտավորություններ և պատասխանատվություն», որոնք կիրառելի են նաև մամուլի նկատմամբ: Արտահայտվելու ազատությունն իրացնելիս «պարտավորությունները և պատասխանատվությունը» ենթադրում են, որ ընդհանուր հետաքրքրության խնդիրների մասին տեղեկություններ հայտնելու կապակցությամբ լրագրողներին 10-րդ հոդվածով տրամադրվող պաշտպանությունը ենթակա է այն նախապայմանին, որ լրագրողները գործում են բարեխղճորեն` տրամադրելու համար ճշգրիտ և վստահելի տեղեկատվություն` լրագրողական էթիկայի նորմերին համապատասխան»: