Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ի առաջարկները ՀՀ սահմանադրության նախագծի վերաբերյալ
23.07.2015
ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածի համաձայն` "Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:"
ՀՀ Սահմանադրության նախագծի 50-րդ հոդվածի համաձայն` "Յուրաքանչյուր ոք պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ունի, եթե դա չի հակասում հանրային շահերին: Տեղեկություններ ստանալու կարգը, պայմանները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պատասխանատվության հիմքերը` տեղեկությունները թաքցնելու կամ դրանց տրամադրումն առանց իրավական հիմքի մերժելու համար, սահմանվում են օրենքով:"
ՀՀ սահմանադրության նախագծում գործող սահմանադրության 27.1 հոդվածը, որն ամրագրում է յուրաքանչյուրի` իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետներում պատշաճ պատասխան ստանալու իրավունքը, չի պահպանվել: Փոխարենը նախագծում առկա է “Տեղեկություններ ստանալու իրավունքը” վերտառությամբ 50-րդ հոդվածը, որով նախատեսվում է յուրաքանչյուրի` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը, եթե դա չի հակասում հանրային շահերին:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կարեւորում է սահմանադրությամբ տեղեկություն ստանալու հիմնարար իրավունքի ամրագրումը, սակայն ունի հետեւյալ մտահոգությունը: Գործող Սահմանադրության 27.1-րդ հոդվածը ներառում է “ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան” ստանալու իրավունքը, ինչը արտացոլված չէ նախագծում, բացի այդ նախագծի 50-րդ հոդվածը տեղեկություն ստանալու համար սահմանում է “եթե դա չի հակասում հանրային շահերին” պայմանը: Սա այն պարագայում, երբ հանրային շահը ունի ոչ թե միակողմանի, այլ երկկողմ ազդեցություն` կարող է ոչ միայն տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակման հիմք լինել, այլ ՏԱ իրավունքի սահմանափակումը արգելելու հիմք լինել: Կարծում ենք, գործող սահմանադրության եւ նախագծի այս տարբերությունը պետք է ամենայն մանրակրկտությամբ ստուգվի` ՏԱ հիմնարար իրավունքի իրացմանը չխոչընդոտելու համար:
2015թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ "Անձնական տվյալների պաշտպանության մասին" ՀՀ օրենքը, որի 6-րդ գլուխը (24-րդ եւ 25-րդ հոդվածներ) սահմանում է Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի առկայությունը:
"Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքը գործում է շուրջ 12 տարի: Այս ընթացքում օրենքի կիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ արդեն ժամանակն է ունենալ տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության լիազոր մարմին՝ ՏԱ հանձնակատար (ՏԱ օմբուցմեն): Տարբեր երկրների փորձը վկայում է, որ առավել հաճախ ՏԱ օմբուցմենն իր գործունեությունը ծավալում է տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների ոլորտում` կոչվելով անձնական (կամ անհատական) տվյալների պաշտպանության եւ տեղեկատվության ազատության հանձնակատար (օրինակ` Գերմանիայում, Հունգարիայուն, Սերբիայում):
Գտնում ենք, որ անձնական տվյալների պաշտպանության եւ տեղեկատվության ազատության պաշտպանության լիազոր մարմինը պետք է մի ինստիտուտ լինի (հանձնակատար)` իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման համար:
Հաշվի առնելով վերոնշյալը եւ կարեւորելով ինչպես տեղեկատվության ազատության, այնպես էլ անձնական տվյալների պաշտպանությունը` առաջարկում ենք հանձնակատարի (համապատասխան օմբուցմենի) ինստիտուտի առկայությունը (առկայության հնարավորությունը) նախատեսել սահմանադրությամբ` որպես տվյալ ինստիտուտի կայացման եւ պատշաճ գործունեության երաշխիք: