Նորություններ և իրադարձություններ
Որոշ պաշտոնյաներ հարցումները շփոթում են դիմումների հետ. Շուշան Դոյդոյան
17.02.2015
2003 թվականից ՀՀ-ում գործում է Տեղեկավության ազատության մասին օրենքը: «Այն մեծ ձեռքբերում էր մասնավորապես լրագրողների համար՝ ստանալու այնպիսի տեղեկատվություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով, երբեմն փորձում են գաղտի պահել որոշ պաշտոնյաներ», – ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը: Օրենքի առկայությունը շատ բան է փոխել ոչ միայն լրագրողական դաշտում: Տիկին Դոյդոյանի կարծիքով, փոխվել է պաշտոնյաների աշխատաոճը, իրենց մտայնությունը, թե տեղեկատվությունը իրենց սեփականությունն է. «Ինֆորմացիան հանրային սեփականություն է: Չնայած դեռ կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր այդպես չեն մտածում, սակայն որոշակի առումով գրանցում ենք առաջընթաց»:
Շուշան Դոյդոյանը հիշում է, որ տարիներ առաջ օրենքով սահմանված հարցմանը պատասխանելու 5 օրյա ժամկետը տատանվում էր 15 օրերի միջև, այժմ այն տատանվում է 10-11 օրերի միջև: Չնայած այն բանին, որ օրենքը այնուամենայնիվ չի յուրացվում ամբողջովին, միևնույն է առաջընթաց կա: Օրենքի կարևորություններից մեկն է նաև համարում դատական պրակտիկա ձևավորվելը: Տարբեր Հասարակական կազմակերպությունների կողմից մինչ օրս հարուցվել են 60-ից ավելի դատական գործեր, տեղեկատվության ոչ պատշաճ կամ ընդհանրապես չտրամադրելու համար: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» 45 դատական գործ է հարուցել, որոնցից միայն 3-ի դեպքում է, որ պաշտոնյան ենթարկվել է վարչական պատասխանատվության (դրանք են՝ ԻԱԿ-ն ընդդեմ “Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ” ՊՈԱԿ-ի, ԻԱԿ-ն ընդդեմ Ելփինի գյուղապետի եւ գյուղապետարանի, ԻԱԿ-ն ընդդեմ “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ի): Շուշան Դոյդոյանը կարծում է, որ դատարանները պետք է համարձակություն ձեռք բերեն և չվախենան պետական մարմիններից գումարներ գանձել: «Երբ մենք դիմում ենք դատարան, մեր պահանջները բավարարվում են մասնակիորեն՝ բավարարվում է տեղեկատվություն ստանալու պահանջը, բայց ոչ պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելը: Երբ պաշտոնյան տեսնի, որ իր գրպանին են դիպչում, այս դեպքում ավելի երկար կմտածի, մինչ մերժելը»:
Օրենքը, սակայն, ունի նաև բացթողումներ, որոնք շատ հաճախ խնդիրներ են առաջացնում ոչ միայն լրագրողների, այլև քաղաքացիների համար: Օրենքի որոշ կետեր չեն կատարվում, որոշները` հակասում այլ ակտերի: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստորի պետական կոմիտեից, ազգային արխիվից և մի շարք կառույցներից ինֆորմացիա ստանալու համար պետք է կատարել 3000-10.000 դրամի չափով վճարումներ, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տեղեկատվությունը 10 էջի սահմաններում պետք է տրամադրել անվճար: «Սա լուրջ խնդիր է, որը պետք է կարգավորվի իրավական դաշտում փոփոխություններ կատարելով»,- Ըստ Շուշան Դոյդոյանի այն կառույցները, որոնք տեղեկատվություն են տրամադրում գումարի դիմաց, չեն կարող իրենց զրկել այդ ֆինանասկան աղբյուրից: Նախկինում այս խնդրի մասին եղել են քննարկումներ Արդարադատության նախարությունում, 2013 թվականին օրենքի վերափոխված նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով, բայց մնացել է թղթի վրա: Օրենքի մյուս և կարևոր բացերից մեկը էլեկտրոնային ճանապարհով հարցումների պատասխանելն է, որը ընդհանրապես կարգավորված չէ օրենքով: Դոյդոյանը ասում է, որ այն պաշտոնյան, ով չի ցանկանում տրամադրել որևէ տեղեկատվություն, հանգիստ մերժում է, հղում կատարելով օրենքին: Բայց մեկ այլ դեպքում, պաշտոնյան պատասխանում է. «Եթե ցանկանում են , օրենքի բացը նրանց չի խանգարում, եթե՝ ոչ, ապա ստեղծում են խնդիրներ և օրենքի բացը սարքում պատրվակ»: Տեղեկատվություն չտրամադրելու ցանկությանը զուգահեռ կա մեկ այլ խնդիր՝ օրենքը չիմանալն է. «Որոշ պաշտոնյաներ հարցումները շփոթում են դիմումների հետ: Ողջունելի ,որ պաշտոնյաների նման խումբը քիչ-քիչ նվազում է»:
Շուշան Դոյդոյանը ասում է, որ կառավարության կողմից եղել են առաջարկներ օրենքը վերանայելու և փոփոխություններ կատարելու մասին: Գործընթացը այժմ սառեցված վիճակում է, բայց նա համոզված է, որ պայմանավորվածությունները կիրականանան. «Կարևորը կառավարության կողմից կա պատրաստակամություն, իսկ մենք մեր հերթին կանենք ամեն բան գործընթացը սկսելու և խնդիրները լուծելու համար»:
Հերմինե Վիրաբյան