Նորություններ և իրադարձություններ
Որ պետական մարմիններն են փակ լրատվամիջոցների կարծիքով
11.07.2014
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2014 թվականի հունիսին հայաստանյան ԶԼՄ-ների շրջանում անցկացրեց հարցում՝ նպատակ ունենալով պարզել լրագրողների և լրատվամիջոցների կարծիքով ՀՀ ամենափակ և բաց կառույցները։ Լրագրողներին եւ լրատվամիջոցնեի խմբագիրներին տրվել է հետևյալ հարցը. "Որոնք են լրագրողներին տեղեկություն տրամադրելու տեսանկյունից ամենափակ և ամենաբաց մարմինները": Հարցմանը մասնակցել են երևանյան և մարզային 52 լրատվամիջոցի 62 լրագրողներ և խմբագիրներ, ովքեր բաց և փակ մարմինները նշել են՝ հաշվի առնելով սեփական փորձը:
Հարցմանը մասնակցել է 12 հեռուստաընկերություն (լրատվական թողարկման խմբագրություն), 4 ռադիոկայան (լրատվական թողարկման խմբագրություն), 14 տպագիր մամուլ, 22 առցանց պարբերական։ Ընդգրկված 52 ԶԼՄ-ից 10-ը մարզային են։
Ընդհանուր առմամբ տրվել է 62 պատասխան (որոշ ԶԼՄ-ների դեպքում, կախված լրագրողների քանակից, հարցմանը մասնակցել է 2 լրագրող): Արդյունքում ստացվել է 186 բաց և 186 փակ մարմնի տարբերակ (յուրաքանչյուր պատասխանող բաց և փակ կառույցների երեքական տարբերակ է առաջարկել): Քանի որ հարցման մասնակիցները յուրաքանչյուր տարբերակը կարող էին նշել միայն մեկ անգամ ուստի ստորև ներկայացված քանակական տվյալները հաշվարկված են մասնակիցների ընդհանուր թվի հիման վրա (62 լրագրող =100%):
Նշենք, որ հարցումն անցկացվել է անանուն՝ առավել վստահելի պատասխաններ ստանալու նպատակով։
Այսպիսով, հարցված լրագրողների կարծիքով՝ ՀՀ-ում 3 ամենաբաց և 3 ամենափակ պետական կառույցները հետևյալն են.
Փակ մարմիններ
Փակ կառույցների ցանկում ընդհանուր առմամբ արձանագրվել է 42 տարբեր կառույցների անվանում, որոնցից 11-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած փակ կառույցներն են.
1. Երևանի քաղաքապետարան – 48.4% (30 լրագրող)
2. Ազգային անվտանգության ծառայություն – 27.4% (17 լրագրող)
3. Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն- 16.1% (10 լրագրող)
4. ՀՀ կառավարություն – 14.5% (9 լրագրող)
5. Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարություն – 12.9% (8 լրագրող)
6. ՀՀ ոստիկանություն - 12.9% (8 լրագրող)
7. Արտաքին գործերի նախարարություն - 11.3% (7 լրագրող)
8. ՀՀ նախագահի աշխատակազմ – 3.2% (6 լրագրող)
9. ՀՀ դատախազություն – 9.7% (6 լրագրող)
10. Պետեկամուտների կոմիտե - 9.7% (6 լրագրող)
11. Մշակույթի նախարարություն – 8.1% (5 լրագրող)
12. Էկոնոմիկայի նախարարություն - 6.5% (4 լրագրող)
13. Բնապահպանության նախարարություն - 6.5% (4 լրագրող)
14. Արդարադատության նախարարություն – 4.8% (3 լրագրող)
15. Ազգային ժողով – 4.8% (3 լրագրող)
Բաց կառույցներ
Բաց կառույցների ցանկում արձանագրվել է 43 տարբեր կառույցների անվանում, որոնցից 14-ը մարզային տեղական ինքնակառավարման մարմիններ են: Այսպիսով, ամենաշատ ձայներ հավաքած բաց կառույցներն են.
1. Կրթության և գիտության նախարարություն – 40.3% (25 լրագրող)
2. Առողջապահության նախարարություն – 38.7% (24 լրագրող)
3. ՀՀ ոստիկանություն – 32.3% (20 լրագրող)
4. Ազգային ժողով – 24.2% (15 լրագրող)
5. Արտակարգ իրավիճակների նախարարություն - 21% (13 լրագրող)
6. Պաշտպանության նախարարություն - 17.7% (11 լրագրող)
7. Գյուղատնտեսության նախարարություն - 11.3% (7 լրագրող)
8. Տարածքային կառավարման նախարարություն – 9.7% (6 լրագրող)
9. ՀՀ կառավարություն - 8.1% (5 լրագրող)
10. ՀՀ դատական դեպարտամենտ – 6.5% (4 լրագրող)
11. Մշակույթի նախարարություն – 6.5% (4 լրագրող)
12. Երևանի քաղաքապետարան - 6.5% (4 լրագրող)
13. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ – 4.8% (3 լրագրող)
Հարկ է նշել, որ փակ կառույցների 186 տարբերակից 18-ի դեպքում (տարբերակների 9.7%) հարցման մասնակիցը չի նշել որևէ կառույցի անուն` հավաստիացնելով, որ պետական մարմինների հետ աշխատանքն իրեն բավարարում է: Բաց կառույցների պարագայում 186 տարբերակից 5-ի դեպքում (տարբերակների 2.7%) հարցման մասնակիցը չի նշել որեւէ կառույցի անուն` հավաստիացնելով, որ բաց աշխատող կառույց չի կարող առանձնացնել:
Հետքրքրական է, որ մի քանի գերատեսչություններ հայտնվել են ինչպես փակ, այնպես էլ բաց կառույցների ցանկում (ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, Ազգային ժողով, Ոստիկանություն): Հետաքրքրական է հատկապես 20 ձայնով բաց կառույցների 3-րդ տեղում հայտնված ՀՀ ոստիկանության օրինակը, որը փակ կառույցների սանդղակում 6-րդ տեղում է՝ հավաքելով 8 ձայն: Աչքի է ընկնում նաև ՀՀ մշակույթի նախարարության օրինակը. վերջինս երկու ցանկում էլ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը (որպես փակ` 5 լրագրող, որպես բաց` 4):
Երեսուն լրագրողի կողմից որպես փակ կառույց առանձնացված Երևանի քաղաքապետարանը հայտնվել է նաև բաց մարմինների ցանկում՝ ստանալով 4 ձայն։
Սակայն բաց կառույցների ցանկի առաջատար Կրթության և գիտության և Առողջապահության նախարարությունները որպես փակ կառույց չեն նշվել որևէ լրատվամիջոցի կողմից։