Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Մեկնարկեց "Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում" ծրագրի իրազեկման փուլը

27.02.2014

 2014 թվականի փետրվարի 26-ին ժամը 14.00-ին, Արարատ քաղաքում տեղի ունեցավ "Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում" ծրագրի իրազեկման առաջին սեմինարը:

"Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը: Այսինքն՝ այստեղ, սենյակում գտնվողներիդ ներգրավվածությունը: Մենք համայն ուշադրությամբ հետևելու ենք ծրագրի իրականացմանը և անհամբեր սպասում ենք արդյունավետ համագործակցության",-ասաց Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, դոկտոր Դիրկ Լորենցը:

"Կոռուպցիան Հայաստանում այսօր իսկապես մեծ խնդիր է և դրա դեմ պայքարը ոչ միայն իշխանությունների, միջազգային կազմակերպությունների, այլ նաև մեր հասարակության գերխնդիրն է և միայն բոլորի համատեղ ուժերով է հնարավոր հաղթահարել այն",-ասաց "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ներին և ԶԼՄ-ներին կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրները առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:

Միջոցառման շրջանակներում ծրագրի ղեկավարը ներկայացրեց "Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում" ծրագիրը, դրա նպատակը և ուղղությունները:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև Արարատ և Վեդի քաղաքային համայնքների ղեկավարները:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր): Ծրագրի բյուջեն կազմում է 650.000 եվրո:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ՀԵԻԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) գործում է ավելի քան 10 տարի: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
Ծրագրի հանրային կապերի համակարգող Նարինե Կարապետյանին, աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; 
Էլ.փոստ` pr@ayla.am; URL http://www.ayla.am:

Մամլո հաղորդագրությունը

 

← Վերադառնալ ցուցակին