Նորություններ և իրադարձություններ
«Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվության ազատության ամենամյա մրցանակաբաշխություն 2013
27.09.2013
2013թ. սեպտեմբերի 27-ին տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 11-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին` որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց հետևյալ անձանց և կազմակերպություններին.
· ՀՀ Ֆինանսների նախարարությանը` որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին,
· ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգին` www.e-register.am` որպես տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք,
· «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին` որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն,
· Panorama.am առցանց լրատվամիջոցին՝ որպես տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց,
· Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին` որպես տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր,
· Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին` որպես տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետեւողական պայքարող իրավաբան:
Այս տարի ԻԱԿ-ի երկու հատուկ դրական մրցանակները շնորհվեցին
- ՀՀ Կառավարության աշխատակազմին «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնությանը Հայաստանի Գործողությունների պլանի իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար:
- ՀՀ Սփյուռքի նախարարությանը 2013 թ.-ին տեղեկատվության ազատության ամենաշատ էլեկտրոնային հարցումներին ժամանակին և լիարժեք պատասխաններ տալու համար:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվեց.
- 2013թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին`
- ՀՀ Քաղաքաշինության նախարարություն,
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն,
- ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն,
- “Փարկինգ սիթի սերվիս” ՓԲԸ:
- Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին,
- ՀՀ Ազգային ժողովին` որպես Հայաստանի Հանրապետության ամենափակ գերատեսչություն, որն ամենավատն է կատարում “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի պահանջները
Մրցանակաբաշխության արդյունքները որոշել է ոլորտում գործող 8 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրին:
Հրապարակային և փակ գերատեսչությունների ընտրության չափանիշներին կարող եք ծանոթանալ ԻԱԿ-ի ինտերնետային կայքում՝ http://www.foi.am/hy/award-standards/։ Նախորդ տարիների արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ http://www.foi.am/hy/awards-winners/:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։