Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը պարզում է տրանսպորտի գնի բարձրացման հիմքերը
23.07.2013
Տրանսպորտի գնի թանկացման իրավական հիմքերը եւ հիմնավորվածությունը պարզելու նպատակով հուլիսի 22-ին եւ 23-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցումներ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտե, ինչպես նաեւ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիներ սպասարկող տրանսպորտային կազմակերպություններին։
Պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել է հայտնել, թե ըստ օրենսդրական կարգավորման` հանրային տրանսպորտում երթևեկության համար վճարված գումարի դիմաց վճարողին պետք է անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տրվի, թե` ոչ: Ստացվում է, որ քաղաքացիների վճարած գումարների հոսքն անվերահսկելի է եւ կարող է չհարկվել։
Երեւանի քաղաքապետարանից Ինֆորմացիայի ազատության կենտրոնը խնդրել է տրամադրել տեղեկություններ, թե Երեւան քաղաքում ո՞ր կազմակերպությունները քաղաքային տրանսպորտի ո՞ր երթուղիներն են սպասարկում եւ ինչ իրավական հիմքով:
ԻԱԿ-ը դիմել է նաեւ երթուղիներ սպասարկող «Ավտոբուս» ՓԲԸ, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ եւ «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ տրանսպորտային կազմակերպություններին` խնդրելով հայտնել, թե քանի՞ վարորդ է աշխատում կազմակերպությունների կողմից սպասարկվող երթուղիներից յուրաքանչյուրում, որքա՞ն է կազմում վարորդների աշխատավարձը, ինչպես նաեւ խնդրել է տրամադրել վարորդների աշխատանքային պայմանագրերի պատճենները` վարորդների անձնական տվյալները ծածկած:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5 օրյա ժամկետում խնդրված տեղեկությունները չստանալու կամ ոչ պատշատ պատասխան կամ անհիմն մերժում ստանալու դեպքում ԻԱԿ-ը դիմելու է դատարան: