Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները
11.07.2013
2001թ.-ից ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է Սեւ ցուցակ, որում հայտնվում են տեղեկություն տնօրինող այն մարմինների ղեկավարները, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումները: Նախկինում անպատասխան մնացած հարցումների ցուցանիշը տատանվում էր 30-36 տոկոսի շրջանակներում։ Այսօր արդեն, երբ “Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքը գործում է շուրջ 10 տարի, ԻԱԿ-ի բազմաթիվ ուսուցումների, նախաձեռնած բազմաթիվ դատական գործերի, կազմակերպած հանրային իրազեկման քարոզարշավների արդյունքում այդ ցուցանիշն էականորեն բարելավվել է. 2012թ.-ին ԻԱԿ-ի` անպատասխան մնացած հարցումների թիվը 2 անգամ կրճատվել է` նախորդ տարիների 35%-ի փոխարեն կազմելով 15.6%:
Անպատասխան մնացող հարցումների թվի կրճատման մասին է խոսում նաեւ ԻԱԿ-ի Սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաների թիվը. 2001թ.-ին ԻԱԿ-ի Սեւ ցուցակում հայտնվել էր 40 պաշտոնյա, 2007-ին` 47 պաշտոնյա, 2011-2012թ.թ.-ին Սեւ ցուցակում հայտնվածների թիվը համեմատաբար քիչ էր` 12 եւ 15 պաշտոնյա համապատասխանաբար: 2013թ.-ի 1-ին եւ 2-րդ եռամսյակների Սեւ ցուցակներում արդեն հայտնվել է ընդամենը 1-ական պաշտոնյա:
Սա նշանակում է, որ խնդիր է առաջացել նաեւ վերանայել ԻԱԿ Սեւ ցուցակի հիմնական չափորոշիչները, քանի որ հիմնականում տեղեկություն ստանալու հարցումներին այս կամ այն կերպ պատասխան տրվում է։
Լուռ մերժումների թիվը կրճատվում է` փոխարինվելով մեծամասամբ թերի կամ անհիմն պատասխաններով կամ անհիմն մերժումներով: Այսինքն, նախկինում պաշտոնյաները խուսափում էին տրամադրել իրենց կամ իրենց ղեկավարած գերատեսչությունը վատ լույսի ներքո ներկայացնող տեղեկությունները եւ անպատասխան էին թողում տեղեկատվություն ստանալու հարցումը: Այսօր արդեն խնդրահարույց տեղեկատվություն պահանջող հարցմանը պաշտոնյան նախընտրում է ոչ թե չպատասխանել, այլ տրամադրել թերի, խուսափող, ոչ ըստ էության պատասխան:
Այս ամենը հաշվի առնելով, ԻԱԿ-ը 2013թ.-ի հուլիսի 1-ից խստացնում է Սեւ ցուցակի չափորոշիչները. 2013թ.-ի 3-րդ եռամսյակի (հուլիս-սեպտեմբեր) Սեւ ցուցակում արդեն կհայտնվեն ոչ միայն ՏԱ հարցումներին չպատասխանած, այլ նաեւ տեղեկատվության տրամադրումն անհիմն մերժած կամ ՏԱ մասին օրենքով սահմանած 5-օրյա ժամկետը խախտած պաշտոնյաները: