Նորություններ և իրադարձություններ
Անմեղության կանխավարկած և ԶԼՄ. կայացավ ՏՎԽ 3-րդ աշխատանքային քննարկումը
09.07.2013
2013 թ.-ի հուլիսի 5-ին և 6-ին կայացավ Տեղեկատվական վեճերի խորհրդի «Զրպարտություն և վիրավորանք. Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձը» թեմայով աշխատանքային քննարկումը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված թվով երրորդ աշխատաժողովի մասնակից լրագրողների և փաստաբանների հիմնական մասը վերջին ժամանակահատվածում զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ դատական գործերի հայցվոր կամ պատասխանող կողմ է եղել:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ծրագրերի ազգային համակարգող Ծովինար Արևյանը: Նա հույս հայտնեց, որ նման քննարկումները կօգնեն Հայաստանում ձևավորել այնպիսի մեդիա դաշտ, որտեղ շատ են անկախ և պաշտպանված ԶԼՄ-ները, որոնք սակայն իրենց գործունեությունը ծավալում են չխախտելով ոչ միայն իրավական, այլև լրագրողական դաշտի էթիկական նորմերը:
Մասնակիցներին ողջունեց նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ քարտուղար Շուշան Դոյդոյանը: Այս անգամ աշխատանքնային քննարկման համար կազմակերպիչներն առանձնացրել էին 2 հիմնական թեմա` «Հանցագործությունների լուսաբանում. անմեղության կանխավարկած» և «Հեղինակային իրավունքը, զրպարտությունը և վիրավորանքը էլեկտրոնային լրատվամիջոցներում»:
«Հանցագործությունների լուսաբանում. անմեղության կանխավարկած» թեմայով քննարկում ծավալելուց առաջ «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, ՏՎԽ խորհրդի անդամ Արայիկ Ղազարյանը մասնակիցներին ներկայացրին ՏՎԽ կարծիքը «Հարություն Սարգսյանի կողմից «Ցայգ» հեռուստաընկերության դեմ բերված հայցի վերաբերյալ», որը վերաբերում է հենց քննարկվող թեմային: Գործի հանգամանքների քննարկումը առիթ դարձավ բարձրացնելու դաշտում առկա հիմնական խնդիրներն ու օրենսդրական բացերը:
Թեմայով հիմնական բանախոսը` «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ անմեղության կանխավարկածի հարցն առավել խնդրահարույց է, երբ խոսքը ոչ թե քրեական այլ քաղաքացիական գործերին է առնչվում: Այս հարցի շուրջ ներկա բոլոր փաստաբաններն էլ համաձայնեցին, որ օրենսդրական բացը լրացնելու խնդիր կա և իրենց անմիջական պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու, որ անմեղության կանխավարկածը դառնա քաղաքացիաիրավական հարաբերությունների ինքնուրույն օբյեկտ:
«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան, Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Լուսինե Սահակյանը նշեց, որ շատ հաճախ անմեղության կանխավարկածի հետ առնչվող խնդիրները ծագում են լրագրողների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում: Նա համոզվածություն հայտնեց, որ լրագրողների հիմնական մասը չի էլ պատկերացնում ինչ ազդեցություն ունեն իրենց նյութերը մեղադրվողի հետագա ճակատագրի վրա: «Հաճախ լրագրողների նյութերի արդյունքում հասարկության գիտակցության մեջ մեղադրվողը ընկալվում է որպես հանցագործ, որի մեղքը արդեն իսկ ապացուցված է: Այս տրամադրություններն իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են ունենում ոչ միայն մեղադրյալի, այլև նրա գործով զբաղվող դատավորի վրա: Հայաստանում այսօր մատների վրա կարելի է հաշվել այն դատավորներին, որոնք կարող են դիմակայել հասարակական այդպիսի ճնշմանն ու հարկ եղած դեպքում մեղադրվողին անմեղ ճանաչել»,- ասում է Լուսինե Սահակյանը և վստահեցնում, որ հատկապես հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերում լրագրողները կարծես երկրորդ դատավոր լինեն, և սա պետք է ստիպի նրանց առավել պատասխանատու մոտենալ իրենց աշխատանքին:
Այս առումով մասնակիցներն առանձնացրին հատկապես մասնագիտացված հեռուստահաղորդումներն ու էլեկտրոնային կայքերը: Մանսվորապես «02» պաշտոնական հաղորդաշարը դեպքերն ու իրադարձությունները ներկայացնում է այնպես, կարծես գործում ներգրավված անձի մեղքն արդեն իսկ ապացուցված է: Նույն խնդիրը առկա է նաև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքներում:
Երևանի մամուլի ակումբի նախագահ, ՏՎԽ անդամ Բորիս Նավասարդյանը կարծիք հայտնեց, որ, ցանկացած լրագրող, ով գոնե մի քանի օր աշխատել է խմբագրությունում, գիտի անմեղության կանխավարկածի մասին: Բանախոսը նշեց սակայն, որ, ցավոք, այսօր լրագրողական ընդհանուր հանրություն և ընդհանուր լրագրողական էթիկա հայաստանյան ԶԼՄ դաշտում չկա: «Լրագրողները գործում են այն դաշտի խաղի կանոններով, որ դաշտում որ աշխատում են, օրինակ, քաղաքական լրագրողները աշխատում են մեր քաղաքական դաշտի նորմերով: Այս առումով կարծում եմ միայն լրագրողական էթիկայի և ինքնակարգավորման վրա հույս դնել չի կարելի է և պետք է դրան զուգահետ և դեռ դրանից առաջ մշակել և կիրառել օրենսդրական կարգավորիչներ»:
Աշխատաժողովին մասնակցում էին նաև ՀՀ դատական դեպարտամենտի երկայացուցիչներ: «Պետք է նշեմ, որ այս աշխատաժողովը ինձ համար հերթական սեմինարը չէր, այն իր մեջ նաև վերապատրաստման տարրեր ուներ,- նշեց ՀՀ Դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչություն մասնագետ Հայկ Հարությունյանը: «Այստեղ մի շարք հարցերի շորջ բավական սուր քննարկումներ ծավալվեցին: Ուրախ եմ արձանագրել, որ անկախ այդ քննարկումների արդյունքներից մի բան ակնհայտ է` մեր հասարակության և նաև տարբեր ոլորտներում ներգրավված մասնագետների իրավագիտակցության մակարդակը բարձրացել է»:
Հրաժեշտից առաջ մասնակիցների հնչեցրած հիմնական հարցադրումն ուղղված էր կազմակերպիչներին`Ե՞րբ է լինելու հաջորդ քննարկումը: