Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԱԺ-ն դատարան կներկայացնի վիճահարույց կարգադրությունները

03.07.2013

Այսօր` 2013թ.-ի հուլիսի 3-ին, տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդդեմ ՀՀ ԱԺ-ի դատական գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում դատարանը որոշեց եւս մեկ նախնական դատական նիստ նշանակել, որպեսզի ԱԺ-ն հաջորդ նիստի ժամանակ դատարան ներկայացնի վիճահարույց 12 կարգադրությունների պատճենները` աշխատակիցների անունները ծածկած, որպեսզի դատարանը կարողանա պարզել արդյոք այնտեղ իսկապես կա անձնական գաղտնիք պարունակող տեղեկություն, թե ոչ:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը ՀՀ Ազգային ժողովին խնդրել էր տրամադրել ԱԺ նախագահի 2012թ.-ի առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները, սակայն ԱԺ-ն հրաժարվել էր տրամադրել դրանց մի մասը` պատճառաբանելով, թե այդ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ:

Այն, որ ԱԺ-ն պատրաստ է կարգադրությունները ներկայացնել դատարան, արդեն իսկ ցույց է տալիս, որ ԻԱԿ-ին կարգադրությունների պատճեններն ի սկզբանե չտրամադրելը եղել է ոչ իրավաչափ: Մեր նման եզրահանգման պատճաը հետեւյալն է. այն, որ ԱԺ-ն դատարանում կարող է ներկայացնել կարգադրությունները` ԱԺ-ի աշխատողների անունները ծածկած, ինքնին վկայում է, որ այդ տեսքով կարգադրությունների հրապարակումը չի ոտնահարում որեւէ մեկի անձնական կյանքի անձեռնմխելիությունը, չի բացահայտում որեւէ մեկի վերաբերյալ անձնական տվյալ. չէ որ աշխատողների անունները ծածկված են եւ ենթակա չեն նույնականացման, այսինքն, ըստ էության բացակայում է անձը:

“Տեղեկատվության ազատության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` “Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ”: Այսինքն, ԱԺ-ն պարտավոր էր ԻԱԿ-ին տրամադրել կարգադրությունների պատճենները ԱԺ-ի աշխատողների անունները ծածկելու միջոցով (այն է` անունների տրամադրումը մերժելու դեպքում տրամադրեր տեղեկությունների մյուս մասը): Այսպիսով, պետական մարմինների հրապարակայնության եւ թափանցիկության սկզբունքին համահունչ կլիներ, եթե ԱԺ-ն կարգադրությունները` ԱԺ-ի աշխատողների անունները ծածկած, ԻԱԿ-ին ներկայացներ ի սկզբանե, այլ ոչ դատարանում:
 

← Վերադառնալ ցուցակին