Նորություններ և իրադարձություններ
Տեղի ունեցավ Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման երկրորդ մրցանակաբաշխությունը
06.06.2013
Հունիսի 6-ին տեղի ունեցավ Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Ներկա էին ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, Արտաքին գործերի նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ-ում թրաֆիքինգի հարցերով խորհրդի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Մրցույթի նպատակն է խրախուսել այն լրագրողներին եւ հեղինակներին, ովքեր իրենց աշխատանքներում անդրադառնում են այդ երեւույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը:
"Վերջին տարիներին համակարգված աշխատանք է իրականացվել թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում: Մենք ունենք նկատելի հաջողություններ, բայց դրանք շատ ավելի շոշափելի կլինեն, եթե հասարակությունը եւս պատշաճ տեղեկացված լինի այդ երեւույթի մասին: Այդ իսկ պատճառով մենք կարեւորում ենք հանրության իրազեկման աշխատանքները եւ, կարծում ենք, այս մրցույթը եւս նպաստում է այդ խնդրի լուծմանը",- իր խոսքում նշեց Արմեն Գեւորգյանը`վստահեցնելով, որ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերը շարունակվելու են կառավարության ուշադրության կենտրոնում գտնվել:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի երեւանյան գրասենյակին` մրցանակաբաշխության կազմակերպման անհրաժեշտ ծախսերը ֆինանսավորելու, ինչպես նաեւ մասնագիտական ժյուրիին` կատարած աշխատանքի համար:
Մրցույթին ներկայացվել էին 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 փետրվարի 28-ը հրապարակված թրաֆիքինգի և դրա դեմ պայքարին վերաբերող տպագիր, առցանց լրագրողական նյութերը, ինչպես նաև ռադիո և վիդեո արտադրանք: Ներկայացված աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված էր թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Խորհրդի նախագահն հավաստագրեր հանձնեց հաղթողներին:
Մասնագիտական ժյուրիի որոշմամբ`
"Հեռուստատեսություն և ռադիո" անվանակարգի հաղթողներն էին.
- 1-ին տեղ՝ Անուշ Մկրտչյանը, "Ազատություն" ռադիոկայանի լրագրող,
"Թող հավատան, որ կյանքը սրանով չի ավարտվում" ռադիոնյութի համար, - 2-րդ տեղ՝ Դիանա Ավետիսյանը, "Սոցիալական ցանցերը կարող են դառնալ թրաֆիքինգի ցանցեր" սոցիալական տեսահոլովակի համար,
- 3-րդ տեղ՝ Անի Մանուկյանը` "Ստրկությունից մինչեւ թրաֆիքինգ" սոցիալական տեսահոլովակի համար:
"Տպագիր և առցանց լրատվամիջոցներ" անվանակարգի հաղթողներն էին.
Մասնագիտական ժյուրին այս անվանակարգում առաջին տեղ չէր շնորհել:
- 2-րդ տեղ՝ Վահան Իշխանյանը, "Հայաստան. ստրկությունը 21-րդ դարում կամ թրաֆիքինգ" հրապարակման համար,
- 3-րդ տեղ՝ Աստղիկ Կարապետյանը, "Երկիր" պարբերականի լրագրող, "Ուզում եմ թրաֆիքինգի զոհ դառնալ" նյութի համար:
Նշենք, որ ժյուրիին ներկայացվել էր շուրջ 40 աշխատանք: Անցյալ տարի, երբ մրցանակաբաշխությունն անցկացվում էր առաջին անգամ, ներկայացվել էր շուրջ մեկ տասնյակ աշխատանք: Ըստ կազմակերպիչների` սա վկայում է լրագրողական շրջանում թեմայի վերաբերյալ հետաքրքրության աճի մասին: