Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Դատարանը մերժեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վերաքննիչ բողոքը

02.05.2013

2013թ.-ի մայիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԻԱԿ-ի օգտին Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը ընդդեմ Հայաստանի դեմոկրատական կուսակցության:

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ.-ի ապրիլի 25-ին տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանին` խնդրելով տրամադրել  տեղեկություններ նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար կուսակցության ծախսած միջոցների վերաբերյալ: ՀԴԿ-ն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի այս հարցումը, ինչպես նաեւ 2012թ.-ի մայիսի 16-ին ուղարկված կրկնակի հարցումը:

Արդյունքում, 2012թ.-ի հուլիս 2-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայցով դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀԴԿ-ին 5-օրյա ժամկետում տրամադրել ամբողջական տեղեկատվություն:

2012թ.-ի դեկտեմբերի 21-ին դատարանն ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի պահանջը ճանաչել “Ինֆորմացիայի ազատության կենտրոն” ՀԿ-ի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցնել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը տրամադրելու պահանջվող տեղեկատվությունը: Դատական ծախսերի փոխհատուցման, մասնավորապես՝ ԻԱԿ-ի կողմից փաստաբանին վճարված վարձատրության գումարի փոխհատուցման պահանջը դատարանը բավարարեց մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողին փոխհատուցել ԻԱԿ-ի կողմից վճարված պետական տուրքի գումարը եւ փաստաբանի վարձատրության գումարի մի մասը՝ 100.000 դրամ:

2013թ.-ի հունվարի 21-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բողոքարկել է Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան: Սակայն, 2013թ.-ի մայիսի 2-ին կայացրած վճռով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության վերաքննիչ բողոքը մերժել եւ ուժի մեջ թողնել Երեւան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ԻԱԿ-ի օգտին կայացված վճիռը:

Դատական գործի մանրամասներին, հայցադիմումին եւ դատարանի որոշումներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ` http://www.foi.am/hy/all-cases/item/1038/.

 

← Վերադառնալ ցուցակին