Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանում. Մոնիտորինգի առաջին շրջանի արդյունքները

29.04.2013

Ինֆորմացիայի ազատության կենտրոն և Կովկասյան ինստիտուտ հասարակական կազմակերպություններն իրականացնում են Երևանի 2013թ.-ի Ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանման վերլուծություն: Փորձագիտական խումբն ընտրել է հինգ առցանց լրատվամիջոց (tert.am, slaq.am, news.am, 1in.am, asekose.am. դրանք ամենաշատ այցելված առաջին հնգյակն են կազմում՝ ըստ circle.am եւ aleksa.com կայքերի): Այս ԶԼՄ-ում տեղ գտած հրապարակումները ներառվել են ներկայացվող մոնիթորինգում: Միջանկյալ հաշվետվությունն ընդգրկում է 2013 թվականի ապրիլի 7-ից ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածը:

Լուսաբանումն առցանց ԶԼՄ-ներում

  • Փորձագիտական խմբի կողմից ընտրված հինգ ԶԼՄ-ներում քարոզարշավը ներկայացվում էր նույնանման. ուշագրավ առանձնահատկություններ չեն գրանցվել,
  • բոլոր հինգ ԶԼՄ-ներն այս կամ այլ կերպ քննադատում են իշխանություններին,
  • ընտրակաշառքների և ընտրողների վրա իրականացվող ճնշումների մասին կոնկրետ տեղեկություններ, փաստեր ԶԼՄ-ները գրեթե չեն հրապարակում, այսինքն` լրագրողները ծախսում են նվազագույն ժամանակ և ջանքեր,
  • ընդդիմության հասցեին արվող քննադատությունը սահմանափակ է:

Քաղաքական պայքար

  • չորս կուսակցություններն իրենց ներկայացնում կամ ԶԼՄ-ների կողմից լուսաբանվում են որպես ընդդիմադիր: Այս չորսից ԲՀԿ-ն բացահայտ չի ընդունում, որ ընդդիմություն է, սակայն կոշտ քննադատություն է արտահայտում իշխանության հասցեին և, ի տարբերություն մյուսների, չի քննադատում այլ ընդդիմադիր կուսակցություններին` այս իմաստով իրեն դրսևորելով որպես ընդդիմության պոտենցիալ առաջնորդ:
  • իր գագաթնակետին է հասել գաղափարական քաղաքականության ճգնաժամը: ՀՅԴ-ն ևս առաջին անգամ հրաժարվել է գաղափարախոսական քարոզարշավից,
  • քարոզարշավի ընթացքում ավելացել է տարբեր ուժերի կողմից ընտրական տեխնոլոգիաների օգտագործումը, այդ թվում նաև ՕԵԿ-ի կողմից` բացահայտ ցածր մակարդակի պոպուլիզմ (մարզերից ժամանածների հանդեպ թշնամության շահագործում),
  • քաղաքի և երկրի կոնկրետ խնդիրները լուսաբանվում են շատ չնչին. հիմնական թեմաներն են «ընտրությունները» և «ներքին քաղաքականությունը»,
  • իշխող կուսակցությունն անում է ամեն ինչ ընտրությունների «ոչ քաղաքական» բնույթն ապացուցելու, մինչդեռ, չորս ընդդիմադիր կուսակցությունները` դրանք քաղաքականացնելու համար,
  • քարոզարշավի հիմնաբառերն են` «քաղաքական մենաշնորհ», «միգրացիա», «համաչափ զարգացում»:

Մոնիթորինգի մեթոդաբանությունը

Այս մոնիթորինգում օգտագործվում է որակական հետազոտության մեթոդաբանությունը, որը հիմնված է դիսկուրս վերլուծության վրա: Քաղաքական դիսկուրսի վերլուծությունն իրականացնելու համար փորձագետներն ընթերցում են առցանց լրատվամիջոցների ամբողջ բովանդակություն: Ավագանու ընտրություններին, քարոզարշավին, թեկնածուներին կամ կուսակցություններին վերաբերող որևէ նյութ հայտնաբերլու դեպքում, վերլուծաբանը որոշում է, թե արդյոք`

  1. առկա է որևէ անձի (լրագրող, քաղաքական գործիչ և այլն) կողմից արտահայտված վերաբերմունք/կարծիք կուսակցության/թեկնածուի վերաբերյալ, կամ
  2. առկա է կուսակցության/թեկնածուի կողմից արտահայտված արժեք
  3. Եթե այդպիսիք առկա չեն, վերլուծաբանը շարունակում է ընթերցել, եթե առկա է վերաբերմունք, կարծիք կամ արժեք, ապա վերլուծաբանը համապատասխան գրառում է կատարում տեղեկատվական պահոցում` համաձայն հետևյալ ցուցանիշների.
  • Նյութի մասին ընդհանուր տեղեկատվություն` ամսաթիվ, լրատվամիջոց, վերնագիր:
  • Վերաբերմունք կամ արժեք արտահայտողը (լրագրող, թեկնածու, հասարակական գործիչ, քաղաքացի և այլն) կամ արժեքի աղբյուրը (կուսակցություն կամ թեկնածու):
  • Նյութի թեման պարունակում է վերաբերմունք կամ արժեք (օր` ընտրություններ, առողջապահություն, բանակ, սոցիալական հարցեր, քաղաքաշինություն, արտաքին հարաբերություններ և այլն):
  • Վերաբերմունքը կամ արժեքը պարունակող մեջբերումն ամբողջությամբ բնօրինակ լեզվով (հայերեն կամ ռուսերեն):
  • Տեղեկատվական պահոցը լրացնելուն զուգահեռ փորձագետները վերլուծում են այն և ընդհանրացնում թեկնածուների, կուսակցությունների և այլ անձանց վերաբերմունքներն ու արժեքները` հետևյալ արդյունքները ստանալու նպատակով.

4.  ԶԼՄ-ի կողմից ստեղծված թեկնածուի/կուսակցության պատկերը,
5. թեկնածուների/կուսակցությունների կողմից ներկայացվող արժեքային համակարգը (աշխարհայացք, քաղաքական ծրագրեր):

 

← Վերադառնալ ցուցակին