Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

ԻԱԿ-ը դատի է տվել Ազգային ժողովին

13.04.2013

2013թ.-ի ապրիլի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի` տեղեկատվության տրամադրումն առանց պատշաճ հիմնավորման մերժելու համար:

Գործի նախապատմությունը հետևյալն է. դեռ 2012թ.-ի նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողովին և խնդրել էր հայտնել տեղադրված են արդյո՞ք ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները, ինչպես նաև խնդրել էր տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճենները:

Հարցման պատասխանը չստանալով՝ 2012թ. դեկտեմբերի 5-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցում էր ներկայացրել ԱԺ-ին: Նույն օրը` դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ն էլեկտրոնային տարբերակով պատասխանել էր, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Սակայն, ըստ էության պատասխան ԱԺ-ն տրամադրեց ոչ թե 30-օրյա ժամկետում, այլ 2013թ.-ի մարտի 4-ին` հարցումն ուղարկելուց շուրջ 4 ամիս հետո: Ընդ որում, ԱԺ-ն տրամադրել էր թերի պատասխան, քանի որ ըստ հերթական համարների չէր ներկայացրել 12 կարգադրությունների պատճեն:

2013թ.-ի մարտի 7-ին ԻԱԿ-ը կրկին հարցմամբ դիմեց ԱԺ-ին` խնդրելով տրամադրել նաև չտրամադրված 12 կարգադրությունների պատճենները: Սակայն, ԱԺ-ն մերժեց տրամադրել դրանք` պատճառաբանելով, որ տվյալ կարգադրությունները պարունակում են աշխատողի վերաբերյալ անձնական տվյալներ: ԱԺ-ն չէր նշել մերժման որևէ իրավական հիմք, չէր ներկայացրել որևէ պատճառաբանություն, թե ինչ տվյալների մասին է խոսքը, որպեսզի ԻԱԿ-ը կարողանար գնահատել արդյոք իսկապես նման տվյալներն անձնական են, թե ոչ: ՀՀ Ազգային ժողովի այս մերժման իրավաչափությունն էլ հենց բողոքարկել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դատական կարգով:

Դատական գործի մանրամասներին, ԻԱԿ հայցադիմումին կարող եք ծանոթանալ այստեղ

← Վերադառնալ ցուցակին