Նորություններ և իրադարձություններ
Վարչական դատարանը նմանատիպ գործերով կայացրել է տարբեր վճիռներ
29.03.2013
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնած նույնական 2 դատական գործերով ՀՀ վարչական դատարանը կայացրել է 2 բացարձակ տարբեր վճիռներ:
2011թ.-ի նոյեմբերի 12-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել էր “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ին` խնդրելով հայտնել կազմակերպության կաթնամթերքը արտադրվում է բնակա՞ն կաթից, թե՞ կաթնափոշուց, ինչպես նաև տրամադրել ցանկը, թե կազմակերպության կաթնամթերքներից որն է բնական կաթից, որը՝ ոչ, և/կամ որ արտադրատեսակի մեջ բնական կաթի քանակն ինչքան է: Նույնաբովանդակ հարցմամբ ԻԱԿ-ը 2011թ.-ի նոյեմբերի 18-ին դիմել էր նաև “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին: 2 կազմակերպություններն էլ ԻԱԿ-ի հարցումը թողել էին անպատասխան: 2011թ.-ի դեկտեմբերի 6-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ էր դիմել “Աշտարակ-Կաթ” ՓԲԸ-ին և “Դուստր Մարիաննա” ՍՊԸ-ին, սակայն կրկնակի հարցմամբ էլ պահանջվող տեղեկությունները չէին տրամադրվել:
2011թ.-ի դեկտեմբերի 19-ին ԻԱԿ-ը 2 կազմակերպությունների անգործությունը վիճարկեց դատական կարգով` հայցով դիմելով ՀՀ վարչական դատարան և խնդրելով պարտավորեցնել կազմակերպություններին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկությունները չտրամադրելու համար կազմակերպությունների տնօրեններին ենթարկել վարչական պատասխանատվության: Երկու դեպքում էլ դատարանը գործը վարույթ էր ընդունել միայն կազմակերպությունների տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով:
“Դուստր Մարիաննա”-ի գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր Ա. Դարբինյան) վճիռ կայացրեց 2013թ.-ի փետրվարի 19-ին, որով ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի հայցը` “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրենին տեղեկություն չտրամադրելու համար ենթարկելով վարչական պատասխանատվության և պարտավորեցնելով փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած դատական ծախսերը:
Իսկ “Աշտարակ-Կաթ”-ի գործով ՀՀ վարչական դատարանը (դատավոր Ա. Միրզոյան) վճիռ կայացվեց 2013թ.-ի մարտի 26-ին և ամբողջությամբ մերժեց ԻԱԿ-ի հայցը: