Նորություններ և իրադարձություններ
"Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվեց վարչական պատասխանատվության տեղեկություն չտրամադրելու համար
25.02.2013
2013թ.-ի փետրվարի 19-ին ՀՀ վարչական դատարանն իր վճռով որոշեց վարչական պատասխանատվության ենթարկել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին պատասխան չտրամադրելու համար:
2011թ.-ի նոյեմբերի 18-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղարկել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ տնօրեն Տիգրան Վարդանյանին` խնդրելով տեղեկություններ կազմակերպության արտադրած կաթնամթերքի վերաբերյալ: Կազմակերպությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 06.12.2011թ.-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ էր դիմել ՍՊԸ-ին:
Կրկնակի հարցմանն ի պատասխան` 2011թ.-ի դեկտեմբերի 16-ին ՍՊԸ-ն հայտնել էր, որ ԻԱԿ-ի խնդրած տեղեկությունը մակնշված է կազմակերպության արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա, ինչպես նաև հետաքրքրող տեղեկությունները ստանալու համար հղում էր արել կազմակերպության կայքին: Սակայն ԻԱԿ-ի խնդրած տեղեկություններն առկա չէին ոչ կազմակերպության արտադրանքի տուփերի վրա, ոչ էլ կայքում:
Արդյունքում, 2011թ.-ի դեկտեմբերի 19-ին ԻԱԿ-ը հայցով դիմեց ՀՀ վարչական դատարան` խնդրելով պարտավորեցնել "Դուստր Մարիաննա" ՍՊԸ-ին տրամադրել ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկությունները չտրամադրելու համար ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանին ենթարկել վարչական պատասխանատվության: Դատարանը գործը վարույթ էր ընդունել միայն կազմակերպության տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով:
2013թ.-ի փետրվարի 19-ին կայացրած վճռով ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարեց ԻԱԿ-ի հայցը` “Դուստր Մարիաննա” ընկերության տնօրենին տեղեկություն չտրամադրելու համար ենթարկելով վարչական պատասխանատվության` տուգանքի` 80.000 ՀՀ դրամի չափով (30.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի առաջին հարցմամբ եւ 50.000 ՀՀ դրամ ԻԱԿ-ի կրկնակի հարցմամբ խնդրվող տեղեկությունները չտրամադրելու համար), ինչպես նաև պարտավորեցնելով "Դուստր Մարիաննա" ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանին փոխհատուցել ԻԱԿ-ի կատարած` 100.000 ՀՀ դրամ դատական ծախսերը և 3.000 ՀՀ դրամ վճարած պետական տուրքի գումարը: