Նորություններ և իրադարձություններ
ԻԱԿ-ը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի
08.02.2013
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2012թ. նոյեմբերի 20-ին տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ Ազգային ժողով՝ խնդրելով հայտնել.
2012թ. պետական բյուջեով որքա՞ն գումար է տրամադրվել ԱԺ-ին ներկայացուցչական ծախսերի համար,
2012թ. առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում որքա՞ն գումար է ծախսվել ԱԺ ներկայացուցչական ծախսերի վրա,
կոկրետ ի՞նչ ուղղություններով են ծախսվել (սուրճի հյուրասիրություն, ռեստորան, հյուրանոց և այլն) 2012թ. պետական բյուջեից ԱԺ-ին հատկացված ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարները:
ԻԱԿ-ի այս հարցմանը ԱԺ-ն տրամադրել է թերի պատասխան: Պատասխանը համարվել է թերի, քանի որ հարցման երկրորդ և երրորդ կետերին պատասխան չի տրվել, մասնավորապես, տեղեկատվություն չի տրվել այն մասին, թե 2012թ. առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում, ըստ եռամսյակների որքա՞ն գումար է ծախսվել ԱԺ ներկայացուցչական ծախսերի վրա, ինչպես նաև տեղեկատվություն չի տրվել այն մասին, թե կոկրետ ինչ ուղղություններով ինչ գումար է ծախսվել (սուրճի հյուրասիրություն, ռեստորան, հյուրանոց և այլն) 2012թ. պետական բյուջեից ԱԺ-ին հատկացված ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարներից, այլ տրվել է ընդհանրական պատասխան` չնշելով նաև, թե ինչի համար որքան գումար է ծախսվել:
Մեկ այլ հարցմամբ 2012թ. նոյեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ Ազգային ժողով և խնդրել էր տրամադրել հետևյալ տեղեկությունները.
- Տեղադրված են արդյո՞ք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ www.parliament.am-ում, ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունները,
- Խնդրում ենք տրամադրել ՀՀ ԱԺ նախագահի 2012թ. առաջին կիսամյակի կարգադրությունների պատճեները:
Հարցման պատասխանը չստանալով՝ 2012թ. դեկտեմբերի 5-ին ԻԱԿ-ը տեղեկատվություն ստանալու կրկնակի հարցում է ներկայացրել ԱԺ-ին՝ կրկին խնդրելով տրամադրել հայցվող տեղեկատվությունը: Նույն օրը` 05.12.2012թ., ստացվել է ԱԺ էլեկտրոնային պատասխանն այն մասին, որ տեղեկատվությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և այն կտրամադրվի 30-օրյա ժամկետում:
Սակայն, դրանից հետո որևէ պատասխան ԱԺ-ից չի ստացվել, այսինքն՝ չի տրամադրվել 22.11.2012թ. հարցմամբ և 05.12.2012թ. կրկնակի հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը:
2013թ.-ի փետրվարի 1-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի՝ վիճարկելով ԻԱԿ-ի` տեղեկատվություն ստանալու 2 հարցումներին պատասխանելու հետ կապված ՀՀ ԱԺ-ի գործողությունները (անգործությունը): ԻԱԿ-ը դատարանից խնդրել է ճանաչել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման փաստը, այդ թվում՝ պատասխանողի անգործությամբ, և ՀՀ Ազգային ժողովին պարտավորեցնել տրամադրել հայցվող տեղեկությունները: