Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Ընդունվել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ

16.01.2013

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ գլխավոր դատախազությունը համատեղ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող "Տեղեկատվության մատչելիությունը համայնքային մասնակցության համար" ծրագրի շրջանակում մշակել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ, որոնք հաստատվել են 2012թ. դեկտեմբերի 28-ին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով: Կանոններն ուղղված են քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը, այդ գործընթացում ԶԼՄ-ի հետ համագործակության արդյունավետության բարձրացմանը:

Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնները մշակելու ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը: Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն աշխատանքային այցով եղել են Ստրասբուրգում՝ ոլորտի մասնագետների հետ հանդիպելու և քրեական գործերով տեղեկատվության տրամադրման և սահմանափակումների առանձնահատկությունները քննարկելու նպատակով: Նշենք նաև, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ այս կանոնները ուսումնասիրվել, փորձաքննության են ենթարկվել նաև միջազգային փորձագետների կողմից, որոնց ներկայացրած առաջարկներն ու դիտարկումները հաշվի են առնվել փաստաթղթի լրամշակման փուլում։ Փաստաթուղթը նաև դրվել է հանրային քննարկման:

"Առավոտ" օրաթերթի իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը նշում է, որ քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնների հստակեցումը կօգնի հատկապես իրավական թեմաներ լուսաբանող նոր սերնդի լրագրողներին. "Անձամբ ինձ այդ "խաղի կանոնները" ծանոթ էին: Այստեղ դրականն այն է, որ դատախազությունը, ելնելով հանրային շահի սկզբունքից, պատրաստակամություն է ցույց տվել քրեական գործերի լուսաբանման ժամանակ տրամադրել "թույլատրելի" տեղեկատվությունից ավելի շատ ինֆորմացիա":

"Սա աննախադեպ պրակտիկա է, երբ իրավապահ մարմինները, համագործակցելով հասարակական կառույցի հետ, մշակում և ընդունում են տեղեկատվության ազատությանն ու հրապարակայնությանն ուղղված փաստաթուղթ: Վստահ ենք, որ դատախազության մարմինները այս փաստաթուղթը արդյունավետորեն կկիրառեն իրենց ամենօրյա աշխատանքում: Ինչպես նաև հուսով ենք, որ այս փորձը կներդրվի նաև ՊՆ և ոստիկանության համակարգերում", -նշում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր 28.12.2012թ "Քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները հաստատելու մասին" հրամանում անդրադարձել է տեղեկություն ստանալու իրավունքի երաշխավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև հանրությանը քրեական դատավարության և, մասնավորապես, դատախազության գործունեության վերաբերյալ տեղեկություն հաղորդելու կարևորությանը: Կանոնների կատարման վերահսկողությունը ՀՀ գլխավոր դատախազը վերցրել է անձամբ իր վրա:
"Քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կանոնակարգումն այլևս անհրաժեշտություն էր",-կարծում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը, -քանի որ ամենօրյա աշխատանքի ընթացքում առնչվում էինք բազում խնդիրների՝ կապված քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման հետ"։

Դատախազությունն իրականացնում է քրեական քաղաքականությունը, ապահովում հսկողությունը հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ: Շատ կարևոր է, որ, ապահովելով այդ գործառույթների իրականացման հրապարակայնությունը, պահպանվեն մարդու իրավունքները և չհրապարակվեն անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, չօգտագործվեն այնպիսի որակումներ, որոնք կխախտեն մեղադրյալի անմեղության կանխավարկածը կամ կվտանգեն հանցագործությունների բացահայտումն ու կանխումը։ Եվ հակառակը, նախաքննության գաղտնիք ձևակերպմամբ անհարկի չսահմանափակվի քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Հուսանք, գործնական կիրառման ընթացքում այն լրագրողներին զերծ կպահի պետական հիմնարկի պատասխանատու աշխատակցի կողմից հնարավոր կամայականություններից, ինչպես նաև նվազագույնի կհասցնի չարաշահումները":

Ի դեպ, իրավական թեմաներ լուսաբանող մի շարք սկսնակ լրագրողներ այս կանոնների ընդունումը համարում են լրագրողների գործունեության սահմանափակումներ, ինչի հետ համակարծիք չէ Ռուզան Մինասյանը: Ավելին, վերջինիս կարծիքով, "նման կանոնների ընդունումն անհրաժեշտություն էր":

 

← Վերադառնալ ցուցակին