Նորություններ և իրադարձություններ
ՏՎԽ-ի կարծիքների ծողովածուն ներկայացվեց հանրությանը
17.12.2012
2012թ.-ի դեկտեմբերի 17-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Հայելի" ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հասարակությանը ներկայացրեց Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքների ամփոփ ծողովածուն: Տեղեկատվական վեճերի խորհուրդը 2012թ.-ի դեկտեմբերի դրությամբ շուրջ 25 մասնագիտական կարծիք է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ ԶԼՄ-ների մասնակցությամբ տեղի ունեցած դատական գործերի վերաբերյալ:
Շուշան Դոյդոյանը ներկայացրեց ՏՎԽ-ի կարծիքների նշանակությունը և կարևորությունը հատկապես լրագրողների համար, ովքեր կարող են կիրառել ՏՎԽ-ի կարծիքներն այն դեպքերում, երբ իրենց հրապարակումները կփորձեն որակել որպես պատիվ և արժանապատվություն ոտնահարող: "Օգտագործելով ՏՎԽ-ի կարծիքները՝ դուք կարող եք զերծ պահել ձեզ տեղեկատվական վեճերի մեջ ներքաշվելուց", - նշեց Շուշան Դոյդոյանը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Շ. Դոյդոյանը նաև ներկայացրեց ՏՎԽ-ի կազմը և ստեղծման նպատակը:
ՏՎԽ անդամ Արա Ղազարյանն անդրադարձավ վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ դատական գործերի վիճակագրությանը՝ առանձին ներկայացնելով նաև վիրավորանքի և զրպարտության գործերով դատարան ներկայացված դրամական փոխհատուցման պահանջների և դրանց բավարարման վիճակագրությունը: Անդրադառնալով դատական գործերին՝ Ա. Ղազարյանը նշեց, որ վիրավորանքի և զրպարտության գործերի մի շարք դեպքերում վեճի լուծումը դուրս է եղել օրենսդրական դաշտից և վերաբերել է լրագրողի էթիկային:
ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյն իր խոսքում նշեց, որ ՏՎԽ-ի աշխատանքը շատ ողջունելի է. "Հույս ունենք, որ ՏՎԽ-ի նման կազմակերպությունները կաճեն, կզարգանան և ոչ միայն նման աշխատանքներ կհրապարակեն, այլ նաև կշարունակեն կատարել միջնորդի դեր՝ օգնելով կողմերին արտադատարանական կարգով լուծել իրենց խնդիրները":