Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Շուկայի վերահսկողության պետական տեսչության ստուգումների արդյունքներն արդեն մատչելի են

03.12.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետևողական ջանքերի շնորհիվ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի Շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում (www.mineconomy.am) տեղադրվեցին տվյալ ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքները:

Նշենք, որ վերջին շրջանում շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իրականացրել էր աղմկահարույց ստուգումներ տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային ապրանքների, ծառայությունների, տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ, ինչի մասին սպառողը տեղեկատվություն էր ստանում միայն ԶԼՄ-ներից, այն էլ՝ ոչ ամբողջական:

Ուստի, ԻԱԿ-ը 05.10.2012թ. թիվ 183-ի 6 հարցմամբ դիմել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ պարոն Լևոն Խալիկյանին՝ խնդրելով հայտնել, թե որտե՞ղ և ի՞նչ կարգով է Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը հրապարակում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները:
Հարցմանն ի պատասխան ստացվել է Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ. Խալիկյանի գրությունն այն մասին, որ անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք- էջում` www.mineconomy.am հասցեով:

Սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում www.mineconomy.am հասցեով Շուկայի վերահսկողության պետական տեսչության մասով բացակայում է Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները, մասնավորապես, այդպիսիք առկա չեն կայք-էջի` Շուկայի վերահսկողության պետական տեսչությանը վերաբերող հետևյալ հասցեում` www.mineconomy.am/arm/49/gortsaruyt.html:

ԻԱԿ-ը 20.11.2012թ.-ին դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խնդրելով ապահովել, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ավել, քան յոթ օրվա ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջում տեղադրվի Շուկայի վերահսկողության պետական տեսչության վերաբերյալ` Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը:

Եվ 2012թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ, արդեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայք-էջի շուկայի վերահսկողության պետական տեսչության բաժնում, տեղադրված են տվյալ ծառայության կողմից իրականացված 2011 և 2012թթ.. ստուգումների ամփոփ հաշվետվությունները, ստուգումների ընթացքում պահանջվող փաստաթղթերը, ստուգաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույց, տեսչության հասցեն, հեռախոսահամարները, նաև՝ օրենսդրության փաթեթը, որի շրջանակներում աշխատում է նշյալ կառույցը:
 

← Վերադառնալ ցուցակին