Նորություններ և իրադարձություններ
Կանոնների նախագիծ՝ քրեական գործերով տեղեկատվության տրամադրման
22.11.2012
ՀՀ գլխավոր դատախազությունը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել են քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոններ՝ նպատակ ունենալով կանոնակարգելու քրեական դատավարության վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը, մշակել պաշտոնական մամուլի հաղորդագրություններին ուղղված պահանջները՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները:
Նկատի ունենալով, որ Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները ոչ իրավաչափ գործունեության արդյունքում հնարավոր է բախվեն՝ Կանոններով փորձ է արվել սահմանել իրավական չափորոշիչներ՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների հավասարակշռված պահպանումը քրեական դատավարության վերաբերյալ հաղորդագրություններ տարածելիս:
Կանոնները պետք է հաստատվեն ՀՀ գլխավոր դատախազի կողմից։ Հաշվի առնելով Կանոնների հանրային կարևորությունը՝ դատախազությունն այն ներկայացնում է հանրային քննարկման։ Ստորև կարող եք ծանոթանալ Կանոնների նախագծին՝
Նախագիծ
Կանոնները
քրեական գործերով տեղեկատվություն տրամադրման
- Նպատակը
- Իրավունքների հավասարակշռված պահպանման սկզբունքները
- Տեղեկատվության ազատությունը քրեական դատավարության ընթացքում
- Նախաքննության գաղտնիքը և տեղեկատվության ազատությունը
- Քրեական գործերով պաշտոնական հաղորդագրությունների մատչելիությունը
- Առանձին գործերով դատախազության` որպես քրեական հետապնդում իրականացնող մարմնի, հրապարակային մեկնաբանությունները
- Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը
- Տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային էջի միջոցով
- Քրեական գործերով տեղեկատվության ազատությունը և մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը
- Քրեական գործերով տեղեկատվության ազատությունը և մարդու պատվի և արժանապատվության իրավունքը
- Անմեղության կանխավարկածը
- Քրեական գործերով անչափահասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունները
- Քրեական գործերով տեղեկատվության ազատությունը և վկաների, տուժողների պաշտպանությունը
- Կոռուպցիոն հանցագործություններով տեղեկատվության ազատությունը
- Տեղեկատվության չարաշահման արգելքը և դատաքննության ընթացքի վրա վնասակար ազդեցության կանխումը
- Քրեական դատաքննության մասին տեղեկատվության պարբերականությունը
1. Նպատակը
Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելու կանոնները (այսուհետ՝ Կանոններ) նպատակ ունեն կանոնակարգելու քրեական դատավարության վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությունը, մշակել պաշտոնական մամուլի հաղորդագրություններին ուղղված պահանջները՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա), Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները: Նկատի ունենալով, որ Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները ոչ իրավաչափ գործունեության արդյունքում հնարավոր է բախվեն՝ դատախազությունը սահմանում է իրավական չափորոշիչներ՝ նպատակ ունենալով ապահովել մարդու իրավունքների հավասարակշռված պահպանումը քրեական դատավարության վերաբերյալ հաղորդագրություններ տարածելիս:
2. Իրավունքների հավասարակշռված պահպանման սկզբունքները
Կանոններն ուղղված են քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն տարածելիս ապահովելու իրավունքների հավասարակշռված պահպանումը՝ հետևյալ առանցքային սկզբունքների հիմնադրույթներով
1) տեղեկատվության ազատությունը,
2) անձնական ու ընտանեկան կյանքի իրավունքը,
3) անմեղության կանխավարկածը,
4) քննության գաղտնիությունը,
5) հանրային շահը։
Հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածներով, ՀՀ Սահմանադրության 21-րդ, 23-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված իրավունքների անհարկի բախման հավանականությունը կարող են բախվել, յուրաքանչյուր դեպքում դատախազությունը երաշխավորում է այդ իրավունքները`մարդու իրավունքների գերակայության և հանրային շահի տեսանկյունից: Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար։
Դատախազությունը պարտավորվում է քրեական դատավարության, դատախազության աշխատանքների վերաբերյալ մամուլի հաղորդագրություններ տարածելիս պահպանել նշված սկզբունքները և իրավական հիմնադրույթները։
3. Տեղեկատվության ազատությունը քրեական դատավարության ընթացքում
Տեղեկատվության տրամադրման աշխատանքները հարկ է կազմակերպել այնպես, որպեսզի հանրությունը պետք է հնարավորություն ունենա, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցով տեղեկատվություն ստանալու քրեական գործերով նախաքննության, դատախազության գործունեության մասին: Դատախազությունը պետք է պարբերաբար տեղեկություններ տրամադրի լրատվության միջոցներին՝ դատախազական գործունեության, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննության արդյունքների մասին այն ծավալով, որքանով դրանց հրապարակումը չի վտանգի հանցագործությունների կանխմանը, քրեական գործերով նախաքննության օբյեկտիվությանն ու լրիվությանը, ինչպես նաև այլ անձանց պատվին ու արժանապատվությանը և իրավունքների պաշտպանությունը, արդարադատության շահերին ու անաչառությունը: Այդուհանդերձ՝ նշված պայմանները չեն կարող պատճառ դառնալ մերժելու սոսկ փաստական տեղեկատվության տրամադրումը, և եթե նախաքննության շահերից ելնելով, մասնավորապես, քրեական գործով նախաքննության արդյունքները տվյալ փուլում հրապարակման ենթակա չեն, ապա քրեական գործ հարուցելու կամ ներգրավված մեղադրյալների քանակի մասին տեղեկության տրամադրումն այդ հիմքերով չի կարող մերժվել:
4. Քննության գաղտնիքը և տեղեկատվության ազատությունը
Քննության տվյալները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հրապարակման միայն գործի մարմնի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
Մինչդատական փուլում, դատախազությունը հնարավորության դեպքում, պետք է աջակցի ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրելու հարցում` արձանագրելով, որ տրամադրվող տեղեկատվությունը նախնական է` հիմնված այդ պահին վարույթն իրականացնող մարմնի ձեռք բերած փաստական տվյալների վրա: Դատախազությունը կարող է չհրապարակել ԶԼՄ-ների կողմից հարցվող տեղեկատվությունը, եթե դրա հրապարակումը կարող է վտանգել նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը, դատավարության մասնակիցների անվտանգությունը, անմեղության կանխավարկածը, խախտել այլ անձանց իրավունքները:
Դատական նիստերի նշանակված օրերի, նախաքննության ավարտի, որպես մեղադրյալ ներգրավված անձանց առկայության մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի կատարված հարցման հիման վրա, օրենքով սահմանված ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բացարձակապես անհնարին է:
Մինչդատական փուլում դատախազությունը կարող է չհրապարակել կասկածյալի, մեղադրյալի անուն-ազգանունը, եթե դրա հրապարակումը կարող է վնասել քննությանը:
5. Քրեական գործերով պաշտոնական հաղորդագրությունների մատչելիությունը
Մինչդատական փուլում գտնվող քրեական գործի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությունը համապատասխան մարմինները պետք է առանց խտրականության մատչելի դարձնեն բոլոր այն լրագրողներին և լրատվության միջոցներին, ովքեր դիմել են նույն տեղեկատվությունը ստանալու համար։ Եթե դատախազությունը սեփական նախաձեռնությամբ տեղեկատվություն է հրապարակում իր գործունեության կամ որևէ քրեական գործի կամ նյութերի վարույթի ընթացքի վերաբերյալ, ապա այդպիսի տեղեկատվությունը պետք է տրամադրվի բոլորին` առանց խտրականության` հաղորդագրությունների, մամլո ասուլիսների, լիազորված պաշտոնատար անձի միջոցով:
6. Առանձին գործերով դատախազության` որպես քրեական հետապնդում իրականացնող մարմնի, հրապարակային մեկնաբանությունները
Նկատի ունենալով, որ դատախազը, օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեական հետապնդում, դատարանում պաշտպանում մեղադրանքը` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքի պահանջներով, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների վրա հիմնված իր ներքին համոզմամբ, առանձին քրեական գործերով մեղադրանքը պաշտպանող դատախազի ներկայացրած դիտարկումները կամ դրանց վերաբերյալ տարածվող մամուլի հաղորդագրությունները չեն կարող գնահատվել որպես անմեղության կանխավարկածի խախտում:
"Դակտարասն ընդդեմ Լիտվայի և Բուտկյևիչուսն ընդդեմ Լիտվայի" կամ "Կրաքսին ընդդեմ Իտալիայի" գործերով Եվրոպական դատարանը նշել է, որ "...դատախազի հայտարարությունները կարելի է մեկնաբանել որպես պարզ պնդում այն մասին, որ առկա են բավարար ապացույցներ, որով կարելի է հիմնավորել դիմումատուի մեղավորությունը...":
Այդուհանդերձ, յուրաքանչյուր նման դեպքում, պետք է արձանագրվի, որ հրապարակվածը դատախազի ներքին համոզմունքն է` հիմնված գործով ձեռք բերված ապացույցների վրա՝ խուսափելով մեղադրյալին կամ ամբաստանյալին որպես հանցագործ ներկայացնող գնահատականներից:
7. Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը
Դատախազությունը միասնական կառույց է և զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցությունն ապահովվում է ՀՀ գլխավոր դատախազության՝ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության համար պատասխանատու համապատասխան պաշտոնյայի՝ մամուլի քարտուղարի միջոցով:
Մամուլի քարտուղարը հնարավորինս օպերատիվ, պետք է տեղեկացված լինի այնպիսի քրեական գործերի կամ դատախազական գործունեության արդյունքների մասին, որոնք հնարավոր է արժանանան հասարակության կամ միջազգային հանրության, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ուշադրությանը, ունենան հասարակական հնչեղություն:
Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից սահմանադրական լիազորությունների իրականացման, ինչպես նաև նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների, ամփոփումների վերաբերյալ, Կանոններին համապատասխան, զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվություն տալու նպատակահարմարության, ժամկետի և ծավալի հարցը որոշում են այդ ստորաբաժանումները գլխավորող դատախազները:
Դատախազական և քննչական գործունեության նյութերը հրապարակման ներկայացնելու հարցը լուծելիս անհրաժեշտ է
- կշռադատված մոտեցում ապահովել հրապարակման ներկայացվող նյութերի ընտրության նկատմամբ,
-խստորեն ղեկավարվել յուրաքանչյուր մարդու անձնական և ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից, պատիվն ու բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու իրավունքի հիմնադրույթներով,
- ապահովել զանգվածային լրատվության միջոցներում լուսաբանման համար նախատեսված նյութերի ու տվյալների մանրակրկիտ ստուգումը՝ բացառելով պետական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների հրապարակումը,
-զերծ մնալ կանխակալ կարծիք հայտնելուց մինչև հարցի քննարկման ավարտը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության անունից պաշտոնական հաղորդագրությունները զանգվածային լրատվության միջոցներին են տրամադրվում բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի մամուլի քարտուղարի կամ նրան փոխարինող այլ պաշտոնատար անձի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի համաձայնությամբ:
Պաշտոնական հաղորդագրությունների նախապատրաստման համար անհրաժեշտ նյութերը և դրանց նախագծերը մամուլի քարտուղարին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները, դատախազության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Հրապարակման համար տրամադրված տեղեկատվության ճշգրտության համար պատասխանատվություն են կրում մամուլի քարտուղարին տեղեկատվություն տրամադրած անձինք:
Մամուլի հաղորդագրությունները պատրաստելիս, հնարավորության դեպքում, կարող են ամբողջությամբ ներկայացվել կամ օգտագործվել մեջբերումներ՝ քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու որոշումներից կամ քրեական գործով ձեռք բերված այլ փաստաթղթերից՝ ապահովելով համապատասխան հղումը:
Մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության համար նախատեսված դատախազության գործունեությունը լուսաբանող նյութերը պետք է լինեն պատշաճ կարգով ստուգված և իրավաբանորեն անթերի:
8. Տեղեկատվության տրամադրումը ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային էջի միջոցով
Դատախազությունը "Դատախազության մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին այնքանով, որքանով դա չի հակասում մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին և օրինական շահերին, ինչպես նաև պետական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությանը: Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
Դատախազությունը պետք է միջոցներ ձեռնարկի նշված հաղորդումը, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հրապարակվող կամ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի վերաբերյալ տարածվող տեղեկատվությունը հասանելի դարձնելու բոլորին` ապահովելով դրանց տեղադրումը ՀՀ դատախազության ինտերնետային էջում՝ դրա հնարավորության դեպքում:
9. Քրեական գործերով տեղեկատվության ազատությունը և մարդու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը
Քրեական գործերով տեղեկատվություն տրամադրելիս հարկ է ղեկավարվել Սահմանադրության այն հիմնադրույթներով, ըստ որոնց յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու իրավունք, ինչպեսև յուրաքանչյուր ոք ունի անձնական ու ընտանեկան կյանքի նկատմաբ հարգանքի իրավունք: Առանց անձի համաձայնության չի կարելի նրա վերաբերյալ հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ քան նախատեսված է օրենքով:
Դատախազությունը պետք է քրեական դատավարության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս պահպանի նաև անձի, այդ թվում դատավարության մասնակիցների անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը և խուսափի մասնավոր կյանքի վերաբերյալ, անձնական բնույթի տեղեկություններ հրապարակելուց:
10. Քրեական գործերով տեղեկատվության ազատությունը և մարդու պատվի ու արժանապատվության իրավունքը
Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: Քրեական դատավարության ընթացքի վերաբերյալ տեղեկություններ տարածելիս կամ հրապարակային մեկնաբանություններ ներկայացնելիս՝ դատախազությունը պետք է զերծ մնա այնպիսի որակումներից, որոնք կարող են արատավորել անձի պատիվն ու արժանապատվությունը, կամ իրավաբանական անձանց գործարար համբավը: Որպես ելակետ պետք է ընդունել, որ ստույգ փաստերի վրա հիմնված (բացառությամբ բնական արատների) կամ գերակա հանրային շահով պայմանավորված հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես մարդու պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկատվության տարածում:
11. Անմեղության կանխավարկածը
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանքը արդար դատավարության իրավունքի անքակտելի մասն է: ԶԼՄ-ներին ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի վերաբերյալ կարծիքներ ու տեղեկատվություն կարող է տարածվել կամ հաղորդվել միայն այն դեպքում և այն ծավալով, երբ դա չի վտանգում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Եթե, այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը մինչդատական փուլում որոշել է տեղեկատվություն տրամադրել սեփական նախաձեռնությամբ կամ ԶԼՄ-ներից ստացված հարցումների հիման վրա, ապա միաժամանակ պետք է խուսափի կասկածյալին կամ մեղադրյալին ձեռնաշղթաներով ցուցադրելուց կամ որպես հանցագործ ներկայացնելու ցանկացած այլ եղանակից:
Մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործի վերաբերյալ դատախազության կողմից տարածվող մամուլի հաղորդագրությունները պետք է պարունակեն ծանուցում հետևյալ բովանդակությամբ.
"Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով":
12. Քրեական գործերով անչափահասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունները
Դատախազական գործունեության կամ քրեական գործերի դատավարության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի անչափահասների իրավունքների պաշտպանությանը: Մինչդատական փուլում դատախազությունը պետք է ձեռնպահ մնա անչափահաս կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի ինքնության, անուն-ազգանունը հրապարակելուց: Բոլոր դեպքերում պետք է կանխվեն այն վտանգավոր հետևանքները, որոնք կարող են հանգեցնել անչափահասի ինքնության հրապարակումը կամ կարող է խոչընդոտել նրա՝ հասարակությանը վերաինտեգրվելուն:
13. Քրեական գործերով տեղեկատվության ազատությունը և վկաների, տուժողների պաշտպանությունը
Քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս վկաների, տուժողների ինքնությունը չպետք է հրապարակվի, եթե դա վտանգում է նրանց կյանքն ու անվտանգությունը:
Վկաների և տուժողների ինքնությունը կարող է գաղտնազերծվել, երբ վկան կամ տուժողը նախապես տվել են իրենց համաձայնությունը կամ նրանց ցուցմունքի բովանդակության հրապարակումն ունի հանրային կարևորություն կամ նրանք արդեն իսկ հանդես են եկել վիճարկվող թեմայի վերաբերյալ հրապարակային ելույթներով:
14. Կոռուպցիոն հանցագործություններով տեղեկատվության ազատությունը
Նկատի ունենալով, որ կոռուպցիոն հանցագործությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում հասարակության կայունության և անվտանգության համար, խարխլում ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները, բարոյական արժեքներն ու արդարությունը, վտանգում կայուն զարգացումն ու օրենքի գերակայությունը՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակներում պետք է հնարավորինս ապահովի հրապարակայնությունը, հատկապես, կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, աջակցի քաղաքացիական հասարակության ներգրավմանը կոռուպցիայի դեմ պայքարում:
Հանրային շահի առկայության պայմաններում դատախազությունը պետք է միջոցներ ձեռնարկի ապահովելու կոռուպցիոն հանցագործությունների կապակցությամբ քննվող քրեական գործերի մասին տեղեկատվութան հասանելիությունը հասարակության առավել լայն շրջանակներին: Իրականացնի հանրային իրազեկմանն ուղղված քարոզարշավ՝ նպաստելու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը, խրախուսի և պաշտպանի կոռուպցիայի մասին քաղաքացիների տեղեկատվություն փնտրելու, ստանալու, հրապարակելու, տարածելու ազատությունը:
Ապահովելով կոռուպցիոն հանցագործություններով քննության հրապարակայնությունը՝ դատախազությունը միաժամանակ միջոցներ պետք է ձեռնարկի վկաներին, տուժողներին և դատավարության մյուս մասնակիցներին հնարավոր հաշվեհարդարից պաշտպանելու ուղղությամբ:
15. Տեղեկատվության չարաշահման արգելքը և դատաքննության ընթացքի վրա վնասակար ազդեցության կանխումը
Վարույթն իրականացնող մարմինը չպետք է ընթացքի մեջ գտնվող քրեական գործով նախաքննության և դատաքննության վերաբերյալ տեղեկատվություն օգտագործի կոմերցիոն նպատակների համար, կամ օրենքի իրավաչափ կիրառման հետ չառնչվող այլ նպատակներով:
Քրեական դատավարության ընթացքում դատախազությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը կարող է էապես ազդել դատաքննության բնականոն ընթացքի վրա:
Մինչդատական փուլում կարող է չհրապարակվել կոնկրետ քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ինքնության վերաբերյալ տեղեկությունները՝ նրանց նկատմամբ հնարավոր ներգործությունը բացառելու, օրենքով նախատեսված այլ բացասական երևույթները կանխելու համար:
16. Քրեական դատաքննության մասին տեղեկատվության պարբերականությունը
Հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ հանրության հատուկ ուշադրությանն արժանացած քրեական գործերի համատեքստում վարույթն իրականացնող մարմինը պետք է լրատվության միջոցներին տեղեկատվություն տրամադրի իր կողմից կատարված էական գործողությունների մասին, այնքանով, որքանով, որ դա չի վնասի քննության գաղտնությանը, չի դանդաղեցնի կամ խաթարի քննության ելքը:
Երկարատև քրեական դատաքննությունների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն պետք է տրամադրվի պարբերաբար: Եթե դատախազությունը նախաքննության սկզբում առաջադրված մեղադրանքի մասին հանրությանը տրամադրել է տեղեկատվություն, ապա նույն եղանակով տեղեկատվություն պետք է տրամադրվի նաև նախաքննության վերջնական արդյունքների, ինչպես նաև դատարանի կողմից ապացուցված հանգամանքների մասին: