Նորություններ և իրադարձություններ
Մրցույթի հրավեր լրագրողների համար
05.11.2012
Միգրացիայի հարցերի լուսաբանման մրցույթ
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված լրագրողական նյութերը:
Մրցույթն անցկացվելու է մեկ անվանակարգով՝ առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներով: Բոլոր տեղերի համար նախատեսվում են դրամական մրցանակներ.
- Առաջին տեղ – 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
- Երկրորդ տեղ - 500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
- Երրորդ տեղ - 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
(*գումարի չափը ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր պահումները):
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից և միգրացիոն հարցերով փորձագետներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
- Մամուլում տպագրված նյութի բնօրինակը կամ պատճենը:
- Առցանց հրապարակված նյութի տպագիր պատճենը`նշելով համացանցային հղումը:
- Հեռուստատեսային նյութը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով և
- հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2013 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2013 թվականի մարտի 15-ին կայանալիք Միգրացիայի հարցերի լուսաբանման մրցանակաբաշխությանը:
Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից մինչև 16:00-ը "Ինֆորմացիայի ազատության կենտրոն" ՀԿ-ի գրասենյակ` ք. Երևան, Փ. Բուզանդի 1/3, 4-րդ հարկ:
Մանրամասների համար կարող եք զանգել 010 560 360 կամ 091 43 51 36 հեռախոսահամարներով կամ գրել contestmigration@gmail.com էլեկտրոնային հասցեին: