Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

15 տարի տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանություն. առաջընթացները և խնդիրները

19.06.2012

"Տեղեկատվության մատչելիության ծրագիր" կազմակերպության գործադիր տնօրեն Գերգանա Ժուլևան բացեց համաժողովը: Մասնակիցների թվում էին Իրավունքի և ժողովրդավարության կենտրոնի տնօրեն և Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի ղեկավար կոմիտեի նախագահ Թոբի Մենդելը, "Տեղեկատվության մատչելիություն Եվրոպա" (Access Info Europe) տնօրեն Հելեն Դերբիշերը և "Statewatch" ՀԿ-ի տնօրեն Թոնի Բունյանը: Կոնֆերանսին նաև մասնակցում էին տեղեկատվության ազատության ոլորտում առաջատար դեր ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Կիպրոսից, Վրաստանից, Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից և Չեխիայից: Ներկա էին նաև Բուլղարիայի լրատվամիջոցների, գործընկեր հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների ավելի քան 50 ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Բուլղարիայի Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր քարտուղար տիկին Ռոսիցա Տոկովան, Տեղեկատվական անվտանգության պետական հանձնաժողովի նախագահ տիկին Սվետա Մարկովան, Անհատական տվյալների պաշտպանության կոմիտեի նախագահ տիկին Վենետա Շոպովան: Շնորհավորական ողջույններ էին նաև ստացվել Մշակույթի, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հարցերով խորհրդարանական հանձնախմբի նախագահ տիկին Դանիելա Պետրովայից և Ազգային վերահսկիչ պալատի նախագահ պարոն Վալերի Դիմիտրովից:

Համաժողովին մասնակցում էին նաև Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր անդամ Լիանա Դոյդոյանը և կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Լիանա Դոյդոյանը ներկայացրեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձը տեղեկատվության ազատության մասին հանրային քարոզարշավի անցկացման ոլորտում, ԻԱԿ-ի իրականացրած հանրային ծրագրերը և միջոցառումները: Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանում տեղեկատվություն տնօրինող մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ տեղեկատվության հրապարակման (տեղեկատվության պրոակտիվ հրապարակման) պրակտիկան, օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև տեղեկատվության ազատության իրավունքի վերաբերյալ ՀՀ օրեսդրության հիմնական դրույթները:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը "Ոսկե բանալի" մրցանակ հանձնեց "Տեղեկատվության մատչելիության ծրագիր" կազմակերպության ղեկավար Գերգանա Ժուլևային` որպես 15 տարիների ընթացքում ՏԱ հիմնախնդիրներով հետևողականորեն զբաղվող կազմակերպություն և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի լավագույն բարեկամ ՀԿ:

Երկու օր տևած համաժողովի ընթացքում տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանները ներկայացրեցին ՏԱ պաշտպանության իրենց փորձը:
Ուսումնասիրվեցին ԵԽ մարմինների փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ ԵԽ 1049/2011 Կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ վերջին զարգացումները և ներկայացվեցին միջազգային պայմանագրերով և մարմինների կողմից սահմանված չափորոշիչները: Քննարկվեց տեղեկատվություն տնօրինող մարմինների կողմից սեփական նախաձեռնությամբ տեղեկատվության հրապարակման (տեղեկատվության պրոակտիվ հրապարակման) մոնիթորինգի ազդեցությունը պետական մարմինների թափանցիկության բարձրացման վրա:

Հասարակական կազմակերպությունները և լրագրողները ներկայացրեցին հանրային քարոզարշավների, պետական կառավարմանը հասարակության մասնակցության և լրագրողական հետաքննությունների համար հրապարակային տեղեկատվության մատչելիության օգտագործման մեթոդները: Ներկայացվեցին ՏԱ ոլորտում իրավական խորհրդատվության և դատավարությունների արդյունքներ: Ներկայացվեցին ՏԱ մասին իրազեկության բարձրացման քարոզարշավները և, մասնավորապես, Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված միջոցառումները` որպես տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանության հաջող գործիք: Քննարկվեց ՏԱ պաշտպանների դերը Բաց կառավարման գործընկերությունում և ապագա նախաձեռնությունների հնարավորությունները:

Համաժողովի ընթացքում արձանագրված հետևությունները և ռազմավարական հետագա քայլերը կներառվեն վերջնական փաստաթղթում, որը կներկայացվի Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցին:

Տես ավելին՝ Տեղեկատվության մատչելիության ծրագիր
 

← Վերադառնալ ցուցակին