Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Նորություններ և իրադարձություններ

Բացվեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" ֆոտոցուցահանդեսը

03.05.2012

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ այսօր Երևանում բացվեց "Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք" խորագրով ցուցահանդեսը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը ներկա էին լրագրողներ, պետական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Միջոցառմանն աջակցում են նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը և ԵԱՀԿ Երևանի գրասենյակը:

Ցուցահանդեսի նպատակն է անդրադառնալ տեղեկատվություն ստանալու իրավունքի խոչընդոտներին ու հնարավորություններին, և կառավարությանը, մամուլի ներկայացուցիչներին ու ընդհանուր հանրությանը հիշեցնել այս իրավունքին հասնելու գործում իրենց դերակատարման մասին: Ֆոտոցուցահանդեսին մասնակցող 70-ից ավելի լուսանկարներն ու ծաղրանկարները կտպագրվեն նաև մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ ֆոտոկատալոգում:

Ցուցահանդեսին բացման խոսքում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ողջունեց ցուցահանդեսը՝ որպես տեղեկատվության և մամուլի ազատության մասին հանրային ընկալումները ներկայացնելու ինքնատիպ միջոց. "Այսօր նշում ենք Մամուլի ազատության օրը: Եվրոպական միությունը մշտապես սատարել է խոսքի և կարծիքի ազատ արտահայտմանը, քանի որ այն մարդու հիմնարար իրավունքների մասն է կազմում: Ցանկանում եմ օգտվել այս առիթից և կարևորել լրագրողների աշխարհի ցանկացած վայրում իրականացրած աշխատանքը, քանի որ ազատ արտահայտվելու իրենց իրավունքն իրականացնելու համար նրանք երբեմն վտանգի են ենթարկում իրենց կյանքը: Հուսով ենք, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների լուսաբանման ժամանակ ականատես կլինենք մասնագիտական նման նվիրումի":

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինը շեշտեց մամուլի և տեղեկատվության ազատության դերը բաց և հաշվետու կառավարության ձևավորման գործընթացում, ինչպես նաև ավելացրեց. "Ազատ խոսքն ու տեղեկատվության մատչելիությունը հիմնարար նշանակություն ունեն մարդու արժանապատվության հարգման համար: Դրանք այն կարևոր գործիքներն են, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին: Հուսով ենք, որ այսօրվա ցուցահանդեսը կառավարությանը, ԶԼՄ-ներին և հասարակությանը կհիշեցնի, թե իրենցից յուրաքանչյուրն ինչ դեր ունի ազատ խոսքի և տեղեկատվության իրավունքի կիրառման հարցում":

ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշեց. "Այս միջոցառումը յուրահատուկ ակցիա է հանրության ուշադրությունը մեկ անգամ ևս բևեռելու մամուլի և տեղեկատվության ազատության հիմնահարցերին: Սա հատուկ ֆոտոցուցահանդես է, քանի որ այստեղ յուրաքանչյուր ոք` քաղաքացի, լրագրող, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր աշխատանքը: Այս լուսանկարներում պատկերված հերոսներն իրենց անհամաձայնությունն են հայտնում մամուլի ազատության հանդեպ կատարվող բռնությունների նկատմամբ, ինչպես նաև փորձում են իրականացնել իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքը` անկախ խոչընդոտներից և արգելքներից":

ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես գովասանքի խոսքեր ասաց կազմակերպիչներին և կարևորեց ազատ մամուլի և տեղեկատվության հասանելիության դերը գործուն ժողովրդավարության կայացման գործում: Դեսպան Հեֆերնը Հայաստանի Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնին կոչ արեց շարունակել պետական հաստատությունների թափանցիկութան և հաշվետվողականության զարգացմանն ուղղված իրենց արդյունավետ ջանքերը:

Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ ևս մեկ անգամ կարևորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միջոցառմանը կոչ արվեց անդամ երկրներին երաշխավորել և սատարել տեղեկատվության ազատությանը և հիշեցնել քաղաքացիական հասարակության կազմակերպություներին, այլ ներգրավված կառույցներին, և, մասնավորապես, լրատվամիջոցներին, տեղեկատվության ազատությունը խթանելու իրենց կարևոր դերի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին