Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Հույս ունեմ, որ տեղեկատվություն տնօրինող մարմինները կորդեգրեն բաց աշխատելու սկզբունքը. Շ. Դոյդոյան

02.01.2012

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը «Առաջին լրատվական»-ին ներկայացրեց իր 2012թ. սպասումներն ու անելիքները: 
 
Նա տեղեկացրեց, որ ԻԱԿ-ը տեղեկատվության ազատության իրավունքի խախտման վերաբերյալ մի շարք դատական գործեր է նախաձեռնել, որոնք հավանաբար կավարտվեն 2012-ին: 
 
«2012թ.-ին ամենամեծ սպասելիքներից է այս դատական գործերի դրական ավարտը: Արդարադատության իրականացումը և դատարանների կողմից տեղեկատվության ազատության խախտված իրավունքի վերականգնումը մեծապես կնպաստի ՏԱ ոլորտի զարգացմանը: 
 
ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյան, պատասխանատվության ենթարկվելով, այդուհետ մի քանի անգամ կմտածի` մինչև ՏԱ հարցումն անհիմն մերժելը կամ հարցումն անպատասխան թողնելը»,- մեկնաբանեց Շ. Դոյդոյանը` հույս հայտնելով, որ 2012թ.-ին տեղեկատվություն տնօրինող պաշտոնյաների մոտ կվերանա գաղտնի աշխատելաոճը, տեղեկատվություն տնօրինող մարմինները կորդեգրեն բաց և թափանցիկ աշխատելու սկզբունքը, և այդ մշակույթը կդառնա տեղեկատվություն տնօրինող մարմինների և պաշտոնյաների քաղաքականությունը:
 
Նա նաև կարևորեց հատկապես քաղաքացիական հասարակության դերը. «2012թ.-ին ԻԱԿ-ն ակնկալում է, որ քաղաքացիները կսկսեն ավելի ակտիվ օգտվել իրենց` տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքից, հետևաբար նաև դրա միջոցով կիրականացնեն իրենց մյուս իրավունքները: 
 
Իսկ լրագրողները և ՀԿ-ները կօգտագործեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընձեռած հնարավորություններն իրենց գործունեությունն իրականացնելիս: Արդյունքում կավելանա հասարակական վերահսկողությունը պետական մարմինների գործունեության վրա»: Նրա համոզմամբ` այս ամենը կնվազեցնի կոռուպցիան և խտրականությունը:
 
Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը` Շ. Դոյդոյանը մաղթեց. Նոր տարում թող որ ծնվեն շատ համարձակ, խելացի ու առողջ երեխաներ։ 
 
Աղբյուրը` Առաջին լրատվական

← Վերադառնալ ցուցակին