Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Հարցազրույց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանի հետ

27.12.2011

- Եթե գնահատելու լինենք 10 բալանոց սանդղակով, 2011թվականին Հայաստանում տեղեկատվական ազատությանն ի՞նչ գնահատական կտաք։

Շ. Դ. - 2011–ի ընթացքում տեղեկատվության ազատության ոլորտում բազմաթիվ նորարական նախաձեռնություններով է հանդես եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը։ Մասնավորապես արդիականացվեցին ՀՀ բոլոր մարզպետարանների ինտերնետային կայքերը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կայքը, մեկնարկեց www.givemeinfo.am մոնիթորինգային վեբ նախագիծը։ Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնում տարվա ընթացքում մեր մասնագետները վերապատրաստել են 340 քաղաքացիական և հանրային ծառայողների տեղեկատվության ազատության ոլորտում։ Միևնույն ժամանակ ԻԱԿ-ը 4 նոր դատական հայց է ներկայացրել այն մարմինների դեմ, որոնք խախտել են մեր՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Այնպես որ, դեռևս հսկայական անելիքներ կան ոլորտը զագացնելուն ուղղված։ Դա կգնահատեի 7 բալ։

- 2012–ն ընտրական տարի է։ Ըստ Ձեզ՝ լրատվամիջոցներն ընդգծված քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ կզբաղվե՞ն, և ընդհանրապես ԶԼՄ–ում ի՞նչ տեղ կունենա խոսքի ազատությունը։

Շ. Դ. - 2012-ն իրոք փորձություններով լի տարի է լինելու լրատվամիջոցների համար: Այսօրվա լրատվական դաշտում, ցավոք, կա որոշակի գործիչների և կառույցների նկատմամբ հատուկ վերաբերմունք` դրական թե բացասական առումով, որը, կարծում եմ, առավել խորացված կզգացվի հատկապես նախընտրական շրջանում: Խոսքի ազատությունն առավել հաճախակի կենթարկվի բռնության, մասնավորապես մամուլի դեմ հարուցված դատական հայցերի թիվը կշատանա։ Լրատվամիջոցներում առավել կուժեղանա ինքնագրաքննությունը։

- Մեր երկրում ինտերնետ տիրույթը վերջին շրջանում բավական ընդլայնվել է։ Ի՞նչ եք կարծում՝ էլեկտրոնային լրատվամիջոցներն ընտրական տարում որևէ բան կարո՞ղ են փոխել, և ընդհանրապես ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ։

Շ. Դ. - Ընտրական տարում էլեկտրոնային լրատվամիջոցները նշանակալի դերակատարում են ունենալու: Դրանք առավել անկախ են իրենց հրապարակումներում, առավել անկաշկանդ, սակայն, միևնույն ժամանակ, խոսքի ազատության չարաշահումներն այստեղ առավել ակնհայտ են ու հաճախակի խոսքի անվերահսկելիության պատճառով։ Հայհոյանքը, զրպարտությունը հեղեղելու են էլեկտրոնային մամուլը։ Բայց և էլեկտրոնային մամուլը դաշտ է ապահովելու ազատ և անկաշկանդ քաղաքական այլընտրանքային խոսքի համար։

- Ի՞նչ միտում է նկատվում՝ Հայաստանում տեղեկատվական ազատությունը տարեցտարի առաջընթա՞ց, թե՞ հետընթաց է ապրում։

Շ. Դ. - Անշուշտ, տեղեկատվության ազատությունն առաջընթաց է ապրում, կառավարման համակարգը տարեցտարի ավելի ու ավելի թափանցիկ և հրապարակային է դառնում, ներդրվել է էլեկտրոնային կառավարման համակարգը: Սակայն այս տարի մեր կողմից իրականացված լայնածավալ մոնիթորինգի արդյունքները վկայում են, որ տեղեկություն ստանալու հարցումների 30 տոկոսը մնում է անպատասխան։ Սա խիստ մտահոգիչ ցուցանիշ է։ Ինչ խոսք, մեղավորներն արժանանում են ամենախիստ հանրային քննադատության, հայտնվում են դատարանում մեր հարուցած գործերի արդյունքում և տեղեկատվությունը տրամադրում են դատարանում։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Աղբյուրը` 7օր.am 

← Վերադառնալ ցուցակին