Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
70-ից ավելի կազմակերպություններ տեղեկատվություն չեն տրամադրել
15.12.2011
«Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորինգ 2011»-ի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում տեղեկատվության տրամադրման ոլորտում առաջընթաց կա, բայց կարող էր ավելի լավ արդյունք գրանցվել: Այս տարի մայիս-հունիս ամիսներին 250 հարցումներ են ուղարկվել տասը տարբեր մարդկանց կողմից 50 մարմինների:
Եթե օրինակ 2004թ-ի նույն ուսումնասիրության համաձայն ուղարկված հարցումների լիարժեք պատասխանները 51% էին կազմում, 2011թ.-ին դրանք 56 % են դարձել, իսկ անպատասխան հարցումները 2004թ-ին 36% են կազմել, այս տարի՝ 30 %:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնն (ԻԱԿ) ամեն տարի տեղեկատվություն ստանալու հարցումներ է ուղարկում պետական կառավարման մարմիններ, քաղաքապետարաններ, մարզպետարաններ, գյուղապետարաններ և հանրային նշանակության կազմակերպություններ, պարզելու համար՝ որքանով են նրանք տեղյակ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներին ու որքանով են գործում այս օրենքի շրջանակներում:
«30 տոկոսը մնացել են անպատասխան, որը մեզ համար բավական մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ 2003թ-ից օրենքը գործում է, մերժումների թիվը ևս մտահոգիչ է՝ ստացել ենք 8 մերժում, որոնցից միայն մեկն է եղել օրենքին համապատասխան, այսինքն նրանք չեն պահպանել օրենքի այն դրույթը, որով ասվում է, որ,եթե չեն կարող պատասխանել , պետք է հստակ գրավոր կերպով նշեն մերժման հիմքերը»,- ասաց «Տեղեկատվության ազատության կիրառումը ՀՀ-ում» ծրագրի ղեկավար, ԻԱԿ փորձագետ Լիանա Դոյդոյանը:
Օշականի գյուղապետարանը ուղարկված 5 հարցումներին պատասխանել է ժամանակին և լիարժեք: Ամենաբացասական արդյունքները ցույց են տվել հանրային նշանակության կազմակերպությունները, իսկ Ծավի ու Այգեձորի գյուղապետարանները ընդհանրապես չեն պատասխանել:
ԻԱԿ իրավաբան Գևորգ Հայրապետյանի խոսքերով՝ առաջին ամենամեծ խնդիրը պաշտոնյաների բաց ու թափանցիկ աշխատելու մշակույթի բացակայությունն է, օրինակ՝ ԱԺ-ին բանավոր հարցումով հաշմանդամության խնդիր ունեցող մարդը հարցրել է շենքի հարմարվածության մասին, իսկ համապատասխան աշխատակիցը հայտնել է, որ իրավասու չէ պատասխանել:
«Երկորդ խնդիրը ժամկետների խնդիրն է, շատ դեպքերում օրենքով սահմանված պատասխանելու հնգօրյա ժամկետը խախտվում է: Մենք անգամ ինը օրն ենք հաշվի առել այս մոնիտորինգի շրջանակներում, բայց էլի ժամկետների խախտում ենք արձանագրել : Նույն ԱԺ-ում 1 ամիս 16 օր ուշացումով են պատասխանել, թե ինչ դատական գործեր են եղել ԱԺ-ի դեմ ու պատասխանի մեջ մի քանի տողով նշված էր, որ նման գործեր չեն եղել: Այսինքն՝ մեկ ամսից ավելի է պահանջվել, որ իրենք այդ պաստախանը ստանան: Նույն հաջողությամբ Ծավի գյուղապետարանից 6 ամիս հետո մեկ նախադասությամբ պատասխանել են, որ ծառայողական մեքենա չունեն, այսինքն՝ գրքի հրապարակվելուց ու լույս տեսնելուց հետո»,- ասում է Հայրապետյանը:
Ընդհանուր հարցումների պաստախաններից 45,2 % ստացվել են ժամանակին, 35,6 % լուռ մերժումներն են եղել, իսկ 19 % ուշացած են ստացվել:
Հաջորդ խնդիրը ոչ լիարժեք պատասխանների տրամադրումն է, քանի որ երբեմն ստանում են պատասխաններ, որտեղ հայտնում են, թե այս կամ այն որոշման համաձայն չեն կարող տեղեկատվություն տրամադրել՝ առանց նշելու կոնկրետ որոշումների անուններ, համարներ: Այդպես էր օրինակ պատասխանել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն՝ նշելով, թե ՀՀ կառավարության կողմից դեռ սահմանված չէ տեղեկատվություն տրամադրելու կարգ, ուստի չեն կարող տեղեկատվություն տրամադրել, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսանը անձամբ է հայտարարել, որ դա պարտադիր պայման չէ:
«Ակնհայտ է նաև, որ կա խտրականություն այն դեպքում, թե կոնկրետ ով է տեղեկատվություն ստանալու հարցում ուղարկել: Օրինակ ԻԱԿ կողմից ուղարկված 25 հարցումից 19-ին տրվել է լիարժեք պատասխան, իսկ հարցում ուղարկած ուսանողը ստացել է 8 պատասխան»,- հայտարարում է Հայրապետյանը:
Իրավաբանը կարծում է, որ խնդիրը կարելի է լուծել ուսուցման միջոցով, պաշտոնյայի գիտելիքները բարձրացնելով և սեփական նախաձեռնությամբ պաշտոնական կայքերում տեղեկություն հրապարակելուն դրդելով:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտելու համար ԻԱԿ-ն արդեն մեկ դատական գործի կողմ է «Համալսարանականներ» համատիրության դեմ։ Այս մոնիտորինգից հետո ԻԱԿ-ը ևս 8 հայց կներկայացնի դատարան:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am