Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Շուշան Դոյդոյան. «Տեղեկատվության ազատությունը պետք է մաս կազմի նախընտրական քարոզարշավի»

15.12.2011

Այս տարվա սեպտեմբերի 23-ին՝ «Դատվածները» լավ են աշխատում. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հասարակական պարսավանքի ուխրախուսման նոր գործիք է ստեղծել» հրապարակմամբ ներկայացրել ենք ԻԱԿ-ի «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորիգ 2011» վերլուծության արդյունքները:

Նման մոնիտորինգ վերջին անգամ անցկացվել էր 7 տարի առաջ: Գրավոր, բանավոր եւ էլեկտրոնային 250 հարցում է ուղարկվել 50 հաստատության՝ նախարարություններ, բոլոր 10 մարզպետարաններ, համայնքապետարաններ, հիվանդանոցներ եւ այլն: Ժամանակին եւ լիարժեք պատասխան է ստացել հարցումների 56 տոկոսը, որը, ըստ ԻԱԿ-ի, լավ ցուցանիշ է: Հարցումների 30,4 տոկոսը՝ 76 հարցում, մնացել է անպատասխան: Երբեմն տեղեկություն ստանալու համար ԻԱԿ-ը դիմում է դատարան: Այդպես եղել է Ելփինի գյուղապետարանի եւ Ստեփանավանի քաղաքապետարանի պարագայում: Այս մոնիտորինգի ժամանակ այս երկու համայնքապետարանները լավագույն արդյունք ցույց տվածների շարքում են: Լավ է աշխատել նաեւՕշականի գյուղապետարանը:

Մարզպետարաններից լավ են աշխատել Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, նախարարություններից՝ կրթության եւ գիտության, արդարադատության նախարարությունները:

Հաճախակի նախագահ փոխող Ազգային ժողովը վատերի թվում է. 5 հարցումից երկուսին պատասխանել է մեկ ամիս 16 օր ուշացումով, մեկ հարցման տվել թերի պատասխան, մեկը՝ անհիմն, մեկ էլ՝ լռությամբ մերժել:

Մոնիտորինգի արդյունքները տեղադրված են «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կայքում, սակայն ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ԻԱԿ-ը «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում. մոնիտորիգ 2011» վերլուծությունը գրքի է վերածել, որը այսօր ներկայացրեց հանրությանը:

Ըստ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի, գիրքը ավելի մնայուն է եւ օգտագործման ավելի մեծ հնարավորություններ է տալիս. «Առաջինը՝ որ մենք անելու ենք, գիրքը ուղարկելու ենք բոլոր այն 50 կազմակերպություններին, ովքեր մոնիտորինգի մեջ էին, որ նրանք կարդան, տեսնեն թերություններն ու հետեւություններ անեն: Եվ երկրորդը՝ գիրքը ուղարկելու ենք բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր պատրաստվում են ընտրապայքարին մասնակցել: Գրքում կա առանձին բաժին՝ «Առաջարկներ»: Ինչ պետք է անել, որ Հայաստանում լավանա տեղեկատվության ազատության վիճակը: Ուղարկելու ենք, որ մեր առաջարկները ընդգրկեն իրենց նախընտրական ծրագրերում, որ տեղեկատվության ազատությունը մաս կազմի նախընտրական քարոզարշավի»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

www.aravot.am
 

← Վերադառնալ ցուցակին