Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Պաշտոնյաների նպատակը ոչ թե վնասի փոխհատուցումն է, այլ լրատվամիջոցը լռեցնելը

23.11.2011

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, խոսքի ազատության, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, լրագրողական էթիկայի հարցերի շուրջ HayNews.am-ը զրուցեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) տնօրեն Շուշան Դոյդոյանի հետ:

Ձեր կարծիքով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով սահմանված տուգանքների չափը տեղեկատվության ազատության սահմանափակու՞մ է:

-Օրենքով սահմանված է, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը կարևոր արժեքներ են, որը պիտի կարգավորվի իրավական ոլորտում: Ենթադրվում է, որ օրենսդրության նպատակը այն պիտի լիներ, որ փորձեր հավասարակշռել մարդու պատվի, արժանապատվության և խոսքի ազատության իրավունքները: Բայց, հավասարակշռություն սահմանելու փոխարեն այս օրենքը ավելի շատ սրել է հակասությունները: Արդյունքում, պաշտոնյային ուղղված ամենահասարակ քննադատության դեպքում ոչ միայն լրագրողը կարող է լուրջ պատասխանատվության ենթարկվել, այլ ուղղակի կասկածի տակ կարող է դրվել տվյալ լրատվամիջոցի գոյությունը: Սա ոչ միայն օրենքի, այլև իրավակիրառողի խնդիրն է. օրենքի ոչ հստակ ձևակերպված լինելու պատճառով դատարանները հաճախ օրենքը ենթարկում են տարածական մեկնաբանության և կիրառում այնպես, ինչպես հայցվոր կողմի փաստաբանն է պահանջում: Բայց սա ոչ թե լրատվամիջոցի դեմ ուղղված պատժաձև է, այլ ուղղակի փոխհատուցում է այն վնասի, որը կրել է տվյալ մարմինը: Նույնիսկ տարբեր հայցվորների փաստաբաններ հրապարակավ դատարանում հայտարարել են, թե ես պիտի փակել տամ այս թերթը, թեկուզ ինձ այդ փողը պետք էլ չէ: Այսինքն` իրենց նպատակը ոչ թե կրած վնասի փոխհատուցումն է, այլ լռեցնելու տվյալ լրատվամիջոցը, ինչը հակասում է ժողովրդավարության ձգտող հասարակության պահանջներին: Բայց եթե դու վնաս չես կրել, փոխհատուցման կարք չունես, էլ ինչու՞ ես դիմել դատարան: Այս առումով արժևորում եմ այն փոփոխությունը, որ դրամական փոխհատուցում նշանակելիս դատարանը պիտի հաշվի առնի տվյալ լրատվամիջոցի գույքային հնարավորությունների չափը: Կարևոր է նաև այն, որ լրագրողը պատասխանատվության չի ենթարկվում նաև իր արտահայտած գնահատողական վերաբերմունքի համար, քանի որ անհնար է պահանջել լրագրողից ապացուցելու իր կարծիքի ճշմարտացիությունը: Նշեմ նաև, որ մեզանւմ երբևէ չի կիրառվում վնասի փոխհատուցման այլ պատժամիջոցները` հրապարակավ ներողություն խնդրել կամ կամ օգտվեկ հերքման և պատասխանի իրավունքից:

-2003 թվականից գործող «Տեղեկատվության ազատության մասին օրենքը» ինչքանո՞վ է կիրառվում է հասարակության տարբեր խավերի մարդկանց կողմից և ի՞նչ բացեր ունի:

-Արդեն 8 տարի է օրենքը կիրառվում է և, միանշանակ, հսկայական առաջընթաց է ապրել: Աստիճաննաբար ձևավորվում է բացության, հրապարակայնության մշակույթը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում: Նախկինում հրապարակայնություն բառը շփոթեցնում էր պաշտոնյաներին և բնազդանաբար փակվելու ցանկություն էին ունենում, այսօր գոնե արտաքնապես փորձում են ցոււյց տալ, որ աշխատում են հրապարակային ու բաց: Մյուս կողմից, քաղաքացիական ծառայության մակարդակում աշխատակիցների մի ստվար զանգված այսօր անցել է համապատասխան վերապատրաստում տեղեկատվության ազատության ոլորտում: Այդ գործընթացն իրականացվում է մեր կենտրոնի` ԻԱԿ-ի և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ: Արդյունքում, այն հիմնական բացը, որ պաշտոնյան չիմանալով էր խախտում քաղաքացու` ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը, այսօր այդ խնդիրը մեծ մասամբ լուծված է: Կարևոր է այն, որ ոչ թե աշխատակիցներ ըստ իրենց ցանկության են մասնակցում վերապատրաստումներին, այլ նախարարության համապատասխան հրամանով: Բայց, իհարկե, լուրջ խնդիրներ դեռևս առկա են հատկապես մեժումների հիմնավորման առումով, ինչը ցույց են տալիս գրեթե մեկ ամիս առաջ անցկացված մոնիտորինգի արդյունքները: Նշեմ, որ այս մոնիտորինգի բացառիկությունը նրանում էր, որ ոչ թե մեր կենտրոնն էր ուղղարկել հարցումները, այլ ուսանողներ, լրագրողներ կամ պարզապես քաղաքացիներ: Եթե վերցնեիքն միայն մեր կենտրոնից ուղղարկված հարցումները, այդ դեպքում մոնիտորինգը ցույց չէր տա իրական վիճակը: Ուղղարկված 250 հարցումներից 56%-ին տրվել է լիարժեք պատասխան, 3.6%-ը վերահասցեագրվել է այլ մարմնի, 1.6 %–ին տրամադրվել է թերի պատասխան, 2.8% –ը մերժվել է անհիմն, 5.6% –ը չի հասել տեղեկատվություն տնօրինողին, իսկ 30%-ը մնացել է անպատասպխան: 30% լուռ մերժումները ցույց են տալիս, որ պետական պաշտոնյան ցանկացել է մերժել, բայց քանի որ համապատասխան տեղեկատվությունը ենթակա է հրապարակման, նա ընտրել է անտեսելու տարբերակը, այն դեպքում, երբ 250 հարցումներից ունենք ընդամենը մեկ գրավոր հիմնավոր մերժում: Այս առումով խնդիրն է նաև այն, որ էլեկտրոնային հարցումները այսօր կարգավորված չեն օրենսդրությամբ, հետևաբար, շատ դեպքերում անտեսվում են, բայց, իհարկե, տեխնոլոգիական զարգացման հետ զուգընթաց պաշտոնյաները ստիպված են հաշվի նստել նաև այս կետի հետ: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ամենօրյա լրատվության համար չէ, այլ քաղաքացիների և հետաքննող լրագրողների, քանի որ օրենքը 5-օրյա ժամկետ է նախատեսում: Բայց, իհարկե, բանավոր հարցումների դեպքում օրենքը նախատեսում է որոշակի դեպքեր, երբ պարտավոր են պատասխանել, մասնավորապես երբ տվյալ տեղեկատվության չտրամադրումը վտանգելու է տվյալ մարդու առողջությունը կամ որևէ հանրային վտանգ է ներկայացնելու: Բոլոր դեպքերում, նախընտրելի է գրավոր հարցում ուղղարկելը, որպեսզի հետո հնարավորություն ունենաք թերի, ոչ ճշգրիտ պատասխանի դեպքում բողոքարկել: Մյուս կողմից, օրենքի խախտումներ առկա են հատկապես ժամկետների դեպքում: Որոշ պաշտոնյաներ պնդում են` թե սահմանված 5-օրյա ժամկետում չեն հասցնում պատասխանել: Մինչդեռ, մոնիտորինգի արդյունքում ժամանակին ստացված պատասխանները կազմում են 45.2%, ինչը ցույց է տալիս, որ սահմանված ժամկետը իրատեսական է և ցանկության դեպքում միանշանակ հնարավոր է պատասխանել այս ժամկետում: Իսկ մյուս կողմից մոտ 20%-ը ուշացած պատասխաններն են, ինչը ցույց է տալիս, որ այս առումով նույնպես խնդիրներ կան:

-Ինչքանո՞վ է հայ լրագրողը իրազեկված իր իրավունքների մասին և ո՞ր մասն է պայքարում դրանց վերականգնման համար:

-Ցավոք, շատ քչերն են այս մասին իրազեկված, իսկ, մյուս դեպքում էլ, հետամուտ չեն վերականգնելու իրենց խախտված իրավունքները: Իհարկե, շատ դեպքերում լրագրողը չունի ժամանակ զբաղվելու այս խնդրով, բայց կան մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք նրանց փոխարեն կզբաղվեն այս խնդրով: Հենց մեր կենտրոնը զբաղվում է այս հարցերով: Օրինակ, «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանի հետ անցկացրինք 2 համատեղ դատական գործ:

Ամեն տարի ԻԱԿ-ը անցկացնում է մրցանակաբաշխություն, որի ժամանակ տրվում են «Ոսկե բանալի»` բացություն և «Ժանգոտ կողպեք»` փակություն խորհրդանշող մրցանակները: Այս մրցանակները զգոնացնու՞մ են պաշտոնյաներին:

-Տարեցտարի այս մրցանակների ուժը մեծանում է: Նույնիսկ որոշ կառույցներ կոնկրետ քայլեր են անում «Ոսկե բանալի» մրցանակին արժանանալու համար: Միանշանակ, կարող եմ ասել, որ սա ունի իր զգոնացնող ազդեցությունը:

Խոսքի ազատությունը ինչքանով է սերմանված հայ հասարակության գիտակցության մեջ:

-Լայն հասարակության մեջ, ցավոք, քիչ են տեղեկացված այս մասին: Բայց, իրենց սահմանադրական իրավունքների մասին հասարակությանը տեղեկացնելու դերը պիտի ստանձնեն լրագրողները և հասարակական կազմակերպությունները: Օրինակ` մենք անցկացնում ենք հեռուստահաղորդումներ և մի շարք ծրագրեր, բայց, իհարկե, այս խնդիրը մեկ կազմակերպության լուծելու գործը չէ:

ԻԱԿ-ի 10-ամյա գործունեության ընթացքում ի՞նչն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը:

-Հատկապես կարևորում եմ մեր կողմից իրականացվող կրթական գործընթացը: Այժմ կենտրոնացած ենք պաշտոնյաների վերապատրաստման վրա, բայց զբաղվում ենք ընդհանրապես հասարակության բոլոր խավերի անձանց տեղեկացնել իրենց` ինֆորմացված լինելու իրավունքի մասին: Մյուս կարևոր կետն էլ դատական բողոքարկումների գործընթացն է: Մինչ օրս մենք անցկացրել ենք 28 դատական գործ: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի մարմին չի ցանկանում հայտնվել պատասխանողի դերում: Այստեղ հատկապես անհասկանալի է պաշտոնյաների այն գործելաոճը, որ կարող են մեծ գումարներ ծախսել բողոքարկման գործընթացներում, միայն թե հրապարակային չդարձնեն տվյալ ինֆորմացիան: Որպես պետական հարկադրանքի միջոց` դատական գործընթացների ազդեցությունն ավելի ուժեղ է, բայց տևականության առումով կրթական գիտելիքը, իհարկե, ավելի մեծ ուժ ունի:

Ըստ Ձեզ, ինչքանո՞վ են հայ լրագրողները պահպանում լրագրողական էթիկայի կանոնները:


-Այսօր մեր լրատվաշուկայում մեծագույն խնդիր է լրագրողների կողմից էթիկական նորմերի անտեսումը: Նախ, շատ քիչ լրագրողներ են տեղյակ էթիկական նորմերի մասին, շատ քիչ լրատվամիջոցնր են ստորագրել համապատասխան վարքականոններ: Արդյունքում, ունենում ենք անպատասխանատու լրագրողներով հագեցած լրատվական դաշտ` անպատասխանատու հայտարարություններ, ներխուժում մարդկանց անձնական կյանք, անձնական վիրավորանքներ: Բայց, իհարկե, այս խնդիրները պիտի լուծվեն ոչ դատարաններում, այլ արտադատական մեխանիզմների միջոցով, ինչը ավելի արդյունավետ և ավելի երկարաժամկետ ազդեցություն ունեցող գործիք է: Կան այդպիսի մի քանի մարմիններ` «Էթիկայի դիտորդ մարմինը», որը քննում է դատական վեճերի էթիկական կողմը, «Տեղեկատվական վեճերի խորհուրդ»-ը, որը քննում է վեճերի դատական կողմը:

Լիլիթ Պետրոսյան
Աղբյուրը՝ HayNews.am 

← Վերադառնալ ցուցակին