Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Խմբագիրները դժգոհ են Սահմանադրական դատարանի որոշումից
17.11.2011
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը, անդրադառանալով Սահմանադրական դատարանի երեքշաբթի օրվա որոշմանը, ասաց, թե իր սպասելիքները շատ ավելին էին: Սակայն, նրա կարծիքով, եթե դատարանի հնչեցրած իրավական գնահատականները կյանքի կոչվեն, ապա դրանք օգտակար կլինեն դաշտի կարգավորման համար:
Պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այդ սցենարը, խմբագիրը հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ թղթի վրա են մնացել:
«Ընդ որում թղթի վրա են մնացել բավականին իմպերատիվ կերպով կայացված որոշումներ, որոնք պարտադիր կիրառման ենթակա էին: Այստեղ կա ընդամենը խորհրդատվություն, խորհուրդներ ուղղված դատավորներին, որոնք ես վստահ եմ, որ միայն ցանկության դեպքում կարող են իրականացվել: Այդ առումով ես մտավախություն ունեմ, որ այս որոշումը կմնա բարի ցանկություն, որ այդպես էլ թղթի վրա կմնա», - ասաց Օհանյանը:
Հիշեցենք, երեքշաբթի օրը ՍԴ-ն, քննելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով, որոշեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը: ՍԴ-ն միեւնույն ժամանակ մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, օրինակ այն, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը:
«Հրապարակ»-ի խմբագրի գնահատմամբ` որոշման մեջ իսկապես բավական դրական, խոստումնալից կետեր կան, բայց այն ավելի շատ դրսի` միջազգային ատյաններին ուղղված դեկլարատիվ հայտարարություն է: «Մեր իշխանությունը միայն բանավոր խոսքով է պաշտպանում մամուլի ազատությունը», - ասում է Օհանյանը:
«Բայց երբ գալիս է կոնկրետ պրակտիկային եւ կիրառմանը, մենք տեսնում ենք, որ բազում դեպքերում այդպես չէ իրականում: Այդ առումով տառապանքս փորձ ունի: Ես վստահ չեմ, որ սա նշանակում է, որ իշխանությունը հետեւություններ է արել եւ փորձելու է պաշտպանել մամուլին», - կարծում է խմբագիրը:
Օհանյանի խոսքով` ՍԴ-ն օրենքը թողեց նույն անհստակ վիճակում` չկանխելով կամայական վճիռներ կայացնելու հնարավորությունը:
«Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ դատավորը ունենում է մեկնաբանության հնարավորություն, ինքը որպես կանոն, մեկնաբանում է ոչ ի օգուտ ճշմարտության եւ արդարադատության: Իրենք փորձելու են նորից շրջանցել, անտեսել ՍԴ-ի այս որոշումը եւ աշխատել այնպես, ինչպես մինչեւ հիմա են աշխատել», - ասաց Օհանյանը:
«Առավոտ» օրաթերթի խմբագիրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դժգոհ է դատարանի որոշումից: Արամ Աբրահամյանի կարծիքով` միակ ճիշտ լուծումը կլիներ այն, որ ՍԴ-ն, հոդվածը հակասահմանադրական ճանաչելով, այն հետ վերադարձներ Ազգային ժողով:
«Ասուլիսներից մեկի ժամանակ ասացի, որ ավելի շուտ Աբդուլա Գյուլը կընդունի Հայոց ցեղասպանությունը, քան Հայաստանի ՍԴ-ն կընդունի որոշում հօգուտ լրագրողների: Իմ ավելի լավատես գործընկերները տարակուսում էին, նրանք ինչ-որ հույս ունեին, եւ ցավոք սրտի, ես ճիշտ դուրս եկա», - ասաց «Առավոտ»-ի խմբագիրը` շարունակելով. - «Եթե ՍԴ-ն խորհուրդ տար կամ առաջարկեր փոխել օրենքը եւ [փոխհատուցման] վերին շեմը դնել ոչ 1 կամ 2 միլիոն, այլ, ենթադրենք, 100 կամ 200 հազար դրամ, այ, դա էական կլիներ: Քանի որ նման բան չի եղել, նրանք կարող են հանգիստ շարունակել` հաշվի առնելով գույքային վիճակը նշանակել 18 միլիոն դրամ»:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը էլ ասաց, թե իր համար ի սկզբանե պարզ էր, որ այստեղ հոդվածի հակասահամանադրականության հարց չէր կարող լինել:
«Ես կարծում եմ, որ սա կարեւոր քայլ էր, բայց սա դեռեւս բավարար եւ ամբողջ պրոբլեմը լուծող քայլ չէ, որովհետեւ ի սկզբանե օմբուդսմենի դիմումը պետք է ուղղված լիներ ոչ թե Սահմանադրական դատարանին, այլ Ազգային ժողովին», - ասաց Դոյդոյանը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարի կարծիքով, ՍԴ-ն արմատական սխալ գործեց` իր ուղերձը հասցեագրելով իրավակիրառողներին եւ ոչ օրենսդիրին:
«Օրենքն է վատը, այսինքն 1087.1 հոդվածն է, որ անորոշ է, թույլ է տալիս սուբյեկտիվ կամակայական մոտեցումներ, բայց մենք օրենքի հոդվածը թողնում ենք նույնը, պարզապես ՍԴ-ն բարձր, շատ լավ, սիրուն սկզբունքներ է եւս մեկ անգամ ամրագրում, ինչպես բազմիցս իր որոշումներում ամրագրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Դատավորը, որը ցանկություն ունի կիրառելու այդ սկզբունքները, իր որոշումները կայացնելիս այսպես թե այնպես ուներ այդ օրենսդրական հիմքը նայելու, դրանից օգտվելու եւ հենվելու», - ասաց Դոյդոյանը:
Այնուամենայնիվ, Դոյդոյանի կանխատեսմամբ` նշված ուղենիշները ինչ-որ չափով կզսպեն դատարաններին:
Ի դեպ, դատարանի մատնանշած այդ ուղենիշներից մեկով էլ գնահատողական դատողությունների համար չի կարող փոխհատուցման նյութական պահանջ ներկայացվել: «Հրապարակ»-ի խմբագիրն ասաց` եթե այս մոտեցումը կիրառվի, իրենց թերթի դեմ եղած դատական հայցերից առնվազն 3-ը ինքնըստինքյան իմաստը կկորցնեն:
Աղբյուրը՝ www.azatutyun.am