Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Մեղքի բաժին. զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցված գործերում մեղավոր են նաև լրագրողները

21.07.2011

2010 թ-ի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում ԶԼՄ-ների գործունեության մասով ուղղումներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Համաձայն այդ փոփոխությունների Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում ընդունվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին նոր դրույթներ, որոնց նախորդեցին բուռն բանավեճերը լրագրողների ու մեդիա փորձագետների շրջանում` կապված, հիմնականում, օրինախախտության համար սահմանված փոխհատուցման չափերի հետ` 500 000 դրամից (մոտ $1,250) մինչև 2 միլիոն դրամ (մոտ $5,000):

Լրացումներ կատարելու պահից մինչ այսօր հայկական լրատվամիջոցների դեմ զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցվել է 16 գործ: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի` այդ բոլոր գործերը դեռևս ավարտված չեն, քանի որ դրանք որոշումների բողոքարկման գործընթացում են:

Թեպետ փորձագետները ողջունում են զրպարտանքի և վիրավորանքի մասով պատժի ապաքրեականացումը, այնուամենայնիվ, նրանք մտահոգված են տուգանքների չափերով, ինչը ավելի շատ ԶԼՄ-ների վրա ազդելու գործիք է դարձել, քան պատիժ: Բացի այդ բացասաբար են ազդում դատավորների մասնագիտական ցածր մակարդակը լրագրության էթիկայի ոլորտում, ինչպես նաև նրանց ուղղակի սուբյեկտիվությունը:

Ինչպես նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` արդեն աշխատանքներ են տարվում տուգանքի չափը նվազեցնելու համապատասխան առաջարկությամբ խորհրդարանում հանդես գալու համար:

«Սակայն խնդիրը ոչ այնքան օրենքի թերացման մեջ է, որքան անկախ դատական գործընթացի, ինչպես նաև քաղաքական մշակույթի ցածր մակարդակի, երբ ցանկացած քննադատություն ընկալվում է իբրև վիրավորանք: Կարևորն այն է, որ քաղաքական գործիչները հասկանան, որ քննադատությունն ունի լայն սահմաններ, լրագրողը որոշ պրովոկացիոն հարցեր և նույնիսկ քայլեր անելու իրավունք ունի»,- ասում է Մելիքյանը:

Հայաստանում զրպարտանքի և վիրավորանքի համար սահմանված փոխհատուցման չհիմնավորված չափը քննադատվեց «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից: Ըստ 2011թ-ի մայիսին կազմակերպության տարածած հայտարարության` տուգանքների սահմանված չափերը վտանգում են այդ հրատարակությունների գոյությունը և նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձևավորմանը: «Պետք է վերջ դնել դատական հայցերի կիրառմամբ թերթերին լռեցնելու պրակտիկային», - նշվում է հայտարարության մեջ:

Մյուս կողմից էլ Հայաստանի լրագրողների շրջանում խիստ կաղում է մասնագիտական էթիկայի մակարդակը: «Այս դատական բոլոր 16 վարույթներում իրենց մեղքի բաժինն ունեն նաև լրագրողները», - կարծում է Շուշան Դոյդոյանը:

«Լրագրողները չպետք է խախտեն էթիկան, սակայն հասկանալու համար` հասցվել է արդյոք վիրավորանք թե ոչ, պետք է դիմել դատավորին, ով իր հերթին չի կարողանում անկախ որոշումներ կայացնել. սա փակ շղթա է»,- հաստատում է Աշոտ Մելիքյանը, ով նաև Երևանի մամուլի ակումբի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին ստեղծելու նախաձեռնողներից մեկն է: 2007թ-ին ստեղծված դիտորդ մարմնի առաքելությունը ԶԼՄ ներկայացուցիչերի կողմից վարքագծի կանոնագրքի խախտումների մասին բողոք-դիմուների ուսումնասիրումն ու դրանց վերաբերյալ եզրակացություններ տալն է: Ներկայումս վարքագծի կանոնագրքի և դրա հավելվածի` ընտրությունների լուսաբանման սկզբունքների դեկլարացիայի և հանրաքվեի տակ ստորագրել են 40 անուն ԶԼՄ, սակայն սա ամենևին էլ Հայաստանի ԶԼՄ-ների ամբողջական ցանկը չէ:

Ըստ Դոյդոյանի` խմբագրություններին էթիկայի մեկ ընդհանուր կանոնագրքում միավորվելուն խանգարում են տարբեր քաղաքական և ֆինանսական շահեր:

Լրագրողների համար խնդիր են առաջացնում նաև չճշտված աղբյուրները, որոնք պոտենցիալ վտանգ են հեղինակին զրպարտանքի մեջ մեղադրելու համար: Ըստ Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի` լրագրողները ակտիվ չեն հուսալի, այլընտրանքային աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելիս, եթե նույնիսկ տեղեկատվությունը պաշտոնական է և անհասանելի: Բացի այդ, լրագրողներից շատ քչերն են օգտվում դատարանի միջոցով տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքից: Լևոն Բարսեղյանի խոսքերով` 2003 թ-ից մինչև 2011թ-ը Հայաստանի դատարաններում լսվել է տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ ընդամենը 80 գործ, որոնց մեծ մասն ավարտվել է լրագրողների օգտին:

2011թ-ի հունիսի 24-ին գրանցվեց առաջին դեպքը, երբ դատարանն անկախ որոշում ընդունեց «Իրավունք» թերթի դեմ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ներկայացրած հայցի վերաբերյալ:

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Գրեյթ վելի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի հայցը` չհիմնավորված լինելու պատճառով. իր պատվին և արժանապատվությանը հասցված վնասի համար նա պահանջել էր թերթից բռնագանձել 3 միլիոն դրամ ($8,000), ինչպես նաև լրացուցիչ $1,900 փաստաբանական ծառայությունների և պետտուրքերի վճարման համար:

Աշոտ Մելիքյանի կարծիքով` այս դեպքում դերակատարում են ունեցել այնպիսի գործոններ, ինչպիսիք լուրջ հիմնավորումների բացակայությունը, ինչպես նաև հայցվորի (Տիգրան Արզաքանցյանի) համբավն է: Գործը բողոքարկման գործընթացում է:

Լրագրողների համար նոր փորձություն է նաև դարձել վարքագծի նորմերը համացանցում` սոցիալական ցանցերում ու բլոգերում: Աշխարհում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում այնպիսի դեպքեր, երբ լրագրողը կարող է կորցնել իր աշխատանքը խմբագրության քաղաքականության հետ չհամընկնող կարծիք արտահայտելու կամ համացանցում էթիկայի նորմերը խախտելու համար:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ Մելիքյանի` հայ լրագրողները հիմնականում ընդունում են այն խմբագրության խաղի կանոնները, որտեղ նրանք աշխատում են, ուստի այստեղ գործում է ինքնագրաքննությունը: «Լրագրողը համացանցում ինքնարտահայտվելու իրավունք պետք է ունենա, նույնիսկ եթե նրա տեսակետը չի համընկնում խմբագրության տեսակետին, բայց չի հակասում մասնագիտական էթիկային»,- կարծում է Մելիքյանը:

Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) լրագրողական էթիկայի ոլորտի փորձագետ, «France 24»-ի նյույորքյան թղթակից Օդա Օսմանը խոստովանում է, որ աշխատելով ամերիկյան խմբագրություններից մեկում` նա ստիպված էր հետևել որոշակի կանոնների. չմասնակցել ցույցերին որպես ցուցարար, չլինել քաղաքական կուսակցությունների անդամ և այլն: «Անհրաժեշտ է կողմնորոշվել` քաղաքացիական ակտիվիստ ես, թե լրագրող: Կարծում եմ, որ, լրագրող լինելով, որոշակի պարտավորություններ ենք կրում, և ակնկալվում է, որ մենք պետք է հարգենք ուրիշի կարծիքը, լինենք ուշադիր մեր կարծիքն արտահայտելիս և աշխատենք վստահություն վայելել որպես լրագրող»,- ասում է Օդա Օսմանը:

Շուշան Դոյդոյանը նշում է, որ լրագրողի անհատական բլոգը տարբեր է խմբագրության կորպորատիվ բլոգից, որի համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը: Ըստ փորձագետի` լրագրողի անհատական բլոգում հեղինակը կարող է ազատորեն ինքնարտահայտվել` չմոռանալով էթիկայի նորմերը:

«Սակայն եթե լրագրողի կարծիքն արմատապես տարբերվում է խմբագրության քաղաքականությունից, ապա նա պետք է որոշի` ուզում է արդյոք շարունակել աշխատել այնտեղ, թե ոչ»,- ասում է նա: Փորձագետը կոչ է անում ստեղծել համացանցում վարքագծի էթիկայի նորմեր, քանի որ վիրավորանքն ու զրպարտանքը հավասարապես անընդունելի են ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալ տարածքում: «Այս դաշտը պետք է ինքնակարգավորվի, հակառակ դեպքում, դա կկարգավորեն իշխանությունները»,- կարծում է փորձագետը:

Գայանե Միրզոյան
Աղբյուր` JNews.am 

← Վերադառնալ ցուցակին