Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Պետք է կպնել պաշտոնյայի գրպանին

30.06.2011

Լրագրողները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում տեղեկատվության ազատության մակարդակից, թեեւ տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորված է Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լրագրողների համար դժվարացել է պաշտոնական տեղեկատվություն ստանալը հատկապես պետական մարմինների լրատվական ծառայությունների պատճառով:

«Երբ մամուլի ծառայությունները ձեւավորվում էին, մեզ հայտարարեցին, որ դրանք ստեղծվում են լրագրողների աշխատանքը հեշտացնելու համար, բայց հակառակը տեղի ունեցավ: Այժմ որ գերատեսչությունն ունի լրատվական վարչություն, ավելի դժվար է հասնել, կապվել որեւէ պաշտոնյայի: Մամուլի խոսնակները երկու սկզբունքով են աշխատում. ամեն ինչ անել, որ լրագրողն անմիջապես չշփվի չինովնիկի հետ եւ ամեն ինչ անել, որպեսզի ուշանա տեղեկատվությունը»,- կարծում է խմբագիրը:

Արմինե Օհանյանի խոսքով,մամուլի խոսնակները դանդաղեցնում են տեղեկատվություն տրամադրելու ընթացքը, որպեսզի լրագրողներին այլեւս այդ տեղեկատվությունը չհետաքրքրի: «Եթե տեղեկատվությունը մի քանի օր ուշանում է, գուցե թեմայի ակտուալությունը կորի, գուցե մեկ ուրիշը արդեն գտնի այդ տեղեկատվությունը, եւ դու այլեւս չհրապարակես»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը հատկապես դժգոհ է տեղեկատվական հարցումները գրավոր պահանջելուց. «Վերջերս արատավոր վարքագիծ են դրսեւորում մամուլի ծառայությունները` ցանկացած հարցի վերաբերյալ պահանջում են գրավոր հարցում: Այլեւս բավական չէ այն, որ լրագրողը զանգահարում եւ հարց է ուղղում: Իսկ գրավոր հարցման հետ կապված բազմաթիվ տեխնիկական խնդիրներ են ծագում, հազար պատճառաբանություն են ունենում տեղեկատվությունը ուշացնելու համար: Ստացվում է, որ մենք պետք է աշխատենք շաբաթաթերթային ռեժիմով, որպեսզի կարողանանք ներկայացնել պաշտոնական պատասխանները»,- ասում է Արմինե Օհանյանը:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը նշում է, որ հարցումները գրավոր պահանջելը օրենքի խախտում է. «Լրատվական վարչությունների ղեկավարները պահանջում են` մինչեւ գրավոր չգրեք հարցերը, չենք պատասխանի: Դա օրենքի խախտում է, քանի որ օրենքն ասում է` տեղեկատվություն փնտրողը ինքն է որոշում, թե ինչպես դիմի տեղեկատվություն տնօրինողին: Ստացվում է, որ լրատվական վարչության պետերը իրենք են սկսել որոշել, թե դիմողն ինչ եղանակով դիմի»: Շուշան Դոյդոյանը նշում է, որ գրավոր հարցմանը պատասխանելու դեպքում պաշտոնյաները սովորաբար կցկտուր, ոչ լիարժեք պատասխաններ են տալիս, եւ հարցում փնտրողը չի բավարարվում ստացած տեղեկատվությունից: «Մինչդեռ մենք պատշաճ պատասխան ստանալու իրավունք ունենք, ոչ թե ուղղակի ինչ-որ պատասխան»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն առաջարկում է օրենքով սահմանազատել լրագրողներին եւ մյուս քաղաքացիներին տրվող տեղեկատվության ժամկետները. «Լրագրողների դեպքում պետք է հնարավորինս արագ փոխանցեն տեղեկատվությունը, որովհետեւ այն ժամերի ընթացքում հնանում է»:

Եթե պետական մարմինների մեծամասնությունը թեկուզ ուշացումով, բայց այնուամենայնիվ, փոխանցում են տեղեկատվությունը, ապա նրանց մի մասը ընդհանրապես չի պատասխանում գրավոր հարցմանը կամ մերժում է տեղեկատվություն տրամադրել: Այս դեպքում օրենքը հնարավորություն է տալիս դատարանի միջոցով պարտավորեցնել պաշտոնյային կատարել իր պարտականությունները:

Սակայն դատարան դիմելով խնդիրը չի լուծվում. «Պետական կարիքների զոհեր հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպությունը մի քանի անգամ դիմել է Վարչական դատարան, սակայն երբեք գոհ չի մնացել արդյունքից:

Օրինակ, 2008 թվականի օգոստոսին կազմակերպությունը դիմել էր դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի. հայցը բավարարվել էր միայն 10 ամիս անց. «Դատարանի որոշումից հետո քաղաքապետարանը պատասխանեց մեզ, բայց այդ պատասխանում այդպես էլ չտրամադրեց մեր փնտրած տեղեկատվությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Մեկ այլ դեպքում, 2010 թվականի հոկտեմբերի 8-ից սկսված գործն ավարտվել է միայն այս տարվա հունիսին. այս դեպքում դատարանը մերժել է կազմակերպության հայցադիմումը: Իսկ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին սկսված դատաքննությունը մինչ օրս չի ավարտվել: «Վերջերս կրկին վարչական դատարան դիմեցինք, որ ստանանք տեղեկատվություն, որը չենք կարողանում տարիներ շարունակ ստանալ Երեւանի քաղաքապետարանից: Դատարանից մայիսի 11-ին ստացանք պատասխան, որ մեր հայցադիմումն ընդունվել է, պետք է քննվի, բայց դատական նիստ չի նշանակվել մինչ այսօր»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

«Տեղեկատվություն ստանալու իրավունքի բողոքարկման դատական նիստերը շատ պարզ են, խրթին գործեր չեն, իսկապես մնում է զարմանալի, թե ինչու է այդքան երկարում դատարանի միջոցով տեղեկատվություն ստանալու գործընթացը»,- ասում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը:

ԻԱԿ-ը եւս բազմաթիվ հայցեր է ներկայացրել տարբեր պետական մարմինների դեմ եւ բախվել նույն խնդրին: «Դեռ 2.5 տարի առաջ մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ից, եւ դատարանը միայն վերջերս բավարարեց մեր հայցադիմումը: Մենք դեռ չենք էլ ստացել այդ տեղեկատվությունը»:

Շուշան Դոյդոյանը տեղեկատվություն տրամադրելու ժամկետների խախտումը ամենալուրջ խնդիրն է համարում: Իսկ Վարչական դատարանը պատճառաբանում է, թե գերծանրաբեռնվածության պատճառով է ուշանում գործերի քննությունը: «Տեղեկատվություն ստանալու հայցադիմումները պետք է արագ ընթացակարգով քննվեն, որովհետեւ տեղեկատվությունը թարմ ձկան նման է, երբ հնացավ, այն ոչ մեկի պետք չէ այլեւս»,- կարծում է ԻԱԿ ղեկավարը:

Շուշան Դոյդոյանը, այնուամենայնիվ, անիմաստ չի համարում դատարան դիմելը, քանի որ այդպիսով իրենք միայն տեղեկատվություն ստանալու խնդիր չեն լուծում. «Դատարան դիմելը ոչ միայն տեղեկատվություն ստանալու համար է, այլ առաջին հերթին օրինախախտ պաշտոնյային պատասխանատվության դաշտ բերելու համար է, որպեսզի չինովնիկները հասկանան, որ իրենք անպատիժ չեն մնալու այդ կարեւորագույն իրավունքը խախտելու համար: Բացի այդ` դա կանխարգելիչ ազդեցություն ունի. մյուսները տեսնում են, որ որեւէ չինովնիկի կամ գերատեսչության հեղինակությունը ընկավ դրա պատճառով, եւ իրենք նույն սխալը չեն գործում»:

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տեղեկատվություն ստանալու նոր հայցադիմումներ է պատրաստում, որոնց հիմքում լինելու է օրինախախտին վարչական պատասխանատվության ենթարկելը. «Մեր այս տարվա ռազմավարության մեջ առանցքային տեղ է գրավելու իրավախախտողին վարչական պատասխանատվության ենթարկելը: Պետք է կպնենք պաշտոնյայի գրպանին, որ նա այլեւս նույն սխալը չկրկնի»,- ասում է Շուշան Դոյդոյանը:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ 

Աղբյուրը` lragir.am

← Վերադառնալ ցուցակին