Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

"Լակոտը" 200 հազար դրամ արժե՞

08.06.2011

Անցյալ տարվա մայիսից մինչ օրս ՀՀ-ում ԶԼՄ-ների նկատմամբ 14 դատավճիռ է կայացվել: Վերջինն այսօր էր՝ «Երկիր» օրաթերթի նկատմամբ: Հայցը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյան:

Հայցերը ներկայացրել են բացառապես քաղաքական գործիչները: «Այսօր 14 վճիռ է կայացվել, սակայն այն վաղը կարող է դառնալ 15 կամ 16: Քաղաքական գործիչները, քանի որ նրանք զբաղեցնում են պետական պաշտոններ, օգտվում են պետական, հանրային միջոցներից, ծախսում են դրանք և, հետևաբար իշխանական լծակներ ունենք, նրանք պարտավոր են առավել հանդուրժող վերաբերվել իրենց հասցեին հնչած քննադատություններին»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը:

Փաստն այն է, որ քաղաքական գործիչները ոչ միայն հանդուրժող չեն իրենց հասցեին հնչող քննադատություններին, այլեւ վրեժխնդիր են լինում: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն «Երկիր» օրաթերթից վիրավորվել է «Ստիլյագա, քյավառա բարբառով խոսող, լակոտ» եւ այլ բառերի համար; «Դատարանը հայցը մերժել է «Ստիլյագա, քյավառա բարբառով խոսացող, ծեծի սովոր, կազինոների մշտական հաճախորդ» մասերով: Դատարանը պատգամավոր հայցը բավարարել է ընդամենը մեկ մասով՝ «լակոտ» բառի համար, եւ հաշվարկել, որ այդ վնասը կազմում է 200 հազար դրամ»,- ասաց տիկին Դոյդոյանը:

Այսինքն՝ ԶԼՄ-ն կարող է 200 հազար դրամ տալ եւ ցանկացած պատգամավորի լակոտ անվանե՞լ . «Ա1+»-ի հարցին՝ տիկին Դոյդոյանը պատասխանեց. «Ստացվում է այդպես, սակայն այստեղ ավելի գլոբալ խնդիր կա: Նման վճիռները, որոնք կայացնում են ԶԼՄ-ների դեմ, ունենում են հսկայական բացասական ազդեցություն:Այսինքն՝ ԶԼՄ-ներին որոշակի զսպաշապիկ են հագցնում, եւ դրանից հետո ԶԼՄ-ները սկսում են մտածել՝ գրե՞ն, թե՞ ոչ այդ մասին»:

Տիկին Դոյդոյանն ընդգծեց, որ այսօր ՀՀ-ում հետապնդումների են ենթարկվում հատկապես ընդդիմադիր ուղղվածություն ունեցող թերթերը. «Այդ բոլոր գործերը վաղ, թե ուշ հասնելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ դատարանը խիստ կարեւորում է այն հանգամանքը, թե հայցվոր կողմը սովորական քաղաքացի է, թե պաշտոնյա»:

Միաժամանակ տիկին Դոյդոյանը նշեց, որ լրագրողը նույնպես պետք է հետեւեի «Լրագրողի էթիկայի կանոններին». «Բոլոր դեպքերում ես պաշտոնյաններին կոչ կանեի այդ վեճերը լուծել արտադատական կարգով: Գոյություն ունի Էթիկայի խորհուրդ, Տեղեկատվական վեճերի խորհուրդ: Նման արտադատարանական մարմինները շատ լավ մեխանիզմներ են, որոնք պաշտոնյաններին հնարավորություն են տալիս իրենց վեճերը լուծել ԶԼՄ-ների հետ, եթե, իհարկե, նպատակ չունեն վրեժխնդիր լինել այս կամ այն ԶԼՄ-ից»:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ պատգամավորներն են վիրավորում, խոչընդոտում լրագրողների գործունեությունը, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հետք» եւ այլ ԶԼՄ-ների լրագրողներին հայհոյելն ու վիրավորելը, ապա տիկին Դոյդոյանն ասաց, «Այդ բոլոր դեպքերը դիտարկվում են որպես լրագրողի աշխատանքը խոչընդոտում, որը Քր. օր 164 հոդվածով պատժելի արարք է: Պետք հետամուտ լինել, որ բոլոր նման դեպքերում, երբ կա լրագրողի դիմումը, հարուցվեն քրեական գործեր: Երբ լրագրողը դիմում է քաղաքացիական ընթացակարգով՝ պաշտպանելու իր պատիվն ու արժանապատվությունը, կոնկրետ «Հետքի» լրագրող Գրիշայի պարագայում, ամբողջ լրագրողական հանրությունը պետք է կանգնի նրա կողքին»:

Աղբյուրը` Ա1+ 

← Վերադառնալ ցուցակին