Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարները՝ «սև ցուցակում». նրանք խախտել են ինֆորմացիա ստանալու իրավունքը

05.05.2011

Երեք պաշտոնյա և մեկ ռեկտոր հայտնվել են Ինֆորմացիայի ազատության կենտրոն հկ-ի (ԻԱԿ) այս տարվա առաջին եռամսյակի «սև ցուցակում», որում ընդգրկվում են այն պաշտոնյաներն ու կառույցները, որոնք խախտում են լրագրողների և քաղաքացիների ինֆորմացիա ստանալու իրավունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ ներկայացնելով այս տարվա առաջին եռամսյակի տվյալները:

Դոյդոյանի խոսքով՝ ինֆորմացիայի ազատության օրենքի խախտման համար «սև ցուցակում» են ընդգրկվել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Դոյդոյանի տեղեկացմամբ, իրենք դիմել են բոլոր նախարարություններին՝ հարցմամբ, թե ինչ գաղտնի փաստաթղթեր են նրանք գաղտանազերծել: «Բոլոր նախարարություններից ընդամենը Պաշտպանության նախարարությունն էր, որ գաղտնազերծել է որոշակի թվով փաստաթղթեր: Մեկ փաստաթուղթ էլ գաղտնազերծել էր արտգործնախարարությունը»,- ասաց ԻԱԿ ղեկավարը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Դոյդոյանի խոսքով, ընդհանրապես չէր պատասխանել իրենց հարցմանը, իսկ ԱԻ նախարարն ասել էր, թե իրենց գաղտնազերծած փաստաթղթերը առգրավվել է Հատուկ քննչական ծառայության կողմից: «Սակայն մենք պարզեցինք, որ նա մեզ տրամադրել էր կեղծ տեղեկություններ»,- ասաց Դոյդոյանը:

ԻԱԿ ղեկավարը հիշեցրեց, որ հույժ գաղտնի փաստաթղթերը պետական կառույցները պարտավոր են գաղտնազերծել ամենաուշը 30 տարի հետո, իսկ սովորական գաղտնիության փաստաթղթերը՝ ամենաուշը 10 տարի հետո: «Այսինքն՝ անցած տարվա դրությամբ պետական կառույցները պետք է գաղտնազերծած լինեին մինչև 2000թ. գաղտնագրված փաստաթղթերը: Այս առումով լուրջ խնդիր կա մեր պետական կառավարման համակարգում»,- ասաց նա:

Ստեփանավանի քաղաքապետի դեպքում քաղաքացուն ինֆորմացիա տրամադրելիս յուրաքանչյուր էջի համար գումար է պահանջվել, իսկ Հյուսիսային համալսարանի ռեկտորն անպատասխան է թողել քաղաքացու հարցումը:

ԻԱԿ նախագահի խոսքով՝ ինֆորմացիայի տրամադրման հարցում որոշակի առաջընթաց, այնուամենայնիվ, կա: Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում իրենց հարցումների 88 տոկոսին պատասխան տրվել է, մինչդեռ 2006թ. նույն ժամանակահատվածում հարցումներից 55 տոկոսն է պատասխանի արժանացել: ԻԱԿ-ի հարցումներից երկու դեպքում մերժվել է ինֆորմացիա տրամադրելու հարցումը: Երկու դեպքն էլ եղել է պաշտպանության նախարարությունից, սակայն երկու դեպքում էլ, Դոյդոյանի խոսքով, պատշաճ հիմնավորում է եղել: Կենտրոնի ղեկավարի խոսքով՝ բազմաթիվ են նաև լուռ մերժումները:

«Ես շատ կուզենամ, որ մի օր որևէ մեկը չհայտնվի այս «սև ցուցակում», բայց դեռ բավական ժամանակ և աշխատանք կա կատարելու»,- հայտարարեց Շուշան Դոյդոյանը

Աղբյուրը` tert.am
 

← Վերադառնալ ցուցակին