Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Փաստաթղթեր են գաղտնազերծել միայն ՊՆ-ն ու ԱԳՆ-ն

10.05.2011

Սրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր հրաժարվել են տեղեկատվություն տրամադրելուց` խախտելով համապատասխան օրենքը: Ինֆորմացիայի ազատության կենտրոն հկ-ի նախագահ Շուշան Դոյդոյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները` 2011թ-ի առաջին եռամսյակի կտրվածքով:

Կենտրոնը բոլոր նախարարություններին հարցում է ուղարկել, թե 2010 թվականի տվյալներով որքան փաստաթուղթ են գաղտնազերծել: Շուշան Դոյդոյանն ասաց, որ միայն ՊՆ-ն է սահմանված կարգով գաղտնազերծել որոշակի թվով փաստաթղթեր, եւս մեկը գաղտնազերծել է ԱԳՆ-ն:

Շ. Դոյդոյանի խոսքով, յուրաքանչյուր պետական կառույցի համար դա ամենամյա գորընթաց է, որը պետք է իրականացվի որոշակի ժամանակ անց /հույժ գաղտնի եւ հատուկ կարեւորության փաստաթղթերի համար` 30 տարի անց, սովորական փաստաթղթերի համար` 10 տարի անց/:

“Անցած տարվա դրությամբ պետական կառույցները պետք է գաղտնազերծած լինեին մինչև 2000թ. գաղտնագրված փաստաթղթերը: Այս առումով լուրջ խնդիր կա մեր պետական կառավարման համակարգում”,- նկատեց Շուշան Դոյդոյանը:

Բանախոսը նշեց, որ Հարություն Քուշկյանը հարցմանն ընդհանրապես չի պատասխանել, իսկ Արմեն Երիցյանը պատասխանել է, թե իրենց գաղտնազերծած փաստաթղթերը առգրավվել է Հատուկ քննչական ծառայության կողմից, ինչը Շուշան Դոյդոյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՔԾ-ից պարզել են, որ պատճենները ԱԻՆ-ում են:

Ընդհանուր առմամբ գնահատելով տեղեկատվության տրամադրման հետ կապված վիճակը, Շուշան Դոյդոյանն ասաց, որ որոշ տեղաշարժեր կան: Եթե 2006 թվականին հարցումների 51-55 տոկոսի դեպքում էին լիարժեք պատասխան ստանում, այսօր արդեն ցուցանիշը 88 տոկոսի է հասնում:

Շուշան Դոյդոյանը նաեւ ասաց, որ տեղեկատվության տրամադրման 5-օրյա ժամկետը, որպես կանոն, պաշտոնատար անձանց չի բավարարում եւ միջինը, 13-15 օր անց են որեւէ տեղեկություն տրամադրում գրավոր հարցման դեպքում, ընդ որում, առանց սահմանված կարգով իրազեկելու, որ 5-օրյա ժամկետում չեն կարող տեղավորվել:

Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ բազմաթիվ են այսպես ասած, լուռ մերժումները, երբ ուղղակի անտեսվում է քաղաքացու հարցումը: Շուշան Դոյդոյանը լուրջ խնդիր համարեց այն, որ պաշտոնյաներն ամբողջությամբ չեն գիտակցում, որ տեղեկությունն իրենց սեփականությունը չէ եւ այն տրամադրելն իրենց պարտականությունների մի մասն է կազմում:

Աղբյուրը` henaran.am 

← Վերադառնալ ցուցակին