Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Լրագրողական դեմարշ դատարանների դե՞մ. Հիմնվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը
01.05.2011
Խորհրդի հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվական մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունն ու մասնավոր կյանքի իրավունքը: ֆորումի ժամանակ Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց խորհրդի կազմում ընդգրկված հինգ անդամների անունները: Նրանք են` Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, փաստաբան Արա Ղազարյանը և «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: «Հարգված, չեզոք ու պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ», ֆորումի մասնակիցներին ներկայացնելով խորհրդի անդամներին հայտարարեց Կարեն Անդրեասյանը և մեկ արտահայտությամբ նկարագրեց խորհրդի գործունեությունը. «Դատարանին դատում է ժողովուրդը»:
Տեղեկատվական վեճերի խորհրդի գործառույթն է զրպատությանը, վիրավորանքին, մասնավոր կյանքի պաշտպանությանը և տեղեկատվական ազատությանը վերաբերող դատական գործերի կապակցությամբ խորհրդատվական բնույթի մասնագիտական եզրակացություններով հանդես գալը, ինչպես նաև օրենսդիր ու գործադիր իշխանություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին համապատասխան հարցերի շուրջ անհրաժեշտ խորհրդատվությամբ ապահովելը:
«Կարծում եմ, որ խորհրդի գործունեությամբ փորձ կարվի ապագայում կանխել նոր դատական զարգացումները, ինչպես նաև այս հասարակական մեխանիզմի միջոցով դրական ազդեցություն կունենանք դատական որոշումների բովանդակության վրա: Ինքներս էլ գիտակցում ենք, որ մենք իրավունք չունենք միջամտելու արդարադատությանը, բայց հասարակական որոշակի ճնշման արդյունքում դատավորներն իրենց որոշումները կայացնելիս հաշվի կառնեն հասարակական շահը», -կարծիք հայտնեց Տեղեկատվական վեճերի խորհրդի քարտուղար Շուշան Դոյդոյանը:
Խորհրդի եզրակացությունները դատարանների համար պարտադիր չեն կարող լինել, փոխարենը, Դոյդոյանի բնութագրմամբ, կլինեն «ծանրակշիռ» և «գրագետ մարդը չի կարող հաշվի չնստել դրանում առկա գնահատականների հետ»:
Ֆորումին մասնակից լրագրողները մտավախություն ունեին, թե այս խորհուրդը, ինչպես փորձն է ցույց տվել, չի աշխատի ու իրական խնդիրներին, այնուամենայնիվ, լուծում չի տրվի: Նրանց մի մասի կարծիքով, իրականությունն այլ է, խորհրդի միջամտությամբ հրաշք տեղի չի ունենա և դատարաններն արդար վճիռ չեն կայացնի: Մասնակիցների մյուս մասն էլ պնդում էր, որ դատարանների դեմ պետք է լրագրողական դեմարշ կազմակերպել:
ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի հաստատ համոզմամբ, Հայաստանում «ինչ-որ բան նախաձեռնողը պետք է ռիսկով լինի»: «Այդ կարգի արշավներին պատրաստ ենք», -նկատեց Բորիս Նավասարդյանը:
Խորհրդի մյուս անդամ Արամ Աբրահամյանի խոսքով, դատավորներն ու դատարանները լրատվամիջոցներից «աբիժնիկ» են: «Նրանց դեմ մենք բազմիցս գրել ենք, գրել ենք այն դատավորների դեմ, որոնք ասենք` մարտի 1-ի գործով նման որոշումներ են գրել, նրանք կարող են առաջնորդվել պարզապես աբիժնիկության կանխավարկածով, կարող է ինչ-որ մեկը նրանց թելադրել կամ ծանոթ գտնել կաշառք տալ և այլն», -նկատեց «Առավոտ»-ի խմբագիրը: Նրա խոսքով, լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացնելու համար անդիմադրելի ցանկություն ունեցողներին դատավորները պետք է ուղղորդեն, հորդորեն դիմել Տեղեկատվական վեճերի խորհրդին: «Այդ ցանկությունը խորհուրդը իսկապես կարող է զսպել, ես դա իմաստալից եմ համարում: Եթե սակայն խորհուրդն ունենա ֆորմալ կառույց, որը ոչ մի դեր չի կատարում, էլի բոլորը դիմում են դատարան, ապա ոչ մի նշանակալի դեր էլ չի ունենա», -հավելեց Աբրահամյանը:
Խորհրդին տեխնիկական կամ այլ աջակցություն կարող է տրամադրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ 2009 թվականին Քր. օր.-ի «զրպարտություն» և «վիրավորանք» հոդվածները ապաքրեականացնելու նախաձեռնողներից էր, և նույնիսկ այս ֆորումի ժամանակ որակվեց, որպես «կնքահայր»: Օրենքի ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ բազմաթիվ հայցեր ներկայացվեցին դատարաններ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում 10 դատական նոր գործ է հարուցվել լրատվամիջոցների դեմ, որոնք ուղղակիորեն կապված են 2010 թվականի մայիսի 18-ին ընդունված՝ զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացմանը վերաբերող օրինագծերի փաթեթի հետ: Օրենքով, զրպարտության դեպքում սահմանված պատժաչափը մինչև 2 մլն դրամ է, իսկ վիրավորանքի դեպքում` մինչև 1 մլն դրամ:
Աղբյուր` Panorama.am