Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Գտել է ոչ հեղինակազրկված 5 անձի

02.05.2011

Նրանք են՝ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, իրավաբան Արա Ղազարյանը, «Ինտերնյուս-Եվրոպա» ՀԿ տնօրեն Մանանա Ասլամազյանը եւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը:
«Խորհրդի նպատակն է պաշտպանել եւ վիրավորված ու զրպարտված անձանց, եւ լրագրողներին՝ իրենց խոսքի ազատության իրացման ժամանակ: Տեղեկատվական վեճերի խորհուրդն անկախ մարմին է»,- «Ա1+»-ին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ըստ նրա` խորհրդի ստեղծման համար հիմք է հանդիսացել այն, որ Քաղաքացիական օրենսգրքում տեղ գտած «զրպարտության» եւ «վիրավորանքի» մասին հոդվածը կարող է չարաշահվել եւ վատ կիրառվել դատական համակարգում առկա թերությունների պարագայում:

«Որպեսզի լինի խորհրդատվական որոշակի աջակցություն կոնկրետ առանձին դատավորին կամ այն դեպքերում, երբ դատավորն, իմանալով միջազգային փորձը,իրավական ճիշտ գիտելիքներ ունենալով, չի ցանկանում դրանք կիրառել: Նա ստիպված է կկատարի, քանի որ կլինի նաեւ այս խորհրդի ճնշումը՝ կոնկրետ դեպքերով, կոնկրետ գործերով, եւ դատավորն այլեւս անտեղյակության քողի տակ չի կարող վնասել խոսքի ազատության կամ անձի արժանապատվությանը»,-ասաց նա:

Թեեւ խորհուրդը ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ, սակայն այս կառույցում պաշտպանը չունի ձայնի իրավունք:

«Եթե մարդն անդիմադրելի ցանկություն ունի «կզացնելու» մամուլին, ապա դրան պետք է հակադրել, թե պետություն, եւ թե հանրության ուժը: Այսինքն` պետք է համաձայնեցնել թե դատարանի եւ թե այդ խորհրդի գործունեությունն այնպես, որ եթե մարդն ուղիղ գնում է դատարան եւ չի դիմում այդ խորհրդին, ապա միեւնույն է դատարանը պետք է հաշվի առնի խորհրդի կարծիքը»,- «Ա1+»-ին ասաց նորաստեղծ խորհրդի անդամ Արամ Աբրահամյանը:

Իսկ եթե դատարանները հաշվի չառնեն խորհրդի կարծիքը, ապա այն չի կարող արդյունավետ կատարել իր առջեւ դրված խնդիրը:

«Ա1+»-ի խնդրանքով պարոն Աբրահամյանն անդրադարձավ նաեւ թերթերի, մասնավորապես «Հրապարակ» օրաթերթի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ներկայացրած հայցերին, որի հետեւանքով թերթը կարող են փակվել. «Հաշվի առնելով նրա բնավորությունը, դա վրեժխնդրություն է: Բացի ամեն ինչից, ես այստեղ նաեւ քաղաքական խաղեր եմ տեսնում»:

Խորհուրդը պատրաստվում է եզրակացություն ներկայացնել նաեւ այս գործով: «Տեղեկատվական վեճերի խորհուրդը» չի բացառում, որ որոշ դեպքերում իր եզրակացությունը չբավարարի կողմերից որեւէ մեկին եւ պատրաստ է նաեւ քննադատության:

Աղբյուրը` a1plus.am

 

 

← Վերադառնալ ցուցակին