Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
ՏԱ դասընթացներ ՊՆ աշխատակիցների համար
27.04.2011
Դասընթացի ծրագիրը կազմված է լրատվամիջոցների և հանրության հետ արդյունավետ փոխգործակցելու ինտերակտիվ և գործնական վարժություններից: Տեղի և Լիտվայի ու Կանադայի միջազգային փորձագետները կուղղորդեն մասնակիցներին տեղեկատվության մատչելիության ազատությանը առնչվող ազգային և միջազգային օրենսդրության հարցերում ու կքննարկեն այդ իրավունքների օրինական սահմանափակումները:
«Զինված ուժերում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ԵԱՀԿ առանցզային սկզբունքներից է», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: «Ես հավատացած եմ, որ այս դասընթացը տեղեկատվական ծառայության աշխատակիցներին հնարավորություն կտա փոխանակել փորձը, ինչպես նաև սովորել ծառայել հասարակության տեղեկատվական կարիքներին հնարավորինս պատասխանատու կերպով»:
«Այս ուսուցումը, որ կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, կարող է շատ օգտակար լինել մեր աշխատակազմի համար` տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի մեր ռազմավարության իրականացման հարցում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու այդ ոլորտի միջազգային փորձին», - հավելեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը:
«Լրատվամիջոցներին ու հասարակությանը հասկանալն ու նրանց հետ աշխատելը կարևոր հարցերից է պետական բոլոր գերատեսչությունների համար: Ժողովրդավարական հասարակության մեջ յուրաքանչյուրին անհրաժեշտ են տեղեկություններ այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ` թե ինչպես է կառավարությունն օգտագործում ձեր դրամը, թե ինչպես են նրանք պաշտպանում ձեր արժեքները և այլն: Տեղեկատվության մատչելիությունն օգնում է մարդկանց զգալ, որ իրենք գործընթացի մասն են կազմում», - ասաց Լիտվայի լրագրողների միության նախագահ Դաինիուս Ռաձեվիկիուսը, որը հրավիրվել է ԵԱՀԿ գրասենյակի կողմից` օգնելու ուսուցման դասընթացի անցկացման հարցում:
Մասնակիցները կսովորեն Հայաստանի տեղեկատվության ազատության մասին օրենսդրության ու դրա իրականացման, լրատվամիջոցների հարցումներով արդյունավետորեն զբաղվելու, հաղորդագրություններ մշակելու և կիրառելու, մամլո ասուլիսներ և տարբեր տեսակի հարցազրույցներ անցկացնելու ու հասարակայնության հետ կապերի աշխատանքին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Աղբյուրը` ԵԱՀԿ Երեւանի գրասենյակ