Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Հայաստանի Հանրապետություն օ/թ "Քաղծառայողների վերապատրաստում"
29.03.2008
Պետական գերատեսչությունների եւ տասը մարզերի տարածքային մարմինների մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու շուրջ 90 քաղծառայողներ վերապատրաստման դասընթացներ կանցնեն տեղեկատվության ազատության օրենքի կիրառման վերաբերյալ։ Ծրագրի շրջանակներում շահառու քաղծառայողները ձեռք կբերեն գործնական հմտություններ եւ փորձ Հայաստանում տեղեկատվության ազատության օրենքի կիրառման վերաբերյալ, ինչպես նաեւ կծանոթանան տեղեկատվության մատչելիության միջազգային չափանիշներին։ Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ նշված քաղծառայողների պաշտոնի անձնագրերի լրամշակումը՝ տեղեկատվության ազատության ոլորտում նրանց գործառույթներն ու պարտականությունները հստակ ներկայացնելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, Իտալիայի կառավարության եւ «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ—ի կողմից։
«Պետական տեղեկատվության մատչելիությունը կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր պետության ժողովրդավարության կայացման համար։ Հուսով ենք, որ պետական կառույցների մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուների վերապատրաստումը ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելով՝ կաջակցենք Հայաստանի պետական մարմինների առավել բաց եւ թափանցիկ գործունեությանը»,–ասաց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։ Նրա խոսքերով, կարելի է մեկ քայլ առաջ որակել 2003 թվականի սեպտեմբերի 23—ին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, բայց այն կիրառելու առումով դեռեւս անելիքներ կան։
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը համակարծիք է ԵԱՀԿ դեսպանի հետ. օրենքը բավականին լավն է, բայց դեռեւս լուրջ խնդիրներ կան այն գործնականում կիրառելու առումով։ Նրա խոսքերով, անհրաժեշտ է առաջնորդվել այն գաղափարով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետության գործընկերն է եւ առանց կամայական խոչընդոտների նա իրավունք եւ հնարավորություն պետք է ունենա լիարժեքորեն օգտվել պետության կողմից մատուցվող ծառայություններից, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն։ Ըստ նրա՝ ապագայում վերապատրաստված հայ մասնագետների փորձը կարող է ուսանելի եւ օգտակար լինել նաեւ այլ երկրների ներկայացուցիչների համար։ «ՔԾԽ—ն ոչնչի առաջ կանգ չի առնում առավելագույնս իր գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունն ապահովելու համար»,–հավատացրեց նա՝ ավելացնելով, որ պետական շատ մարմիններ այս առումով դեռեւս անելիքներ ունեն։
Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցցո Կասսինելին տեղեկացրեց, որ իննամսյա վերապատրաստման ծրագիրը ֆինանսավորվում է Իտալիայի կառավարության կողմից. արժեքը 25 հազար եվրո է։ Ըստ նրա՝ վերապատրաստման ծրագիրը համագործակցության շատ լավ օրինակ է պետության եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ։
«Պետական կառույցների հասարակայնության հետ կապերի պատասխանատուներին տրամադրելով տեղեկատվության ազատության հարցերի վերաբերյալ սպառիչ ինֆորմացիա եւ անհրաժեշտ հմտություններ՝ ծրագիրը կխթանի ոլորտի բարեփոխումները»,—համոզված է «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ—ի տնօրեն Շուշան Դոյդոյանը։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Աբյուրը` "Հայաստանի Հանրապետություն" օրաթերթ