Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Aysor.am"Ա. Աշոտյանը ուշադրության կենտրոնում էր"
03.05.2010
Թեև այսօր մամուլի ազատության օրն է, և, ըստ էության, լրագրողները պետք է ուշադրության կենտրոնում լինեին, սակայն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած «Մամուլի ազատություն. Տեղեկատվության ազատության իրավունք» խորագրով ցուցահանդեսի ժամանակ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էր հայտնվել ուշադրության կենտրոնում:
Բանն այն է, որ ցուցահանդեսի լուսանկարներից մեկում Արմեն Աշոտյանն էր` խիստ զարմացած հայացքով:
Նախարարը ժպիտով նայեց իրեն, ապա սահուն կերպով անցավ մամուլի ազատության հիմնախնդրին:
«Մենք պետք է զերծ մնանք վիրավորանքներից: Օրինակ, մեր գերատեսչությունում շատ արագ արձագանքում ենք լրատվամիջոցներին, ճիշտ խոսքից չենք վախենում: Ցանկալի կլիներ, որ քաղաքական մշակույթի զարգացմանը զուգընթաց աճեր նաև խոսքի ազատության մշակույթը»,- ասաց Աշոտյանը:
ԿԳ նախարարը գտնում է, որ ազատությունը դառնում է արժեք այն ժամանակ, երբ գիտես ինչպես օգտվել այդ ազատությունից, երբ գնահատում ես ազատությունը, գիտես, որ այն քեզ համար ոչ թե սանձարձակության, այլ մշակույթ դրսևորելու ձև է:
«Ազատությունը բացարձակ արժեք է, որը սահմանափակվում է միայն այլոց ազատություններով: Վիրավորանքներից, զրպարտանքներից դուրս` մամուլի ազատությունը, ցավոք, դեռևս հաճելի մեկնակետի վրա չէ Հայաստանում»,- հավելեց Ա. Աշոտյանը:
Աղբյուրը` aysor.am