Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
www.armenpress.am"Մամուլի ազատությունը` լուսանկարներում. Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես "
03.05.2010
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց լուսանկարների ցուցահանդես «Մամուլի ազատություն. տեղեկատվության ազատության իրավունք» խորագրով: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին եւ լրագրողներին իրենց շնորհավորական խոսքերն ասացին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, այլք:
Ցուցադրությունը կազմակերպվել էր «Տեղեկատվության ազատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ցուցադրված 30 աշխատանքներն ընտրվել էին կազմակերպիչներին ներկայացված շուրջ 300 լուսանկարներից: Ինչպես նշեց «Տեղեկատվության ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը, այս ցուցադրության առանձնահատկություններից է այն, որ նրան մասնակցելու հրավիրվել են ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, այլեւ` բոլոր նրանք, ովքեր կամեցել են ներկայացնել այս թեմայով իրենց աշխատանքները: Ներկայացված աշխատանքները ժամանակային սահմանափակման չեն ենթարկվել, եւ, ըստ նրա, «ամենակարեւորը, սա մրցույթ չէ, ուղղակի ցուցադրություն է»:
«Սա ուղղակի հնարավորություն էր բոլոր ցանկացողների համար ներկայացնել մամուլի ազատությունն իրենց տեսանկյունից»,- ասաց Շ. Դոյդոյանը: Ինչպես իր խոսքում նշեց Մ.Յովանովիչը, հասարակություններն այսօրվա գլոբալ դինամիկ միջավայրում առաջ ընթանալու համար պետք է իրենց ժողովրդի ստեղծագործական հմտությունները բացահայտեն. «Դա նշանակում է վստահել քաղաքացիների` ամբողջական տեղեկատվության հիման վրա կատարված ընտրությանը»:
Դ.Գերչեւայի խոսքով` մայիսի 3-ը` մամուլի ազատության օրը հարգանքի տուրք է ազատ խոսքի համար զոհված կամ բռնությունների ենթարկված լրագրողների հանդեպ, կոչ պետություններին` երաշխավորելու տեղեկատվություն ստանալու ազատությունը, հիշեցում, որ քաղաքացիական հասարակության կերտման ճանապարհին այս իրավունքի պաշտպանումն ու կիրառումն առաջնային է:
Աղբյուրը` www.armenpress.am