Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Իրավապահների լրատվամիջոցների հետ
18.03.2011
Քննարկման թեման էր՝ «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում»: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը եւ տողերիս հեղինակը: Ավելորդ չեմ համարում շեշտել, որ ներկայացնելով իրավական թեմաներով լրագրողների դժվարությունները՝ զեկուցման մեջ առաջ եմ քաշել տեղեկատվության մատչելիության խնդիրները, տեղեկատվության տրամադրման ժամանակ որոշ խտրականությունների, օպերատիվության եւ առկա խոչընդոտների մասին հարցերը:
Գործընկերներս դժգոհում էին, որ պատահարների, արտակարգ իրավիճակների, այդ դեպքերի քրեական գործերի հետ կապված, երբ դիմում ես իրավապահ մարմիններին՝ նրանք տեղեկատվություն չեն տրամադրում «նախաքննական գաղտնիք է» անվան տակ կամ եթե տրամադրում էլ են, որոշակի վերաբերմունք են դրսեւորում տրված ինֆորմացիայի մեջ: «Առավոտի» մի օրինակը վերաբերում էր կալանավայրերից մեկում ինքնասպան եղած երիտասարդի դեպքին, երբ «լրացուցիչ» նշվել էր կախվածի հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը, մինչդեռ այդ պահին մենք գտնում էինք, որ կային լրացուցիչ այլ տեղեկությունների հնարավորություններ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ իրենք պաշտոնական ինֆորմացիայի տրամադրման ժամանակ փորձում են «ձեռնպահ մնալ կասկածյալների իրավունքների եւ արժանապատվության դեմ ուղղված որակումներից»:
Միջոցառումը, որը կյանքի կոչվեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ, շարունակական է լինելու, քանի որ եղավ նման առաջարկ:
Ռուզան Մինասյան
Աղբյուրը` "Առավոտ" օրաթերթ