Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

panorama.am."Տեղեկատվության ազատության 6-րդ մրցանակաբաշխություն. Ոսկե բանալիներ ու ժանգոտ կողպեքներ"

26.09.2008

Վեց «ոսկե» բանալի ու երկու «ժանգոտ» կողպեք` համապատասխանաբար ամենաթափանցիկ աշխատանքի և ամենափակ ու գաղտնի աշխատած գերատեսչություններին:

6-րդ տարին անընդմեջ անցկացվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»` «Տեղեկատվության ազատության» մրցանակաբաշխությունը: Կազմակերպիչները այս տարի այն նվիրել են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի ընդունման 5-րդ տարելիցին և կոռուպցիայի դեմ պայքարին:

Այսպիով` Տեղեկատվության ազատության ոլորտում գործող 11 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ ժյուրիի կազմը ընտրել էր հաղթողներին:

Հայաստանի Հանրապետության ամենաթափանցիկ գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում "Տեղեկատվության ազատության մասին" ՀՀ օրենքի պահանջները, ըստ ժյուրիի, հաղթող էր ճանաչվել Եղեգնաձորի քաղաքապետարանը, իսկ ոսկե բանալին իր թափանցիկ աշխատաոճի համար ստացավ անձամբ քաղաքապետը` Սիրեկան Բաբայանը:

Հանրությանը տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ունեցող Հայաստանի Հանրապետության գերատեսչություն ճանաչվեց ՀՀ ԿԳՆ կայքը:

Փոխնախարար Բագրատ Եսայանը շնորհակալական խոսքում նշեց, որ տեղեկատվության հասանելիության սկզբունքի պահպանումը միակ և հնարավոր ճանապարհն է կանխարգելելու կոռուպցիան:

Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու համառ պաշտպանած քաղաքացիներն այս անգամ երկուսն էին` Արտաշես Հովհաննիսյանը և Արմինե Առաքելյանը:

Արտաշես Հովյաննիսյանի ջանքերով, Սարի թաղի 3-րդ փողոցը նամակներից և բազմաթիվ քաշքշուկներից հետո խմելու ջուր է ստացել, իսկ Արմինե Առաքելյանը դիմել է Կենտրոն համայնք` ստանալու ֆինանսական հաշվետվությունների պատճենը, սակայն նրան մերժել են. քաղաքացին դատը շահել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում:

«Եղել են բազմաթիվ ճնշումներ, սպառնալիքներ, որ մենք ետ կանգնենք մեր նախաձեռնությունից, սակայն բոլորին կհորդորեմ չվախենալ և պահանջել այն տեղեկատվությունը, որի իրավունքը ունի յուրաքանչյուր քաղաքացի»,-շնորհակալական խոսքում ասաց տիկին Առաքելյանը:

Տեղեկություն ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Հակաստվեր» ՀԿ-ն, իսկ 2008թ. տեղեկատվությանն առնչվող խնդիրները ամենաակտիվ ու հետևողական լուսաբանած լրագրող կամ լրատվամիջոց` «Երկիր Մեդիան» և լրագրող Մարիամ Բարսեղյանը:

Արարողակարգի «ժանգոտած» հատվածում կողպեքների արժանացան ամենափակ և գաղտնի գերատեսչություն ճանաչված Հրազդանի քաղաքապետարանը, իսկ ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրած պետական գերատեսչություն` Իջևանի քաղաքապետարանը:

Նշենք, որ ժյուրին հրապարակային և փակ գերատեսչություններն ընտրել է հաշվի առնելով հետևյալ չափանիշները. տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջների կատարում, տեղեկություն ստանալու հարցումներին պատշաճ ձևով ընթացք տալ (գրանցել, օրենքով սահմանված ժամկետում պատասխանել), պարբերաբար հրապարակել օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները` համաձայն ՏԱ օրենքի (բյուջեն, որոշումները, բյուջեի կատարման հաշվետվությունները, ավագանու նիստերի մասին տեղեկատվություն, և այլն), ԶԼՄ-ների հետ համագործակցություն` հանրությանը ժամանակին և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով:

Աղբյուր` Panorama.am 

← Վերադառնալ ցուցակին