Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Տեսագրությունները պետք են ոստիկաններին

20.03.2011

«Ոստիկանները ընդդիմության հանրահավաքները երթերը եւ բազմաթիվ բողոքի այլ ակցիաները տեսանկարահանում են իրենց համար, որպեսզի հետագայում ռեալ հիմքեր ունենան»,- այս մասին Աղվերանում «Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում» աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա տեղեկացրեց, որ այդ տեսագրությունները պահվում են ու լրատվամիջոցների ցանկության դեպքում իրենք պատրաստ են տրամադրել դրանք: «Ավելի լավ է տեսագրվի, քան թե բանավոր ներկայացվի: Շատ են դեպքերը, երբ ոստիկանները ներգրավվում են որպես վկա, այս դեպքերում վկան տեսագրությունն է: Բացի այդ, եվրոպացի մեր գործընկերները եւս այդ ակցիաները տեսանկարահանելու խորհուրդ են տվել»,- ասաց նա: Աշոտ Ահարոնյանը նաեւ հայտնեց, որ շուտով ոստիկաններին կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցների հետ շփվելու ուղեցույց: Այն արդեն մշակվել է եւ կհրապարակվի առաջիկայում: «Համապատասխան գրքույկը ստեղծելու հարցով մենք համագործակցում ենք ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հետ: Շուտով ամեն ինչ կմտնի հունի մեջ»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:

Քննարկմանը մասնակցում էին Գլխավոր դատախազության, ոստիկանության, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Այն կազմակերպել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

Հիմնական թեման առնչվում էր տեղեկատվություն ստանալու մատչելիությանը ու այն խնդիրներին. որոնց բախվում են լրատվամիջոցները իրավապահ մարմիններից այդ տեղեկատվությունը ստանալու համար: Իբրեւ առաջնային խոչընդոտ ոլորտը լուսաբանող լրագրողները մատնանշեցին այն, որ տեղեկատվություն տրամադրելիս իրավապահները խուսափում են եւ դա պատճառաբանում մեկ նախադասությամբ` դա նախաքննական գաղտնիք է:

Եթե այս հանգամանքը լրագրողների համար արդարացված չէ, ապա իրավական ոլորտի մասնագետների համար լիովին ընդունելի է: Նրանք նշեցին, որ շատ դեպքերում կան գործեր, որոնք իրոք պահանջում են գաղտնիություն: Խնդրի լուծման համար «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը առաջարկեց ստեղծել ուղենիշային փաստաթուղթ, որը հանգամանորեն կպարզաբանի, թե որ դեպքերում է ինֆորմացիայի չտրամադրումը կապված նախաքննություն գաղտնիության հետ:

Աղբյուրը` Ա1+ 

← Վերադառնալ ցուցակին