Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Լրագրողները և իրավապահ մարմինները
19.03.2011
Այսօր Աղվերանում մեկնարկել է«Տեղեկատվության ազատության առանձնահատկությունները իրավապահ մարմիններում» աշխատանքային քննարկումը, որին մասնակցում են Գլխավոր դատախազության, ոստիկանության, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ եւ լրագրողներ: Ակնկալվում է, որ առաջիկայում քննարկմանը կմիանա նաեւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Քննարկման առանցքում իրավապահ մարմիններից տեղեկատվություն ստանալու մատչելիությունն է եւ դրա հետ կապված խնդիրներն ու առանձնահատկությունները: Իրավական ոլորտը լուսաբանող լրագրողները բազմաթիվ հարցեր եւ դիտարկումներ ունեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հասցեագրված:
Առանձնակի ուշադրություն է դարձվում նախաքննական գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու վրա: Լրագրողների կարծիքով` երբեմն դա զենք է դառնում քննիչների ձեռքին, որպեսզի նրանք մերժեն տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցներին: Դատախազության ներկայացուցիչներն էլ նշում են, որ քննիչները պարտավոր են պահպանել գաղտնիությունը` նախաքննության շահերից ելնելով:
Իրավապահ համակարգի ներկայացուցիչներն ու լրագրողները համաձայնեցին, որ փոխադարձ անվստահությունը խանգարում է երկուսի աշխատանքներին էլ: Քննարկման մասնակիցները հույս հայտնեցին, որ այսօր խնդիրները մեկ սեղանի շուրջ քննարկելոց հետո կդրվի փոխադարձ վստահության սկիզբը:
Աշխատանքային քննարկումը կշարունակվի նաեւ վաղը` ուշադրության կենտրոնում ունենալով քրեակատարողական համակարգում տեղեկատվության ազատության առկա խնդիրների վրա:
Երկօրյա աշխատանքային քննարկումը կազմակերպել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը»` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ
Աղբյուրը` lragir.am