Հրապարակումներ
Մամուլը մեր մասին
Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու օրինագիծը լուրջ հետընթաց է
01.02.2018
«Կառավարության նիստերը չպետք է գաղտնի անցկացվեն, բացառությամբ ազգային անվտանգության շահով պայմանավորված հատուկ հարցերի քննարկման ժամանակ։ Վաղուց ժամանակն է ոչ թե նիստերը գաղտնի դարձնելու, տեղեկատվությունը փակելու ամենահեշտ, բայց անարդյունավետ միջոցին դիմել, այլ հանգիստ ընդունել մամուլի եւ հասարակության քննադատությունը։ Այս օրինագիծը հրապարակայնության առումով լուրջ հետընթաց է»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանը, անդրադառնալով ՀՀ Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին, որը հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Հիշեցնենք, որ օրենքով սահմանվել է, որ Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն:
Մեր հարցին` հիմնավո՞ր էին արդյոք նախարար Դավիթ Հարությունյանի բացատրությունները, թե ինչու պետք է նիստերը դռնփակ լինեն, Դոյդոյանն ասաց. «Հիմնավորումներ ամեն ինչի վերաբերյալ կարելի է բերել: Կարելի է մի քանի տասնյակ հիմնավորում բերել, թե ինչու պետք է փակ լինի, եւ նույնքան հիմնավորում բերել, թե ինչու պետք է նիստերը լինեն բաց: Խնդիրը ես ավելի շատ սկզբունքային եմ ցանկանում դնել, այսինքն` ի՞նչ ավանդույթներ մենք ունենք կառավարությունում: Մենք ունենք բաց ու թափանցիկության ավանդույթ, եւ հիմա բոլոր հիմնավորումները ես անընդունելի եմ համարում, որովհետեւ դա մի քանի քայլ հետ է տանում այն ձեռքբերումներից, որ մենք ունեցել ենք, եւ, հետեւաբար, իրավիճակը գնահատում եմ խիստ բացասական»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Միեւնույն ժամանակ նա ասաց, թե փաստարկները որքան էլ տրամաբանված լինեն, դրանք չպետք է կիրառվեն ի հաշիվ թափանցիկության: «Որպեսզի ավելի ազատ ու անկաշկանդ քննարկումներ լինեն, մամուլը երբեք չի կարող նման ճնշող ազդեցություն ունենալ կառավարության ներկայացուցչի վրա, եթե ինքն ասելիք ունի: Այլ հարց է, որ այդ քննարկումները պետք է լինեն բովանդակային, իսկ դրա համար ի՞նչ է պետք անել, արդյոք առաջին քայլը պետք է լինի մամուլին սահմանափակե՞լը, իհարկե ո՛չ»,- նկատեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահը, հավելելով, որ այն կարժանանա նաեւ միջազգային հանրության քննադատությանը: «Ի վերջո, եթե պաշտոնյային քննադատում են հանրության միջոցներով կոնյակ առնելու համար, ապա ոչ թե պետք է սկսել ավելի թաքուն առնել, այլ պետք է հանրության միջոցները չմսխել ընդհանրապես»,- ասաց նա:
Փայլակ Ֆահրադյան
Աղբյուրը՝ Araratnews.am