Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

50-ից պակաս աշխատող ունեցող հիմնարկը կարող է չպատասխանե՞լ լրագրողի հարցումներին

26.09.2017

Նախագծի տարբերակում առաջարկվող փոփոխությունները հետադիմական են, խիստ վտանգավոր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը սեպտեմբերի 20-28-ը նշում է տեղեկատվության ազատության միջազգային շաբաթ: Ու «շաբաթվա շրջանակներում» անցյալ ուրբաթ «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեց «Տեղեկատվության մասին» օրենքի նոր նախագիծը՝ օրենսդրական փոփոխությունները: Լրատվամիջոցներից մի քանիսը, որոնք մասնակցել էին աշխատանքային քննարկմանը, միանշանակ գտնում էին, որ առաջարկվող նոր տարբերակով սահմանափակվելու է տեղեկություններ ստանալու իրավունքը:

Տարբերակում նախատեսվում էր. «Տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որեւէ տեղեկություն կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, եւ դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատման»: Փաստորեն, նախագծի կյանքի կոչվելուց հետո մենք գործ կունենանք «հատուկ՝ էլիտար» կամ «հասարակ» տեղեկության հետ: Նման ձեւակերպմամբ, ըստ էության, չկա սահմանում, թե ինչ ասել է «հանրային հետաքրքրություն ներկայացնող» տեղեկություն եւ ո՞վ կամ ովքե՞ր են որոշելու: Լրագրողի կամ տեղեկություն հայցողի համար մի դեպքում դա կարող է ընկալվել հանրային հետաքրքրություն ներկայացնող, մեկի՝ շահագրգիռ կողմի համար հանրային հետաքրքություն չընկալվի:

Ձեւակերպումն իրոք վիճահարույց է եւ հնարավոր շահարկումների առիթը պատրաստ: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը հիմնարար այն օրենքներից է, որը բոլորինն է, որն ապահովում է բաց, թափանցիկ և հրապարակային կառավարության գործունեություն, հանրային միջոցների տնօրինման և օգտագործման հանրային վերահսկման, հանրային հաշվետվողականության բազային գործիք է: Հիշեցնենք, որ «ՏԱ մասին» ՀՀ օրենքը գործում է 2003թ. սեպտեմբերի 23-ից, եւ այն ԶԼՄ օրենքի հետ զսպաշապիկի դեր խաղաց 14 տարիների ընթացքում: Վկա՝ դատական գործընթացները, երբ տեղեկություններ թաքցնող, չհայտնող պաշտոնյաները սկսեցին զգուշանալ, որոշակի ժամանակահատվածում տրամադրելով իրենցից պահանջվող տեղեկությունները: ՏԱ օրենքի նախագծի հեղինակն արդարադատության նախարարությունն է:

ՀՀ արդարադատության նախարարությունն այս տարվա մարտին «e-draft.am» կայքում հանրային քննարկման էր ներկայացրել տեղեկատվության ազատության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն իր մեջ ներառում է նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ: Ըստ ներկայացված հիմնավորման՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Մինչ այդ, ԻԱԿ-ի նախաձեռնությամբ արդարադատության նախարարության հետ մշակել էր, կառավարությունն էլ վերջապես ընդունել էր «Տեղեկությունների գրանցման, դասակարգման եւ պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի տրամադրման կարգը», որով լուծում տրվեցին նաև ՏԱ մասին օրենքում առկա մի քանի բացերի՝ ինչպես, օրինակ, էլեկտրոնային հարցումների կարգավիճակի, վճարների խնդրի հստակեցմանը, ՏԱ պատասխանատուների աշխատանքի կարգավորմանը: 2016 թվականին ՀՀ արդարադատությունը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ սկսեց մշակել ՏԱ ոլորտի արդիականացման հայեցակարգը, որի հիմնական նպատակն էր, ըստ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, տեղեկատվության ազատության ոլորտի հիմնախնդիրների վերհանումը և տեղեկատվության ազատության իրավունքի ապահովման համար երաշխիքների ամրագրումը: Հայեցակարգը, սակայն, կառավարությունը չհաստատեց, իսկ նախարարությունը, չգիտես ինչու, սահուն անցավ ՏԱ մասին նոր օրենքի մշակմանը:

Երբ կառավարությունը նման կարևոր ոլորտի օրենսդրական փոփոխություն է նախաձեռնում, խիստ կարևոր է գործընթացն առավելագույնս հրապարակային և մասնակցային դարձնել, հատկապես, երբ օրենքը լավագույնս կիրառվել է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների կողմից, ձևավորված է տեղեկություններ ստանալու իրավունքի պաշտպանության դատական դրական պրակտիկան, օրենքի օգտագործմամբ հետաքննական լրագրության, չարաշահումների բացահայտման լրագրողական փորձ և այլն: Օրենքի փոփոխությունները նախաձեռնելիս խիստ առաջնային է հաշվի նստել վերոնշյալ պրակտիկան ձևավորած կառույցների հետ, համատեղ մշակել նոր նախագիծ, եթե դրա կարիքը կա:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանն «Առավոտին» հայտնեց. «Հաշվի առնելով, որ նախագիծը կառավարություն ներկայացնելու ժամկետը մոտենում էր (հոկտեմբերի 1), ՀՀ արդարադատության նախարարությունից պաշտոնական արձագանք չկար, ՔՀԿ առաջարկներին որևէ կերպ արձագանք չէր տրվել, ԻԱԿ-ը սեպտեմբերի 22-ին նախաձեռնեց աշխատանքային քննարկում քաղհասարակության ներկայացուցիչների, փաստաբանների, պետական մարմինների ՏԱ պատասխանատուների մասնակցությամբ, նաև հրավիրվեցին արդարադատության նախարարության ներկայացուցիչներ՝ ներկայացնելու և նախագծի մշակման գործընթացը, և վերջնական նախագիծը, ինչպես նաև՝ թե քաղհասարակության առաջարկներից որոնք են ընդունվել, որոնք մերժվել և ինչ հիմնավորմամբ:

Անհանգստությունը մեկն էր՝ փոփոխության է ենթարկվում ՏԱ մասին ՀՀ օրենքը, իսկ գործընթացից հեռու են մնում քաղհասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցները, հանրությունն ընդհանրապես»: Ի դեպ, քննարկմանն արդարադատության նախարարությունից նոր պատասխան չէր ստացվել, իսկ նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության» փորձագետ Էմիլ Մարգարյանն էլ նշել է, որ նախագիծը դեռ լրամշակման փուլում է, իսկ կառավարություն ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև 2017թ. դեկտեմբեր, որի մասին, սակայն, պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա:

ԻԱԿ նախագահ Լիանա Դոյդոյանը «Առավոտին» տեղեկացրեց. «Արդարադատության նախարարությանը բազմիցս թե գրավոր, թե բանավոր առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հավասարապես ներգրավելով հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Սակայն այսպես էլ խումբ չի ստեղծվել»:

Փաստորեն, վիճակն այսպիսին է. արդարադատության նախարարությունում ստեղծված չէ աշխատանքային խումբ: Հայտնի չէ, թե ովքեր են նախագծում ՏԱ ոլորտի օրենսդրական փոփոխությունները, ՔՀԿ կողմից ներկայացված առաջարկություններին հստակ պատասխան, մեկնաբանություն չի տրվում: Վերջնական նախագիծ չի ներկայացվում: Ըստ էության, աշխատանքային կարգով տրամադրված նախագծի տարբերակում առաջարկվող փոփոխությունները հետադիմական են, խիստ վտանգավոր: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել և նախարարությանն է ուղարկել առաջարկությունների մեծ փաթեթ:

Ըստ ԻԱԿ-ի. «Առաջարկություններին, սակայն, պատասխանը եղել է նույնը՝ լրամշակում ենք, մինչ հոկտեմբերի 1-ը ժամանակ ունենք: Շուրջ երկու ամիս լռությունից հետո ԻԱԿ-ը ստանում է նախագծի մեկ այլ տարբերակ, որի վերաբերյալ խնդրում են տալ կարծիք: Այս տարբերակը պաշտոնապես հրապարակված չէ: ԻԱԿ-ն իր կարծիքում նշում է, որ առաջարկվող մի քանի փոփոխություններ հետադիմական են գործող կարգավորումների համեմատ, հակասում են տեղեկատվության ազատության ոլորտում ձևավորված դրական պրակտիկային, և Ինֆորմացիայի ազատության կենտրոն հ/կ-ի համար անընդունելի են:

Դրանք վտանգավոր են ինչպես տեղեկատվության ստացման իրավունքի սահմանափակման համար, այնպես էլ հիմք են ստեղծում կոռուպցիայի զարգացման, տեղեկությունները ոչ իրավաչափորեն սուբյեկտիվ գնահատմամբ թաքցնելու համար»: «Առավոտի» տեղեկություններով, նախատեսվում էր նաեւ լիազոր մարմին: Այս կապակցությամբ ԻԱԿ-ի դիրքորոշումը հետեւյալն էր. «ՏԱ լիազոր մարմին ստեղծելու վերաբերյալ ևս հստակ է՝ չնախատեսել որևէ խորհուրդ կամ լիազոր մարմին»:

Հաշվի առնելով ՏԱ օրենսդրական փոփոխությունների, փակ, ոչ մասնակցային գործընթացը, ինչպես նաև այն փաստը, որ գործող օրենքը այժմյան իրավիճակում կարողանում է ապահովել տեղեկություն ստանալու իրավունքի իրացումը, քննարկման մասնակիցները որոշեցին հայտարարությամբ հանդես գալ և դիմել արդարադատության նախարարությանը՝ զրոյացնել ՏԱ մասին օրենքի նախագծի մշակման գործընթացը, այսինքն՝ ձեռք չտալ գործող օրենքին, այն բավարարում է ՏԱ իրավունքի իրացման պահանջները: Այս պահին անհասկանալի գործընթաց է, երբ շահագրգիռ կողմերը, հանրությունը տեղյակ չեն գործընթացից, իսկ նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացնելու ժամկետն էլ երկարաձգվել է հոկտեմբերի 1-ը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
 

← Վերադառնալ ցուցակին