Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

ԶԼՄ-ների և ՀԿ-ների ղեկավարները անհեթեթություն են համարում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

25.09.2017

ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ղեկավարները անհեթեթություն են համարում կառավարության մշակած «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Ըստ նախատեսված փոփոխությունների՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն»: Մեկ այլ դրույթով՝ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»: Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները կարող են հարցմանը չպատասխանել նաև այն դեպքում, եթե 50-ից քիչ աշխատակից ունեն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշում է, որ փոփոխությունների նախագծում կան դրույթներ, որոնք անընդունելի են:

«Օրինակ, եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչ-որ գրադարան պետությունից ստացած իր բյուջեն ինչպես է տնօրինում, գրադարանը կարող է ասել՝ մենք 50-ից քիչ աշխատակից ունենք և ձեր հարցմանը չենք պատասխանում»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս օրենքը 14 տարի է ինչ գործում է և խնդիրներ չէր առաջացրել: Ըստ նրա՝ միակ փոփոխությունը, որն արժեր անել այս օրենքում, էլեկտրոնային հարցման ինստիտուտը մտցնելը կարող է լինել. «14 տարի առաջ էլեկտրոնային հարցումներ գրեթե չկային, բայց տեխնոլոգիաները զարգացել են: Այս օրենքում ուրիշ որևէ փոփոխության կարիք չկար, բայց իշխանությունը որոշեց ոչ թե ինչ-որ դրույթներ փոխել, այլ ամբողջությամբ նոր օրենք գրել»,- նշեց նա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ համոզված է, որ եթե հարցումը տեղեկատվությունը տնօրինողի համար «ցավոտ» կամ անցանկալի լինի, կասվի, որ դա հանրային հետաքրքրություն առաջացնող հարց չէ. «Ո՞վ է որոշելու, սա հանրային հետաքրքրություն առաջացնող է, թե ոչ: Ո՞վ է դատավորը»,- նկատեց Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի տեղեկացմամբ՝ իրենք բազմաթիվ դեպքերում պահանջել և ստացել են տեղեկություններ, որոնք 50-ից ավելի էջ ունեին, այլ կազմակերպություններ անգամ 120 էջանոց տեղեկություններ են ստացել, բայց օրենքի փոփոխությունների ընդունման դեպքում ԶԼՄ-ները և ՀԿ-ները կզրկվեն այսպիսի շատ կարևոր տեղեկություններ ստանալու հնարավորությունից:

«Եթե այս օրենքի փոփոխությունը ընդունվի, կզրկվենք բազմաթիվ հետաքննություններ անելու հնարավորությունից, գործը բավականին կդժվարանա: Սա արվում է, որպեսզի պետական կառույցները չապահովեն իրենց աշխատանքի թափանցիկությունը, որևիցե այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել»,- ասաց նա:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ այս փոփոխությամբ ոչ միայն լրագրողների, այլ նաև փաստաբանների, քաղաքացիների տեղեկություն ստանալու գործընթացն է գրեթե անհնար լինելու: Նրա խոսքով՝ պետությունը մի կողմից կոռուպցիայի դեմ պայքար է հայտարարում, իսկ մյուս կողմից խափանում է դա:

«Ես ապշած եմ այս անհեթեթ փոփոխություններից: Սրա նպատակն է ուղղակի օրենքի գործունեությունը պաշտոնյայի կամքի տակ դնել: Պաշտոնյան ուզեց՝ օրենքը կգործի, չուզեց՝ չի գործի: Եթե նա չուզեց որևէ տեղեկություն տրամադրել, կասի՝ գիտեք, ձեր անհատական հետաքրքրությունը դեռևս հանրային հետաքրքրություն չէ: Պաշտոնյայի դուրը չեկավ, ժամանակ չունեցավ, կամ կոռուիպցիա, չարաշահում բացահայտող հարց եղավ, նա չի պատասխանի: Երևի, պետք է Հայաստանի 3 մլն բնակչությունը ստորագրի, նոր կհամարեն հանրային հետաքրքրություն առաջացնող: Ընդհանրապես այս բառակապակցությունը օրենքում չի բացված և հնարավոր էլ չէ բացել: Ոչ մեկը չի կարող սահմանել, թե որն է հանրային հետաքրքրությունը, դա մոտավորապես ճաշակ սահմանելու պես բան է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը հույս ունի, որ ՀՀ Արդարադատության նախարարությունում ինչ որ շփոթմունք է եղել և օրինագիծն այս տեսքով, ինչ մեջբերումներ, որ դուք եք արել, չի դրվի շրջանառության մեջ, առավել ևս փորձ չի արվի ընդունել այն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, օրինագիծն առաջ տարվի այդ տեսքով, դա նշանակում է, որ ԶԼՄ-ներն ու հանրային շահը սպասարկող շատ այլ կազմակերպություններ պետք է դադարեն գործել։ Կոռուպցիային մարտահրավեր նետած ՀՀ Կառավարության այս քայլը ուղղակի խթանելու է կոռուպցիայի աճին, քանի որ հասարակությանը հաշվետու լինելու բոլոր պարտավորությունները մեկ նախագծով վերանում են։ Այս օրենքի ընդունումից հետո կոռուպցիան ու գանձագողությունը կարվեն առավել լայն թափով ու «հանգիստ խղճով»։ Մենք ամեն ինչ կանենք, որ լրատվամիջոցների գործունեությունը խաթարող այս նախագիծը կյանքի չկոչվի։ Ձևերն էլ գիտենք, քայլերի հաջորդականությունն էլ, փորձն էլ ունենք։ Համախմբվելու և թիմով աշխատելու մեր փորձը կրկին գործի կդնենք։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան ևս խիստ վատ է վերաբերում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, բայց զբաղվածության պատճառով չկարողացավ ավելին ասել: 

Աղբյուրը՝ tert.am

← Վերադառնալ ցուցակին