Ինֆորմացիայի ազատության կենտրոն

հայերեն | english

Հրապարակումներ

Մամուլը մեր մասին

Որտե՞ղ են մշակվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի վիճահարույց դրույթները

26.10.2017

Արդարադատության նախարարությունը հստակ պատասխաններ չի տալիս հարցին, թե ի վերջո որտե՞ղ են մշակվել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծին առնչվող վիճահարույց դրույթները, որոնք նախարարությունն ուղարկել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանն ավելի վաղ Lragir.am-ին ասել էր, որ Արդարադատության նախարարության էլեկտրոնային փոստից աշխատանքային պաշտոնական նախագիծ էին ստացել, որն իրենք սեպտեմբերի 22-ին դրել էին հանրային քննարկման:

Նշենք, որ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեծ աղմուկ հանած այս նախագիծն անհայտ ծագումնաբանության փաստաթուղթ էր անվանել՝ նշելով, որ նախարարությունը չի հեղինակել այն:

«Անհրաժեշտ է քննարկել այն, ինչ պատրաստ է քննարկման: Իսկ եթե տարբեր անձանց կողմից հնչած տարբեր գաղափարների հավաքածուի վերաբերյալ քննարկում է իրականացվում, հետո դա սկսվում է քննադատվել ու վերագրվել մեզ, ես չգիտեմ, թե ինչ պետք է ես ներկայացնեմ»,- ասել էր նախարարը: Նա հավելել էր, որ ներկայացված նախագծի դրույթներին նաև ինքն է դեմ:

Հիշեցնենք, որ այս նախագիծը սեպտեմբերի 22-ին հանրային քննարկման էր դրել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Նախագծում կան մտահոգիչ դրույթներ, որոնցից է այն, որ մինչև 50 աշխատակից ունեցող հիմնարկները կարող են մերժել ԶԼՄ-ներին տեղեկատվության տրամադրումը: Դրույթներից մեկով էլ տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ տեղեկություն կամ այնպիսի հարցում է, որով պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն ակնհայտորեն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման:

Լիանա Դոյդոյանը մեզ հետ զրույցում պնդել էր. «Մենք Արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեից պաշտոնական նամակ ենք ստացել, որ՝ խնդրում ենք այս տարբերակի վերաբերյալ կարծիք ներկայացրեք: Հանրային միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ փորձագետ Էմին Մարգարյանը, շատ լավ տեղյակ էր այդ նախագծին: Իրեն ասվել էր, թե ինչ պետք է ներկայացնի մեզ: Եկավ ու ասաց՝ այո, այս տարբերակը ես եմ հավաքել, տարբեր առաջարկներ են: Այսինքն՝ այդ փաստաթուղթն անհայտ ծագման չի կարող լինել, ինչպես նախարար Դավիթ Հարությունյանն է ասում»:

Տեղեկատվությունը ճշտելու համար Lragir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարությանը՝ փորձելով պարզել, թե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները ո՞վ է մշակել, նախարարը կամ ոլորտը համակարգող փոխնախարարը տեղյակ եղել են դրանց մասին, թե՞ ոչ:

Արդարադատության նախարարությունից մեր հարցման հետ առնչություն չունեցող պատասխան ենք ստացել:

Նախ տեղեկացնում են, որ մինչև 2017 թվականի մարտի առաջին տասնօրյակը Արդարադատության նախարարության կողմից պետք է մշակվեր և կառավարություն ներկայացվեր «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը: Սակայն, հաշվի առնելով հանրային քննարկումների իրականացման և դրանց հիման վրա նախագծերի փաթեթի լրամշակման անհրաժեշտությունը, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի՝ ՀՀ կառավարություն ներկայացնելու ժամկետը սահմանվել է 2017 թվականի դեկտեմբեր ամիսը:
«Միաժամանակ, հարկ է նշել, որ Արդարադատության նախարարության կողմից «Իրավական ակտերի մասին» օրենքի 27.1-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը հանրային քննարկման է դրվել 2017 թվականի մարտի 31-ին՝ «www.e-draft.am» կայքում: Ներկայումս նախագծերի փաթեթը ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակվում է և լրամշակվելուց հետո «Իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- նշվում է նախարարության պատասխանում: 

Աղբյուրը՝ lragir.am

← Վերադառնալ ցուցակին